Արման Ավետիսյանը ծնվել է 1996թ-ի օգոստոսի 10-ին Արարատի մարզի Արարատ գյուղում, սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ կուրսում։ Ասում է՝ սիրած զբաղմունքներ շատ ունի, բայց ամենաշատը սիրում է մեքենա վարել։ Ասում է, որ ծառայության դժվարություններին հեշտությամբ է հարմարվել։ Եվ ամեն ինչ շատ լավ է եղել մինչեւ ապրիլի երկուսը։ «Առավոտյան` ժամը 4:30-ի սահմաններն էր, մեզ հրաման եղավ անցնել շրջանաձեւ պաշտպանության։
Այնուհետեւ կրակոց լսեցինք մեր դիրքերի ուղղությամբ, հրամանատարը փորձեց պարզել՝ ինչն է պատճառը։ Ինքը նկատել էր մեծաքանակ զորքերի հոսքը մեր խրամատների ուղղությամբ։ Քիչ անց հրամանատարս նռնակից վիրավորվեց։ Այդ ժամանակ ես գետնատնակի մոտ էի, որը կապ չուներ առաջնագծի հետ, բայց չէի կարող նրան չօգնել»,-պատմում է Արմանը։
Նա ասում է, որ բացի զինվորական պարտքից շատ դժվար է չօգնել մարտական ընկերոջը, հատկապես երբ մտերմիկ զրույցներ են լինում, երբ տեղյակ ես լինում նրա քաղաքացիական կյանքի ու ընտանեկան հոգսերի մասին, երբ հոգեկան կապն ավելին է, քան պարզապես մարտական ընկերներինը։ Ու Արմանն առանց հրամանի նետվում է առաջնագիծ՝ հասկանալով, թե ուր է գնում։
«Ինձ այդ պահին նկատեցին ու կրակ բացեցին իմ ուղղությամբ։ Կրակելով, շատ մեծ դժվարությամբ հասա հրամանատարիս, դրեցի աջ ուսիս ու մոտավորապես մի տասնհինգ մետր տանելուց հետո պայթյուն լսեցի, բայց չզգացի, որ վիրավորվել եմ։ Փորձեցի վեր կենալ ու քայլել, բայց մի քանի քայլ անելուց հետո հավասարակշռությունս չկարողացա պահել։ Ոտքս էր վնասվել»,- ասում է նա:
Այդ ժամանակ իրեն օգնության է հասել Ապրիլյան պատերազմում զոհված Արման Անդրեասյանը, ով իրեն օգնության հասնելուց եւ ապահով վայր տեղափոխելուց հետո թեժ մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Նա պատմեց, որ Արման Անդրեասյանի հետ ծառայել է մոտ 11 ամիս։ Ծանոթացել են ուսումնական գումարտակում, այնուհետեւ Արման Անդրեասյանը գնացել է սերժանտական դասերի, իսկ ինքն այլ գումարտակ է տեղափոխվել, բայց որոշ ժամանակ անց նորից սկսել են միասին ծառայել, այդ ընթացքում նրանց հարաբերությունները, ինչպես Արմանն է ասում, եղել են «համով-հոտով». «Իր մարդ տեսակը շատ լավն էր։ Միասին մարտական հերթափոխություն էինք կատարում։ Միշտ իրար հետ կատակներով, ուրախ»։
Գետնատնակում Արմանն ինքն իրեն է առաջին բուժօգնություն ցույց տվել, հանել է գոտին ու կապել ոտքին՝ վնասված ոտնաթաթի մոտ արյունը դադարեցնելու նպատակով։ Գնալով մարտը թեժացել է, սակայն Արմանն ի վիճակի չի եղել մարտ վարելու։ Ցավը գնալով ուժեղացել է, արյունը չի կտրվել, բայց ձեռքերը ծալած չի նստել, զենք է լիցքավորել, որպեսզի մյուս տղերքը լիցքավորելու վրա ժամանակ չկորցնեն։ «Մոտավորապես երկու ժամ հետո եկավ օգնական ուժն ու ինձ հանեցին գետնատնակից»։
Սակայն ճանապարհն էլ հեշտ չի եղել, երբ թշնամու երկու տանկն հաղթահարելով՝ փորձել են անցնել թիկունք, Արմանը նորից է վիրավորվել։ Պատմում է, որ երբ բացել է աչքերը, արդեն հոսպիտալում է եղել։ Առաջին հարցը եղել է, թե ո՞նց են զորամասում, ի՞նչ կա տղաներից, պատասխանը եղել է` «Ոչ ոք չկա»։
«Վերջերս շատ եմ սկսել ինքս ինձ հետ խոսել, տղերքի հետ եմ խոսում, ես պահի տակ բաներ եմ հիշում, ժեստեր, որն արել եմ իրենց հետ խոսելիս, ու ինձ թվում է՝ այդ պահին նրանք իմ կողքն են…»,- ասում է Արմանը։ Նրա համար շատ դժվար է վերապրել ընկերների կորուստը, դժվարանում է նրանց մասին անցյալով խոսել։ Երբ հարցրի` ի՞նչ է իր համար ընկերությունը, ասաց, որ շատ ընկերներ ունի և՛ քաղաքացիական կյանքում, և՛ զինակից ընկերներ։ «Բայց ես ունեցա այնպիսի ընկերներ, որոնք ինձ համար իրենց կյանքը տվեցին։ Խրամատն իրոք ընկերացնում է, արիացնում, ստիպում է ճանաչել դիմացինիդ։ Խրամատում դու պատրաստ ես կողքիդ կանգնած ընկերոջ համար կյանքդ տալ։
Բայց քաղաքացիական կանքում դու վստահ չես` կլինի՞ էնպիսի մի ընկեր, որ քեզ համար պատրաստ է իր կյանքը տալ»,- ասում է Արմանը ու հավելում, որ ծառայությունից հետո իրեն ավելի կայացած մարդ է զգում, ով ունի հստակ մտքեր ու գաղափարներ։ «Չորս օրում միանգամից մեծացանք ու հասունացանք։ Փոխվեց ամեն ինչ՝ աշխարհայացքս, սկսեցի գնահատել կյանքը, գնահատել էն, ինչ ունեմ։ Իմ մեջ եղած սերը ծնողի հանդեպ, հայրենիքի, կյանքի հանդեպ եռապատկվեց»։
Հրամանատարին օգնության հասնելիս Արմանը կորցրել է ձախ ոտնաթաթը, բայց բարեբախտաբար պրոթեզավորելուց հետո այժմ նորմալ քայլում է։ Ու հիմա ավելի վստահ է քայլում այն հողի վրա, որն իր այրամբ է պաշտպանել։
Մերի Գեւորգյան
4-րդ կուրս