Պետության զավթումն ու ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետության զավթում», «Սահմանադրական կարգի տապալում». եթե կարճ փորձենք բացել այս տերմինը, ապա դասական իմաստով սա մի իրավիճակ է, որում ազդեցիկ դեմքերը, խմբավորումները, այլեւայլ հաստատություններն ու միավորումները կոռուպցիայի, տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ կարողանում են ազդեցություն ունենալ երկրի քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական միջավայրի վրա՝ անշուշտ, հիմքում ունենալով անձնական կամ խմբային շահը: Իրավունքի տեսանկյունից՝ իշխանության յուրացումը, որն էլ ինքնին նույնացվում է պետություն զավթելու հետ, հանցագործություն է: Այն հղի է բռնապետական համակարգերի ձեւավորման վտանգով:

Այս բազմաշերտ չարիքից, ցավոք սրտի, անմասն չի մնացել մեր երկիրը, որի անկախությանն «այո» ասած քաղաքացին քվեաթերթիկը քվեատուփ նետելիս լի էր հավատով, որ ի վերջո կունենա մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող ինքիշխան երկիր եւ ամենամղձավանջային երազում անգամ չէր էլ պատկերացնում, որ շնորհիվ մի խումբ մորթապաշտների կարող է դասվել երրորդ աշխարհի երկրների շարքին: Հիմա եկե՛ք փորձենք հասկանալ, թե ինչու, ինչպես եւ ինչ գործոնների ներազդմամբ տեղի ունեցավ այս պրոցեսը:

Սա, թերեւս, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների եւ առավելապես քաղաքական գործիչների ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Սովորաբար, հարցի վերաբարյալ կա երկու պնդում։ Առաջին՝ կոռուպցիան Հայաստանում արմատավորվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, եւ երկրորդ՝ կոռուպցիան Հայաստանում արմատավորվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, ավելի արմատացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

Առաջին պնդման ջատագովների համար հիմք է ծառայում 1996թ. վիճահարույց նախագահական ընտրությունները, որն էլ, նրանց իսկ պնդմամբ, եղավ առաջին կեղծիքը` հող նախապատրաստելով իշխանության զավթման համար: Մինչդեռ սրան էլ ի հակադրումն կա արդարացի այն պնդումը, թե այդ դեպքում ինչու առաջին նախագահի հրաժարականից հետո չեղավ այն ինչ տեղի է ունենում այսօր, այն է՝ համատարած բացահայտումներ, քրեական գործերի հարուցումներ նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ի վերջո, ինչու՞ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին առաջին նախագահի եւ նրա համակիրների հետ կապված որեւէ նշանակալի բացահայտում չեղավ, այդպես էլ չապացուցվեցին պնդումները, որ մարդիկ զավթել էին պետությունը: Ուրեմն` նման բան չէր եղել:

Երկրորդ պնդման ջատագովների համար հիմք է հանդիսանում 1998թ.-ից ի վեր անընդհատ եւ համատարած կեղծիքներով ուղեկցվող ընտրությունները, երկրորդ եւ երրորդ նախագահների եւ նրանց շրջապատի աննախադեպ տնտեսական բարգավաճումը եւ այլն, եւ այլն:

Ինչեեւէ, այս պնդումներն ու, առհասարակ, գործող անձանց մի կողմ թողնելով` խայտաբղետ կտավն առավել մանրամասն դիտարկելիս կնկատենք, որ ազդեցիկ դեմքերի կամ, ինչպես արդեն նշեցինք, խմբերի, հաստատությունների, այլեւայլ միավորումների համատեղ ջանքերով կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորվեց մի կուռ բրգաձեւ համակարգ, որի հանցավոր գործունեությունը` կլանային, նեղ անձնական շահերի սպասարկման տրամաբանության ուղեկցությամբ, կայուն մեխանիզմ հանդիսացավ հետագա 20 տարիների ընթացքում իրենց արատավոր կենսագործունեությունը ապահովելու համար: Մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը լավ հիմնավորում է սահմանադրական կարգի տապալումը:

Պետությունը զավթած այս մեքենայի անխափան ընթացքն ապահովելու համար առանցքային դեմքերի հետ մեկտեղ Ազգային ժողով ու Կառավարություն էին ուղարկվում, այսպես կոչված, «քաղաքական դեմքեր», որոնք ոչ այլ ինչ էին, քան սովորական մարիոնետկաներ, որոնց առաքելությունը մեկն էր` ստեղծել պատրանք, թե երկրի ղեկը ստանձնել են գաղափարական մարդիկ, որոնք ձեւացնում էին, թե մշակում ու ընդունում են օրենքներ, որոնք պիտի է՛լ ավելի բարելավեին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:

Մինչդեռ, իրականում, ինչպես արդեն նշեցինք, սա շղարշ էր, որի հետեւում գործում էր մի ամբողջ կազմակերպված հանցավոր խումբ: Սրան զուգահեռ վերահսկողության տակ էր ամբողջ դատական համակարգը, ուժային կառույցները, մեդիառեսուրսները եւ անգամ ընդդիմադիր դաշտը:

Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ ամբողջական վերահսկողության համար ռեսուրսներ չէին խնայվում արհեստածին կուսակցություններ, լրատվականներ, այսպես կոչված, քաղաքագետներ ու վերլուծաբաններ գնելու համար: Իսկ իրական ընդդիմադիրները ճնշվում էին ամենադաժան ձեւերով: Տարեցտարի, ընտրությունից ընտրություն նրանց հաջողվում էր է՛լ ավելի կատարելագործել կեղծիքների մեխանիզմները:

2018թ: 27-ամյա Հայաստանի համար քաղաքական առումով թերեւս ամենադրամատիկ տարիներից մեկն է: Ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո՝ ԱԺ արձակումից հետո, կարող ենք ասել, որ պետությունը զավթած մեքենայի ընթացքը կասեցվել է, բրգաձեւ կուռ համակարգը ճաքեր տվել է, բայց ամենեւին էլ չի նշանակում, թե պետք է զգոնությունը թուլացնել, անգամ ԱԺ-ի արձակումից հետո, որովհետեւ գործ ունենք համակագի հետ, որը, անթիվ թելերով կապված լինելով պետական ապարատի հետ, դեռ ռեւանշիստական նկրտումներ ունի: Այնպես որ, այս մեքենայի վերջնական կազմաքանդումը շարունակում է մնալ առանցքային խնդիր:

ՌՈՒԲԵՆ ԲԱՆՈՒՉՅԱՆ
3-րդ կուրս




Լրահոս