Արշավ բանկոմատերի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանում տեղադրված «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատները հայտնվել են հանցագործների ուշադրության կենտրոնում: Սակայն ուշագրավն այն է, որ իրավապահները բանդայի մյուս մասնակիցներին չեն կարողացել պարզել, եւ ներկայումս երկու անձ է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Յարոսլավ Ռոժկովին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ. հունվարի 29-ին Արթուր Խուդինյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ համաձայնության է եկել Շենգավիթ վարչական շրջանի փողոցներում տեղադրված բանկոմատների մեջ գտնվող գումարները հափշտակելու գործ սկսել:

Արդյունքում վերջիններս, վերոնշյալ օրը զոդիչ գործիքի ներգործությամբ ստեղնաշարային համակարգը դիտավորությամբ վնասելով, փորձել են հափշտակել «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատներից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 19.2 մլն ՀՀ դրամ գումար: Սակայն նրանց չի հաջողվել նպատակին հասնել լիովին եւ հափշտակել են ընդամենը 1.44 մլն ՀՀ դրամ գումար, քանի որ գործընթացին ականատես են եղել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, որոնք կանխել են նրանց հանցագործությունը: Նախաքննական մարմինը «բանդա» ստեղծած անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ այդպես էլ հայտնի չէ՝ իրավապահները կարողացել են հայտնաբերել բանկոմատից հափշտակված 1 միլիոն 440 հազար դրամը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեղադրյալ Յ. Ռոժկովի պաշտպան Կարինե Խաչատրյանից պարզել, թե արդյոք գողոնը կա, սակայն վերջինս ասաց, որ իր պաշտպանյալից չունի թույլտվություն, որպեսզի կարողանա գործի էության մասին մանրամասներ հայտնել:

Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ բանկերի վրա հարձակում գործած անձանց հայտնաբերում են, բայց հափշտակված միլիոնները այդպես էլ չեն գտնվում: Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 17-ին Կոնվերս բանկի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլարի հափշտակություն իրականացվեց, հափշտակողները գտնվեցին, բայց գողոնը չկա ու չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս