Հեռուստատեսությունից իր ձայնով հայտնի Բաբկեն Չոբանյանը շատ ճանապարհներ է անցել: Պատանի հանդիսատեսի թատրոնից մինչեւ Դրամատիկական, ուսանող լինելուց մինչեւ դասախոս: Ծնունդով Գյումրիից է` արհեստների ու արվեստների քաղաքից, սովորել է Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում: Հոգով երիտասարդ ու երիտասարդներից չհեռացող դերասանը հաջողության հիմքը համարում է համարձակությունը:
-Ե՞րբ նշմարվեց դեպի դերասանությունը տանող Ձեր ուղին, պատմեք Աննա Պետրոսյանի դպրաթատրոնում Ձեր սովորելու մասին:
-Այդ դպրաթատրոնում շատ պատահական եմ հայտնվել. դասարանի տղաներով դասից էինք փախել: Ասացին, որ մեր եկեղեցում թատրոն կա: Զարմացել էինք՝ ինչպես կարող է եկեղեցու մեջ թատրոն լինել: Մի քանի հոգով գնացինք, ներս մտանք, Աննա Պետրոսյանը նույնպես այնտեղ էր: Խոսեց մեզ հետ, պատմեց դպրաթատրոնի մասին, ասաց, որ ներկայացումներ են լինելու, եւ ինքը ուրախ կլինի, որ երեխաները նույնպես ընդգրկվեն: Շատ ոգեւորված էր ու մեզ էլ ոգեւորեց: Այդպես մի քանի օր գնացինք ու կամաց-կամաց մաղվեցինք, մնացի միայն ես: Կարող եմ ասել, որ հենց այս դպրաթատրոնում հայտնվելը որոշեց իմ դերասանական ճանապարհը, մինչ այդ հետաքրքրված էի, սակայն ոչինչ չգիտեի այդ աշխարհի մասին:
-Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում դասավանդել եք բեմական խոսք եւ դերասանի վարպետություն: Ի՞նչ նմանություններ կամ տարբերություններ նկատեցիք Ձեր տարիների ուսանողների ու արդեն ներկայիս ուսանողների միջեւ, ի՞նչ է փոխվել:
-Ինչպես նախկինում, այդ ժամանակ էլ կային երիտասարդներ, ովքեր եկել էին այդ բուհ շատ պատահական կամ գործին ոչ այդքան սիրահարված: Բայց բոլորն էլ ուրախ էին, որ հնարավորություն ունեին հենց իրենց քաղաքում առանց դժվարությունների գալ եւ ծանոթանալ թատերական կյանքին, բեմական, դերասանական արվեստին: Շատ լավ երեխաներ էին, խելացի աչքեր շատ կային: Ես էլ իմ կողմից փորձում էի ավելացնել սերն ու հարգանքը մասնագիտությանը: Դե, ժամանակները տարբեր են, հիմա երիտասարդների համար հնարավորություններն ավելի շատ են: Ամեն դեպքում, սովորող ու լավ ջահելներ ունենք: Մեծ մասամբ ես շատ գոհ եմ, ու եթե նույնիսկ նրանք դերասան էլ չդառնան, ապա գոնե արվեստին մոտ մարդ կդառնան կամ էլ տեղյակ հանդիսատես:
-Իսկ ինչպիսի՞ դասախոս եք եղել, խստությունը կարեւորու՞մ եք:
-Շատ խիստ ու պահանջկոտ դասախոս եմ եղել: Բայց դրանից ո՛չ ես էի դժգոհ, ո՛չ ուսանողներս: Ինձնից հետո լսարան մտնել չկար, դասերին անպատրաստ գալ չկար: Խստությունը, այո՛, պետք է: Մեր Զավեն Տիգրանիչի խստությունն էր ինձ վրա ազդել, բացի այդ, իմ էության մեջ է կարգապահությունը:
-Նախորդ տարի հանդիպել եք Երեւանի Պետական Համալսարանի ուսանողության հետ. ինչպիսի՞ն տեսաք նոր սերունդը, տարբերվու՞մ էին Թատերականի ուսանողներից:
-Երեւի թե Թատերականի ուսանողներն ավելի խենթ ու ազատ են. այնտեղ դասը դասաժամով չի ավարտվում, իսկ կրթությունը դասասենյակային չի: Ուրիշ են բարքերը, շփման մթնոլորտը: Իսկ ոչ արվեստիկ բուհերում ամեն ինչ այլ է: Ինչ վերաբերում է նոր սերնդին, կարող եմ ասել, որ շատ ուրախացա այդ հանդիպումից, որովհետեւ շատ խելացի երեխաներ տեսա: Այդքան երիտասարդ, բայց պատրաստված ու խելացի: Հասկացա, որ մեր երիտասարդները շատ կարդում են: Շատ եմ սիրում զրուցել երիտասարդների հետ. դա ինձ ոգեւորում է:
-Դուք Ձեզ ավելի շատ թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան եք համարում, որտե՞ղ եք լիարժեք զգում:
-Շատ դժվար է համեմատելը, նժարի վրա դնելը, բայց ավելի շատ նժարը թեքվում է թատրոնի կողմը: Դերասանության ակունքը համարում եմ թատրոնը. այնտեղ է դերասանը եփվում, հմտանում, եւ եթե հաջողվում է, ապա տեղ է գտնում նաեւ ֆիլմում: Երկուսն իրար հետ փոխկապակցված են: Եթե երկար ժամանակ ֆիլմերով զբաղվեմ, կկարոտեմ թատրոնը, եւ հակառակը: Երկու տեղում էլ ինձ լավ եմ զգում, որովհետեւ երկու տեղում էլ ինձ միշտ հանդուրժում են, իսկ դա արդեն լավ է:Ամեն դեպքում, առանց կինոյի ավելի շատ «յոլա կգնամ», քան առանց թատրոնի:
–Դերասան կարո՞ղ են դառնալ, թե՞ դերասան ծնվում են:
-Տաղանդն է բնատուր ու բնածին: Բայց դա զարգացնելն ու դրա վրա աշխատելը արդեն մեր պարտքն է: Չես կարող ունենալ տաղանդ ու ձեռքերդ ծալած նստել: Տաղանդը մաշվելու հատկություն ունի: Մարդիկ շատ արագ են հասկանում, որ իրենք այս կամ այն ոլորտում անելիք չունեն, պարզապես կան փառքի ձգտողներ, ովքեր հայտնվում են ֆիլմերում ու չեն գնում, իսկ իրենց մասին խոսելիս ասում են «դերասան»: Մասնագիտությունը հարգել է պետք: Ես հարգում եմ բժիշկներին, դրա համար էլ չեմ գնա որեւէ մեկին բուժելու. չեմ կարող: Այս սկզբունքը եթե գործի բոլորի մոտ, շատ ավելի լավ դերասաններ ու այլ մասնագետներ կունենանք: Ինչեւէ, ոչինչ պարզապես չի տրվում, այո՛, որոշ բաներ նաեւ սովորելով է դառնում մերը:
-Հնչյունավորում եք տարբեր ֆիլմեր, այդ թվում նաեւ հնդկական սերիալներ, որոնք այսօր քննադատության մեծ առիթ են դարձել Հայաստանում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Դուք շատ հաճախ ստիպված եք լինում այդ սերիալներին «մոտ գտնվել»:
-Սկզբում ինձ համար դժվար էր, բայց կամաց-կամաց սովորեցի դա ընդունել իբրեւ աշխատանք, որը պարզապես արվում է: Այսինքն՝ ես այդտեղ ինձ հետաքրքրող որեւէ բան չեմ գտել եւ չեմ էլ փնտրում: Չեմ հետաքրքրվում սյուժեով: Չեմ էլ հանդուրժի, եթե հարազատներս կամ ընտանիքիս անդամները դիտեն. դա լավ չէ:
Արփի Բարսեղյան
2-րդ կուրս