Արմանը ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, բռնցքամարտի Եվրոպայի արծաթե եւ բրոնզե մեդալակիր։ 18-ամյա Արմանը 8 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով. «Հայրս բռնցքամարտիկ է եղել, մանկուց սիրել եմ բռնցքամարտը եւ միշտ իմացել եմ, որ հենց այս մարզաձեւով եմ զբաղվելու»։
Սակայն նրա առաջին սպորտաձեւը եղել է լողը։ 2 տարի զբաղվել է լողով. «Լողով կամ ֆուտբոլով զբաղվելը, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է բոլոր բռնցքամարտիկների համար»։
Առաջին անգամ Արմանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, սակայն մինչ այդ նրան ոչ ոք այդ ասպարեզում չի տեսել.«Ես, կարելի է ասել, նորություն էի բոլորի համար, որովհետեւ կողմնակի մրցումներ չեմ ունեցել. առաջինը հանդես եմ եկել Հայաստանի առաջնությունում, իսկ երկրորդը՝ Եվրոպայի»։
Հիշում է՝ 12 տարեկան էր, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչն էր, պետք է մենամարտեր թուրք մարզիկի հետ. «Այդ առաջնությունում մեր մարզիկներից 3-ը թուրքի հետ էին մրցում: Ընկերս պարտվեց՝ զոհ գնալով անարդարությանը. տեսնելով դա եւ զսպելով հուզմունքս` կարողացա սթափվել եւ մտնել ռինգ։ Շատ մեծ դժվարությամբ եւ վնասվածքներով հաղթեցի մրցակցիս։ Դա մեծ ուրախություն էր թե՛ իմ, թե՛ ամբողջ թիմի համար»։
Արմանի կարծիքով` բռնցքամարտում ամենաբարդը հոգեբանորեն տրամադրվելն է, բայց ոչ թե ամեն մենամարտից առաջ, այլ ընդհանրապես. «Ոչ մի սպորտսմեն չի մտնում կռվելու եւ մտածում, որ հիմա քիթս կջարդեն կամ ուղեղի ցնցում կստանամ: Ոչ ոք բռնցքամարտիկի չափ մարտից առաջ անհանգստանալու պատճառ չունի։ Պետք է կարողանաս կտրվել աշխարհից եւ քեզ համար ստեղծես բռնցքամարտիկի հոգեբանություն. դու բռնցքամարտիկ ես ու վերջ»։
Ինչպես գրեթե բոլորի, այնպես էլ մեր հերոսի մոտ առավոտյան, երեկոյան, մարզումներից առաջ եւ հետո լինում է ցանկություն ավարտելու սպորտում սկսածը. «Հիասթափություն բոլորի մոտ է լինում՝ հատկապես հայ բռնցքամարտիկների, որովհետեւ դրսում խտրականությունը շատ մեծ է հայերի նկատմամբ. մենք կա՛մ պետք է առավելագույն միավորներով հաղթենք, կա՛մ մեր ձեռքը ռինգում չեն բարձրացնի. այլ տարբերակ լինել չի կարող, համենայնդեպս, բռնցքամարտում։
Դրա համար մենք հույսներս դնում ենք միայն ու միայն մեր ուժերի վրա»։
Իսկ թե որն է ամենաարժեքավորը, ինչ տվել է իրեն բռնցքամարտը, դժվարանում է ասել, որովհետեւ եւ՛ տվել է, եւ՛ վերցրել. «Կարծում եմ` ավելի շատ տվել է։ Եթե չզբաղվեի սպորտով, պետք է անիմաստ ժամանակ վատնեի, ծխեի, խմեի (ինչպես երիտասարդության մեծամասնությունը), դրա փոխարեն բոլոր ասպարեզներում ձեռք բերեցի պայքարելու ունակություն»։
Մեր հերոսը այլ նախասիրություններ էլ ունի. սիրում է ընթերցել, երաժշտություն, արվեստ, ամեն ինչից էլ գաղափար ունի։ Ապագայի վերաբերյալ աշխատում է պլաններ չկազմել, որովհետեւ հանգամանքները միշտ խանգարում են, սակայն ունի մեկ նպատակ, մի քանի ամիս է, ինչ չի մարզվում ձեռքի կոտրվածքի պատճառով. «Պետք է գնայինք Թուրքիա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, բայց վնասվածք ստացա։ Վիրահատությունից հետո պետք է վերսկսեմ մարզումներս»։
Բռնցքամարտը Արմանի համար չի կարող ապրուստի միջոց լինել, որովհետեւ միայն գումարի համար կռվելը իր համար չէ, միշտ չի ընդունել դա. «Եթե գա մի օր, երբ ես զգամ, որ այլեւս չեմ սիրում իմ աշխատանքը եւ սպորտով զբաղվում եմ միայն գումար վաստակելու համար, առանց վարանելու կթողնեմ այն»։
Հակոբյան Սրբուհի
2-րդ կուրս