Կոմկուսը կլիներ ԱԺ-ի համն ու հոտը. Երջանիկ Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Իհարկե, միանգամայն պարզ է, որ այս կուսակցությունը շատ վաղուց է կորցրել իր համակիրների բանակը, եւ մասնակցելու դեպքում հազիվ տոկոսի շեմը հաղթահարեր: Ի վերջո, կոմունիստական գաղափարախոսությունն անկախ Հայաստանում վաղուց պահանջարկ չունի. միայն անկախության առաջին տարիներին հին իներցիայով էին Կոմկուսին ընտրում, այն էլ ՀՀՇ իշխանությանը հակադրվելու համար: Բայց հետո այս առումով իրավիճակ փոխվեց, ու 2003թ. ԱԺ ընտրություններից հետո այլեւս Կոմկուսը չկար խորհրդարանում: Այժմ կոմունիստները չեն մասնակցում՝ պատճառաբանելով, որ ռեյտինգային ընտրակարգը, բարձր ընտրագրավն անհավասար պայմաններ է ստեղծել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար Երջանիկ Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, Ձեր հայտարարության մեջ ասել եք, որ բոյկոտելու եք ԱԺ ընտրությունները: Այսինքն` ի՞նչ եք անելու:

-Մեկնարկային հնարավորությունները բոլորի համար չէ, որ նույնն է: Ուժ կա, որ 3 ամիս քարոզարշավ է վարել, իսկ մյուսներին 12 օր է տրված ընդամենը: Ընտրական օրսենգիրքը նույնն է մնացել: Մենք մեր առաջարկություններն ենք ներկայացրել կառավարությանը կից ընտրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ շատ բաներ կային: Մեր առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Մենք դեռ ապրիլի 23-ին էինք արել հայտարարություն, որ այս վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են, բայց սա շատ հապճեպ է: Պետք է ընտրագրավը լրիվ հանվեր: Հին օրենսգիրքը մնաց, որը շատ խնդիրներ է ստեղծում: Սա սեւերի եւ սպիտակների կռիվն է, իսկ մենք կարմիր ենք եւ այդ պատերազմին մենք չենք մասնակցում:

-Ինչպե՞ս եք բոյկոտելու:

-Մեր կուսակցության անդամներն ու կողմնակիցները չեն գնալու ընտրության:

-Իսկ Ձեր կողմակիցները նեղացած չե՞ն Ձեզնից, որ չեք մասնակցելու:

-Գուցե մի փոքր նեղացած են, բայց ոչինչ: Մյուս անգամ այնպես կանենք, որ կանցնի դա: Մայիսից սկսած` նույնիսկ բոլոր հաղորդումներում առաջ է մղվել արեւմտամետ ուժը, այդ գաղափարները, ինչպես նաեւ չմոռանանք Սորոսի ՀԿ-ները: Մենք մեր կողմնակիցներին կբացատրենք, որ գործ չունենք այդ ամեն ինչի հետ: Նայեք, որ մասնակցող բոլոր ուժերը արեւմտամետ են: Նրանք բոլորը արեւմտամետ են` ե՛ւ «Մենք»-ը, ե՛ւ «Սասնա Ծռեր»-ը, ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ «Իմ քայլը», ե՛ւ ընդհանրապես բոլորը: Չկա մի ուժ, որ պաշտպանի Ռուսաստանի շահերը եւ այդ շահերը պաշտապնելով` պաշտպանի նաեւ Հայաստանի շահերը:

-Իսկ ինչո՞ւ չեք ուզում հակազդել նրանց:

-Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ նոր սկսվում: Ես չեմ ուզում հիշեցնել Բոլտոնի, Միլսի եւ մյուսների հայտարարությունները: Գնալով հակառուսական տրամադրությունները ավելի են մեծանալու: Մենք դաշտում կանք, եւ պարտադիր չէ, որ լինենք ԱԺ-ում: Իհարկե, ցանկալի է, բայց սրանք ողջամիտ ժամկետներ չէին ընտրությունների կազմակերպման համար: Մենք կպայքարենք որպես արտախորհրդարանական ուժ:

-Ինչպե՞ս եք պայքարելու:

-Իրավիճակը կթելադրի:

-Այսինքն` եթե ռեյտինգայինը չլիներ, շանսեր կունենայի՞ք անցնելու խորհրդարան:

-Ռեյտինգայինը թաքնված մեծամասնականն է: Գաղափարական բաները չեն անցնելու, պայքար չի լինելու: Մարդիկ ծանոթով, բարեկամով գալու են, անցնեն: Լինելու է այն, ինչ եղել է նախորդ ընտրություններում: Հեղափոխությունը ոչինչ չի փոխել ընտրությունների անցկացման մեջ: Հեղափոխական առաջնորդները այն ժամանակ ասում էին, որ պետք է լինի նոր ընտրական օրենսգիրք եւ այլն: Ոչինչ էլ չի լինում: Գուցե հենց նոր իշխանությանն էր ձեռք տալիս, որ մնա հինը:

-Ի՞նչ է կորցնում Ազգային ժողովը Ձեր` այնտեղ չլինելու պարագայում:

-Պետք է լիներ իրական ընդդիմություն, ոչ թե գրպանային: Կոմկուսը կլիներ ԱԺ-ի համն ու հոտը: Նախկինում ընտրությունների կեղծ լինելու պպատճառով չենք եղել խորհրդարանում, հիմա էլ անհավասար պայմաններ են ստեղծված, որը մեզ թույլ չէր տալու նորմալ քարոզարշավ իրականացնել: Նրանք, ովքեր ԱԺ-ում ներկայացված են, ամիսներ շարունակ քարոզում են:

-Ասում եք` Կոմկուսը կլիներ Աժ-ի համն ու հոտը: Այսինքն` հիմա ունենալու ենք անհա՞մ ԱԺ:

-Այնտեղ չի լինելու իսկական ընդդիմություն: Չի լինելու այնպիսի ընդդիմություն, ինչպիսին կլիներ Կոմկուսը: Եւ, ընդհանրապես, մինչեւ հիմա միայն օգտագործվել է ժողովրդի անունը, ինչ արվել է, արվել է ժողովրդի անունից, ոչ թե ժողովրդի համար, իսկ մենք ամեն ինչ անում ենք հանուն ժողովրդի. միշտ էլ ցույց ենք տվել, որ ժողովրդի կողքին ենք:

Լուսինե Մինասյան




Լրահոս