Մինչեւ դեկտեմբերի 9-ը քիչ ժամանակ ու շատ հարցեր կան սպասվող քաղաքական իրադարձության, դրա գլխավոր հերոսների ու նրանց քաղաքական իմիջի մասին: Հենց այս թեմաներով էլ մենք զրուցել ենք ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, ՀՌՀ Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի վարիչ Էլինա Ասրիյանի հետ:
-Տիկի՛ն Ասրիյան, ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք թարմ ցուցակներ եւ նոր գործիչներ: Ի՞նչ եք կարծում, սա ընտրողի համար ի՞նչ նշանակություն կունենա: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն են նոր դեմքերի հանդեպ արդեն ձեւավորված տրամադրությունները:
-Քաղաքականության մեջ նոր անձը միշտ ճանաչելի լինելու եւ դառնալու խնդիր ունի, ինչպես նաեւ խնդիր կա ոչ միայն ճանաչելի, այլեւ վստահելի դարձնել նրան: Եվ այս առումով անհրաժեշտ է ստեղծել գոնե ծանոթ լինելու պատրանք, քանի որ վստահելի փոխհարաբերություններ ընտրողների հետ կառուցել քաղաքական ուժերը պարզապես չեն հասցնի:
-Գիտենք, որ կարեւոր են նաեւ քաղաքական կարգախոսները: Դրանցից ամենաքննարկվողը, թերեւս, ֆավորիտի կարգավիճակում գտնվող ՔՊ-ի «Նիկոլ վարչապետ»-ն է: Կարելի՞ է սա դիտարկել որպես հասարակության մեծամասնության համար ընդունելի դեմքի հանդեպ եղած վստահության օգտագործում: Ընդհանրապես, կա՞ բանաձև` ինչպես կարելի է հիշվող ու վստահելի կարգախոս մտածել:
-Ընդհանրապես, կարգախոսը պետք է հիմնվի այն հիմնական մտքի վրա, որը քաղաքական ուժը նպատակ ունի հասցեագրել հասարակությանը: Այն պետք է հանգուցային հաղորդագրություն լինի: Ավելի պարզ, քաղաքական ուժը պիտի մտածի եւ հասկանա, թե ինչ է ուզում, որ մարդիկ իմանան նրանց մասին: Երկրորդը` պետք է հասկանալ, թե որքանով են իրենց պատկերացումները համընկնում մարդկանց սպասումների հետ եւ որքանով են համապատասխանում դրանց: Այսինքն` խնդիր կա հետազոտել մարդկանց սպասումները, վերաբերմունքները, կարիքները եւ փորձել պատասխանել դրանց:
-Գրագետ կառուցված իմիջը կարո՞ղ է քաղաքական հաջողության երաշխավոր դառնալ: Կնշե՞ք մի քանի գործոններ, որոնք կարեւոր են մեր հասարակության վստահությունն ու համակրանքը շահելու համար:
-Արդյունավետ է այն իմիջային ռազմավարությունը, որն իր առջեւ նպատակ է դնում վստահելի եւ ազնիվ փոխհարաբերություններ կառուցել հասարակության որոշակի խմբերի հետ: Սա չի հաջողվի անել այս անգամ, քանի որ վստահությունը մեկ կամ տաս օրում ի հայտ չի գալիս, եւ այս իմաստով փորձ է արվելու համակրանք առաջացնել ավելի շատ, քան վստահություն: Քաղաքական ուժերը կփորձեն զուգորդվել հեղափոխության հետ եւ հայտնվել հեղափոխության բրենդ-հովանոցի ներքո, մյուսները կխոսեն փորձի առկայության մասին, երրորդները միակ իրական ընդդիմություն լինելու հնարավորության մասին:
–Իսկ կա՞ն ընդհանուր սխալներ կամ կարծրացած մոտեցումներ, որոնք վնասում են մեր քաղաքական գործիչների իմիջին: Եվ կա՞ մեկ ընդհանուր խորհուրդ, որ արժե ուղղել բոլորին կամ մեծամասնությանը: Այլ կերպ ասած` ի՞նչ չանել լավ իմիջ ստեղծելու ճանապարհին:
-Արդյունավետ իմիջի ընդհանուր դեղատոմս գոյություն չունի, քանի որ ամեն ինչ որոշվում է կոնկրետ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստում, կոնկրետ հասարակական պահանջմունքների եւ կարիքների ուսումնասիրության եւ ընկալման առանձնահատկությունների հիման վրա: Այն, ինչ ակտուալ է այսօր, կարող է կորցնել ակտուալությունը վաղը: Մյուս կողմից, սակայն, կան մշտապես չլուծվող խնդիրներ եւ դրանց հնարավոր լուծումների խոստումները:
-Ի՞նչ եք կարծում, հեղափոխությունից հետո կուսակցությունների PR մասնագետներն ինչպիսի՞ տեխնոլոգիաներ պետք է օգտագործեն հասարակության վստահությունը շահելու համար:
-Նախքան տեխնոլոգիաների մասին խոսելը շատ կարեւոր է մշտապես հետեւողական լինել հասարակական տրամադրությունների մշտադիտարկմանը, կարեւոր է հաշվի առնել մարդկանցից եկող հետադարձ կապը, կարեւոր է սպասումների արժեզրկում թույլ չտալ եւ բաց լինել քննարկումների համար:
Անահիտ Հակոբյան
Մագիստրատուրա, 2-րդ կուրս