Որն է ավանդական ընտանիքը. բռնության մասին նոր օրենքը խաթարում է հայկական ընտանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկաբարձ-հոգեբան Լենա Առաքելյանի հետ զրուցել ենք ընտանեկան բռնության oրենսդրության կիրառման մասին:

-Տիկի՛ն Առաքելյան, ինչպե՞ս կարող ենք սահմանել ընտանեկան բռնություն կոչվող երեւույթը:

-Ընտանեկան բռնությունը, եթե փորձենք սահմանել հոգեբանության տեսանկյունից, ապա այն մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կրկնվող բռնությունն է: Անհատի տեսանկյունից այն բավականին այլ է: Բռնության ենթարկված կնոջ համար դա կարող է լինել հարբեցող ամուսնու ճնշումները, երեխայի համար՝ ապտակը կամ համակարգչային խաղերի ագելումը:

Ինչպիսի՞ դրսեւորումներ ունի ընտանեկան բռնությունը:

-Ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձեւերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը, այն է` հարվածել, կծել, ծեծ, հրել, բռնության միջոցով սանձել, սեռական բռնաբարումը, հետապնդումը, հուզային ճնշումը, որը դրսեւորվում է գոռոցով, հայհոյանքներով, սպառնալիքներով, նաեւ պասիվ ճնշումը (անտարբերություն, արհամարհում) եւ տնտեսական զրկումը։

Ինչպե՞ս է իրականացվում դրա կանխարգելումը:

-Որպես այդպիսին, կանխարգելման ձեւերը շատ են, բայց ես կառանձնացնեմ իրավական ուժով՝ օրենքի ուժով կանխարգելումը եւ հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը:

-Ի՞նչ է իրենից ենթադրում վերջինը:

-Հոգեբանական աջակցության միջոցով կանխարգելումը իրենից ենթադրում է հոգեբանի ծառայություններից օգտվելը` հոգեբանի միջոցով ընտանիքի կարեւորության բացահայտումը պայմանական կոչված տույժ տվողի եւ տուժողի մոտ:

-Ինչպե՞ս է այն իրականացվում:

-Որպես կանոն, զրույցներով, հոգեբանական սեանսներով, որոնք անցկացվում են ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի հետ, նաեւ հաջողված ընտանիքների պատմություններով:

-Հասարակությունում ինչպե՞ս է իրականացվում ընտանեկան բռնության մասին իրազեկումը:

-Հասարակությունում ընտանեկան բռնության մասին իրազեկումը հիմնականում իրականացվում է հանրային իրազեկման ակցիաների միջոցով, որոնց շրջանակներում անցորդներին բաժանվում են տեղեկատվական նյութեր՝ ընտանեկան բռնության տեսակների, դրսեւորումների, պատճառների եւ կանխման մեխանիզմների, գործող օրենքների մասին:

-Կարծիք եղավ, որ ընտանեկան բռնության մասին նոր օրենքը խաթարում է հայկական ընտանիքը:

-Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե որն է հայկական ընտանիքը. ավանդական ընտանիքը այն ընտանի՞քն է, որտեղ ծեծվել է կինը կամ հոգեբանական բռնության ենթարկվել գործազուրկ ամուսինը, թե՞ այն ընտանիքը, որտեղ ընտանեկան հարաբերությունները կառուցված են փոխադարձ ըմբնման եւ հարգանքի վրա: Ոչինչ չի կարող ավելի հեշտ խաթարել ընտանիքը, քան հենց բռնությունը: Խորհուրդս կլինի այն, որ «հարսնության» փոխարեն ավելի լավ է խոսել ու բարձրաձայնել:

Մարիամ Ղազարյան
4-րդ կուրս




Լրահոս