Ինչպե՞ս հեղափոխել իրականությունը և ունենալ 27-ամյա նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են՝ մարտի վերջին ու ապրիլի սկզբին Հայաստանում եղանակը ցրտաշունչ է լինում, հարմար չէ լեռներ գնալու, վրաններում մնալու, երկար թափառելու, անգամ սիրահարվելու համար: Այս գիժ ամիսներին նույնչափ խենթ պետք է լինել 14 օր շարունակ 212 կմ քայլելու ու երազելու համար, թե հեղափոխության գաղափարը վարակելու է մարդկանց մտքերը, ուղիղ նայելու է նրանց աչքերին, ժպտալու, ասելու է՝ իշխանությունը ժողովրդինն է: Գյումրու հրապարակից հայաստանյան թավշյա, սիրո ու համերաշխության հեղափոխությունը քայլերթով մեկնարկելիս աշխարհում մի քանի հոգի, փաստորեն, հավատացել էին այս ռոմանտիկ ու հավակնոտ պատումին: Գյումրիից Երեւան: Հենց այստեղ էլ նրանց ընդունեցին ու նախեւառաջ վստահեցին հեղափոխության ողնաշարը դարձած համարձակ, անվախ, հստակ կողմնորոշված երիտասարդները:

Մեզանից շատերին էլ անհավանական էր թվում, որ մի օր Հայաստանը կունենա 27-ամյա նախարար: 2018-ի մայիսի 10-ին շատերը համացանցում փնտրեցին Մխիթար Հայրապետյան անուն-ազգանունը: Հենց այդ օրը սիրո եւ համերաշխության հեղափոխության քայլարշավի գաղափարի հեղինակը՝ Մխիթարը, նշանակվեց Սփյուռքի նախարար՝ դառնալով Հայաստանի պատմության մեջ եւ Եվրոպայում գործող ամենաերիտասարդ նախարարը: Գանդիի գաղափարներով, սակայն սեփական խարիզմայով ու առաքելությամբ պաշտոնավարման հենց առաջին օրվանից հայտարարեց՝ եկել է` ամենալավ նախարարությունն ունենալու ճանապարհային քարտեզը մտքում:

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից եկավ ու ասաց՝ սփյուռքն այլեւս Հայաստանի համար բանկոմատ չէ, մեր գործակցության առանցքը փոխադարձ աջակցության, պատասխանատվության ու պարտավորության սկզբունքն է: ««Սփյուռքը ի՞նչ կարող է տալ Հայաստանին» հարցին զուգընթաց մենք օրակարգ ենք բերել «ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին» հարցը: ՀՀ կառավարությունը պատրաստ է այս պարտավորությունը վերցնել իր ուսերին»:

Բազմաշերտ սփյուռքի համար տարբեր օրակարգերով, սակայն այս մեկ օրակարգը գերակա դարձրած՝ Մխիթար Հայրապետյանը եղավ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Լիբանանում եւ… Սիրիայում: Հենց այստեղ անցկացրած օրերի, ավերված Հոմսի, ռմբակոծվող Հալեպի, միասնական, բայց նահանջող հայ համայնքի մասին վստահաբար նա երկար կարող է պատմել: Երկար կարող են պատմել նաեւ հալեպահայերը, ովքեր մեկընդմիշտ ապացուցեցին՝ Սփյուռքին նախեւառաջ Հայաստանի ջերմությունն ու հոգատարությունն է պետք: Ահա սա է Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարի հաջողության բանաձեւը:

Կարապետ Լուսին Վանա
Մագիստրատուրա 2-րդ կուրս




Լրահոս