Նորացված Կոնդի հինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանդում էին Կոնդը. նպատակ ունեին բարձրահարկ շենքեր կառուցել:

«Քանդում էին Կոնդի մեր հին տունը: Հուզված էի, տխուր: Քանդում էին իմ մանկությունը, սերը պատանեկան, քանդում էին այն ամենը, ինչն իմ մեջ միս ու արյուն էր դարձել»,- պատմում էր Խաչիկ պապը:
Խաչիկ պապը, ինչպես եւ մյուս կոնդեցիները տարիներ առաջ հեռացան իրենց տներից, բայց ոչ իրենց ցանկությամբ:

Կոնդի «ավերումը» սկսեցին 1987 թ-ին: Շատերին գումար տվեցին այլ տներ տեղափոխվելու համար, մյուսներին՝ խոստում բնակարան տալու կառուցվող շենքերում:

Կոնդի վերակառուցումը մեծ ցավ էր Խաչիկ պապի համար: Նա այստեղ էր ծնվել, այստեղ էր անցկացրել իր լավագույն տարիները, վայելել ընկերների հետ անցկացրած ժամանակը եւ պատրաստվում էր այստեղ շարունակել իր կյանքը, բայց…

Մեքենայի ահռելի դղրդոց, խեղճ ու կրակ քարեր, փոշի ու ամայություն:

Բետոնաշեն մի հսկա էր բազմել բակի, տան ու ամբողջ փողոցի տեղը: Պահպանվել էր միայն ճյուղը կտրած հին ծիրանի ծառը: «Այդ ծառի ստվերի տակ է անցել իմ կյանքը: Դա մեր՝ Կոնդի հրապարակն էր՝ միշտ ջերմ ու մարդաշատ»,- այսպիսին էր հիշում Կոնդը Խաչիկ պապը:

Կոնդն այն ժամանակ համարվում էր Երեւանի ամենահամարձակ եւ կազմակերպված թաղամասը: «Մեր Կոնդն «ամենախուլիգան» թաղամասն էր: Ոչ ոք չէր համարձակվում Կոնդ մտնել, նույնիսկ այստեղից հարս տանել,- կատակում էր Խաչիկ պապը եւ շարունակում,- Կոնդեցիներն էլ պարզ ու հասարակ մարդիկ էին՝ իրենց հոգսերով, մեծ ու փոքր ուրախություններով, ներկայով ու իրենց բաժին հասած ճակատագրով»:

Երբ սկսեցին վերակառուցել Կոնդը, քանդեցին ցածրահարկ, հողաշեն ու «իրար գրկած» տները, եւ թաղամասի աշխարհագրական դիրքը սկսեց փոխվել: Կոնդեցիները լքեցին իրենց տները, եւ այդպիսով, կարծես, քանդվեց Կոնդի մեծ ընտանիքը:

Ռուսթավելի կոչվող փողոցում որոշ տներ այսօր դեռ պահպանվում են՝ գտնվելով կիսախարխուլ վիճակում: Մի մեծ, նեղ փողոցով իրար կապվող տներում մարդիկ ապրում են իրենց աշխարհում՝ իրենց փոքրիկ Կոնդում՝ քաղաքից դուրս, քաղաքի սրտում: Այստեղ է գտնվում նաեւ Թափաբաշի պարսկական մզկիթը, որտեղ 1915 թվականի ջարդից փախած 17 ընտանիք է ապաստանել: Նրանց ժառանգները մինչեւ հիմա էլ բնակվում են այստեղ:

Բնիկ կոնդեցիներ այսօր շատ քիչ են մնացել: Մարդիկ այստեղ շարունակում են ապրել կյանքի ամենասովորական ռիթմով, իսկ Խաչիկ պապը շարունակում է կարոտել իրենց հին Կոնդը, կոնդեցիներին՝ փորձելով հոգում ամուր պահել իր հիշողությունները. «Նրանք քանդեցին մեր տունը, մեր հին հողերը փոշի դարձրին, բայց չկարողացան ավերել այն, ինչը ձեռքով չի կառուցված»:

Լիլիթ Հովսեփյան




Լրահոս