Մենք էլ հո 4-րդ կարգի մարդի՞կ չենք. ինչից է բողոքում Երևանի բնակչուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան դիմել ենք, եկել, իրենց «ներկան» ստացել, գնացել են, մենք հո 3-րդ, 4-րդ սորտի մարդի՞կ չենք, մենք էլ ենք Երեւանի բնակիչներ»,- ասում է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում բնակվող տիկին Արմինեն։

Շենքը կառուցվել է՝ 1958թ․-ին, նախկինում այն եղել է գեղարվեստի ուսումնարան, այժմ ծառայում է որպես հանրակացարան։ Բնակիչների գոյության մասին հուշողը պարաններից կախված գունավոր լվացքն ու բակում առեւտուր անել փորձող մի քանի մարդիկ են։

Տիկին Արմինեն մեզ դեպի շենք է ուղեկցում։ Արդեն շքամուտքից տեսարանը տխուր ու անմարդկային է թվում։ 7-8-ամյա մի երեխա պարան է խաղում կիսաքանդ պատի մոտ, որն ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ է։ Երեխաները խաղահրապարակ անգամ չունեն։

«Հիմա մեզնից ամեն մեկը ինչքան էլ մյուսի երեխուն ասի` է՛ս կողմ արի, է՛ն կողմ գնա, մեկ ա, ի՞նչ իմանաս, էս պատը երբ ուզի կարողա փլվի, անպայման պիտի զոհ լինի՞, որ որոշեն լուծում տան էս խնդրին»։
Շենքում բնակվում է 44 ընտանիք։ Բնակիչներն ասում են՝ ստիպված են մնում, 4 պատ է, ուրիշ ոչինչ, ոչ մի պայման չունեն, բնակարան վարձելու գումար եւս։

Տիկին Արմինեն այս շենքում բնակվում է արդեն 16 տարի ամուսնու եւ 3 երեխաների հետ։

« Մենք որ եկանք, էստեղ մի հատ մեծ լսարան էր, ուրիշ բան չկար, մեր ուժերով հոսանք ենք քաշել, մի քիչ էլ սենյակներն ենք կարգի բերել ու ապրում ենք»։

Հետո մի ուրիշ սենյակ է ցույց տալիս ու հավելում, որ այլեւս չեն ուզում գումար վատնել, ուզում են հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի։

Մեզ տեսնելով` կողքի բնակարաններից դուրս են գալիս մյուս հարեւանները, տիկին Ջուլիան ասում է՝ անձրեւային եղանակներին շենքում մնալ չի լինում, վտանգավոր է, քարեր են թափվում, շենքի տանիքն էլ «նստում է»։

Շենքում լուսավորություն անգամ չկար, միջանցքներում քայլելու համար ստիպված էինք մեզ մոտ եղած էլեկտրական լապտերներն օգտագործել։

Շենքի ներսում կողպված դռներ կային։ Բնակիչների խոսքով՝ շատերը պարզապես չեն դիմացել, թողել, գնացել են բարեկամների տները։

Գրեթե բոլոր սենյակներում լինելուց հետո մեզ ցույց են տալիս շենքի հետնամասն ու պատմում. «Ուշ ժամի ձայնից արթնացել ենք, տեսել ենք՝ քարերը թափված են։ Առավոտ շուտ՝ 8-ին, օգնական ուժեր ենք կանչել, եկել, նայել են, մեզ էլ ասել են, որ ձեռք չտանք։ Հասկացանք, որ շենքը 4-րդ կարգի վթարային ա, մենք էլ հո 4-րդ կարգի մարդի՞կ չենք»։

Խնդրի լուծման համար բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան, պատասխանը եղել է հետեւյալը․ «Շենքը ընդգրկված չէ Երեւան քաղաքում առկա քանդման ենթակա վթարային բազմաբնակարան եւ հանրակացարանային շենքերի ցուցակում»։

Արդեն 2018 թ.-ի ապրիլին շենքի տեխնիկական վիճակը «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կետրոն» բաց բաժնետիրական ընկերության կողմից գնահատվել է խիստ անբավարար եւ վթարավտանգ։ Հիմա այն դասված է 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի ցուցակին։

Մեր հարցին, թե ինչ է սպասվում բնակիչներին 2018թ-ի որոշումից հետո, քաղաքապետարանից հայտնեցին, որ Սիսակյան փողոցի հ․3 շենքի տեղի հատվածում նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ վերաբնակեցման հարցը կքննարկվի համապատասխան ֆոնդի առկայության դեպքում։

Սոֆի Թովմասյան
3-րդ կուրս




Լրահոս