Զրպարտություն և վիրավորանք. կարծես «Ճռտոյի դուքանում» լինենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, բայց այն բացարձակ չէ: Խոսքի ազատությունը ենթակա է սահմանափակման այլոց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու նպատակով. այդ փաստն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով:

ՀՀ Սահմանադրությունը եւս երաշխավորում է մարդու ազատ խոսքի իրավունքը՝ չմոռանալով նաեւ մարդու արժանապատվությունը, որը շատ հաճախ խախտվում է հենց ազատ խոսքի իրավունքի չարաշահման հետեւանքով: Զրպարտության եւ վիրավորանքի քրեականացված հոդվածները 2010 թվականի մայիսին ապաքրեականացվեցին, եւ պատասխանատվությունը տեղափոխվեց քաղաքացիաիրավական դաշտ:

Փաստաբանները պնդում են, որ օրենքը ապաքրեականացնելուց հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, եւ ոլորտը լիարժեքորեն կարգավորված է քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնելու նախագծով, որը վիրավորանքի համատեքստում քրեականացում է նախատեսում միայն հայհոյանքի համար: Չնայած օրենքի նախագիծը մշակվել է Փաստաբանների պալատի կողմից, բայց հենց պալատի փաստաբանների մեծ մասն են դեմ այս նախագծին:

«Կան մարդիկ, որ պարապ են մնացել ու նման նախագծեր են մշակում: Ցանկացած արարքի քրեականացում նահանջ է իրավունքի դաշտում: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է վիրավորանքի եւ զրպարտության հայցով մտնել դատարան եւ ստանալ համապատասխան փոխհատուցում: Դաշտը լիովին կարգավորված է քաղաքացիական օրենսդրությամբ: Եվ ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ վիրավորանքից առանձնացվի եւ քրեական պատասխանատվություն սահմանվի հայհոյանքի համար»,-ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Օրենքի նախագծում տրված է հայհոյանքի սահմանումը, որում մասնավորապես ասվում է, որ «հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի եւ հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով»:

Ըստ Երվանդ Վարոսյանի` առաջարկվող օրենքի նախագծում անգամ հստակ չէ, թե ինչ է հայհոյանքը, եւ կոնկրետ որ բառերն ու ժեստերը կարող են հայհոյանք համարվել:

«Օրենքի այս նախագիծը մշակողները պարզապես չեն պատկերացնում, որ եթե այն ընդունվի, մենք կհայտնվենք մի մութ անտառում, որտեղից ելք չկա: Քննիչներն ու փաստաբանները պետք է սկսեն ուսումնասիրել Աճառյանի բառարանը, որ պարզեն՝ տվյալ բառը կամ արտահայտությունը հայհոյանք է, թե ոչ: Իրականում կարծես «Ճռտոյի դուքանում» լինենք: Նախագիծը ուղղված չէ լրատվական դաշտին, մշակողների կարծիքով` այս օրենքով պետք է կարողանան վերահսկել սոցիալական դաշտը: Իրենց պատկերացմամբ` պետությունը պետք է մտնի սոցիալական ցանցերի դաշտ եւ վերահսկի օգտատերերի վարքը»,-նշեց Երվանդ Վարոսյանը:

Եթե նախագիծը ընդունվի, այն կարող է սահմանափակել ոչ միայն մարդու ազատ խոսքի իրավունքը, այլ նաեւ լրագրողների գործունեությունը: Լրագրողը պետք է սկսի մտածել` հրապարակի արդյոք այն նկարը կամ տեսանյութը, որում հնարավոր է որեւէ հայհոյանք հիշեցնող ժեստ կամ արտահայտություն լինի: Մեզ հետ զրույցում փաստաբան, լրագրող Գրիշա Բալասանյանն ասաց, որ օրենքի նախագիծը ոչ մի դրական հետեւանք չի ունենալու:

«Մարդը, եթե չարաշահել է իր խոսքի ազատության իրավունքը, քաղաքացիաիրավական ընթացակարգով ենթարկվում է պատասխանատվության: Անարդյունավետ կլինի իրավունքի պաշտպանությունը տեղափոխել քրեաիրավական դաշտ: Օրինակ, եթե մարդուն վիրավորել կամ զրպարտել են, նրա արժանապատվությունը կվերականգնվի՞, բարոյական վնասի հարցը կլուծվի՞, եթե խախտում թույլ տված անձը դրա համար բանտարկվի: Իհարկե ոչ»,-ասաց նա:

Գրիշա Բալասանյանը եւս կարծում է, որ ոլորտը ամբողջովին կարգավորված է այսօր, եւ հարկ չկա օրենքի ոլորտում մեկ քայլ հետ գնալ.

«Քաղաքացիաիրավական հարթության վրա խնդրի կարգավորման ապացույց է այն, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկությունների պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ: Սա եւս մեկ լրացուցիչ ապացույց է, որ այդ տարբերակով վեճի կարգավորումը արդյունավետ է եւ բավարարում է «տուժողին»»:

Այժմ հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծը ուղարկվել է Ազգային ժողով: Փաստաբանները նշում են, որ եթե ԱԺ-ում նախագիծը ընդունվի, դրանից կարճ ժամանակ անց իրավապահներն են այն ապաքրեականացնող նախագծով դիմելու վերջինիս:

Լիանա Եղիազարյան
4-րդ կուրս




Լրահոս