ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆԹԱՐԿԵ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Սասնա Ծռեր» կուսակցությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ հայտարարություն տարածեց: Հայտարարությունում մասնավորապես նշված էր, որ չնայած «Սասնա Ծռեր» կուսակցության եւ հասարակության լայն շրջանակների հորդորներին` կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով եւ զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով: «Սասնա Ծռեր»-ը հորդորեց վարչապետ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլեւ արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոններից եւ հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը` ժողովրդի եւ պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում:

«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա Ծռերը» հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց, թե վարչապետ Փաշինյանն առաջին հերթին պետք է աշխատանքից ազատի Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին: Ինչո՞ւ հենց նրանց անունները նշեցիք հայտարարությունում:
-Որովհետեւ նրանք այսօր ամենաօդիոզ կերպարներն են: Կադրային քաղաքականության մեջ ամենասխալ նշանակումները նրանք են, դրա համար էլ հարկ համարեցինք հենց նրանց անունները հատուկ շեշտել:
-Ձեր հայտարարությունում նշել եք, որ վարչապետը պետք է վերանայի ընդհանուր կադրային քաղաքականությունը: Այսինքն` կադրերի մեծ մասը Ձեզ դուր չե՞ն գալիս:
-Այո՛: Մեր խոսքը միայն նշված անձանց չէր վերաբերում: Հայտարարությունում նկատի ենք ունեցել նախկին ռեժիմը ներկայացնող բոլոր կադրերին: Բացի այդ, նախկինում էլ հորդորել ենք պարոն Փաշինյանին հենվել ազգային ռեսուրսի վրա: Այսինքն` չսահմանափակվել միայն իր թիմի շրջանակներում եւ նախկին կառավարության պաշտոնյաներով: Պետք է ավելի լայն սեկտոր վերցնել եւ ամբողջ ազգային ռեսուրսը աչքի տակ առնելով` այլ նշանակումներ կատարել:
-Կարելի է ասել` հիմա նշանակումներում գերակշռում են երիտասարդ կադրերը:
-Շատ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի հստակ մասնագիտական գնահատականներ տալ: Անշուշտ, բոլորն էլ թերություններ ունեն, բայց այսօր կարեւորը մեր խնդիրը լուծելն է, ոչ թե ընթացիկների մասին մտածելը: Նախ պետք է վերանայվի այն մոտեցումը, որ հին ռեժիմի ներկայացուցիչները չլինեն, իսկ մնացածի հետ կապված ամեն բան կլուծվի: Երիտասարդ պաշտոնյաները գուցե անփորձ են, բայց սովորելու մեծ ունակություն ունեն: Եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն նրանց հետ կապված, արագ կլուծվեն: Այս երկու պրոբլեմները համեմատելի չեն: Շատ ավելի ազնիվ ու արդար է, որ լինեն մաքուր երիտասարդներ, քան նախկինները, որոնք կեղեքել են մեր պետականությունը, քայքայել են մեր ժողովրդին:
-Պարոն Փաշինյանը, անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը, ասաց, որ չպետք է բարիկադներ դրվեն մեր միջեւ, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկը չպետք է իր կյանքն ավարտած համարի Հայաստանում: Չե՞ք կարծում, որ կարելի է հնարավորություն տալ նախկին պաշտոնյաներին:
-Ո՛չ: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ մարդիկ հայկական քավարանով անցնելու կարիք ունեն: Թող անցնեն, եթե պարզվի, որ նրանք մեղք չեն գործել, չեն մասնակցել իշխանության յուրացմանը, հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիայի մեջ թրծված չեն եղել, ապա խնդրեմ: Ի՞նչ անենք: Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք: Նրանց պարզապես պետք է շուտ բռնել եւ բանտ տանել:
-Եթե վարչապետը չվերանայի կադրային քաղաքականությունը, որո՞նք կլինեն ձեր հետագա քայլերը:
-Մենք կշարունակենք մատնանշել թերությունները եւ հորդորել, որ վերանայի: Չեմ ուզում ապագայի համար ինչ-որ կանխատեսումներ անել: Մենք պահում եւ պահելու ենք հեղափոխության թիկունքը: Շարունակելու ենք հորդորել վարչապետին զերծ մնալ սխալներից:
-Ներքաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերը» որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմի:
-Հաստատ մասնակցելու ենք: Ձեւաչափի մասին հստակ ոչինչ չենք որոշել: Ոչինչ չենք բացառում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՌԱՋԱՐԿ
Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի համար մարզպետ դառնալու առաջարկ ստանալն անակնկալ է եղել եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նկատեց, թե եկել է արմավիրցիներին ծառայելու, եւ իր ուժերի վրա վստահ լինելն է եղել առաջարկն ընդունելու պատճառը։ Միեւնույն ժամանակ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մինչ այս անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չի ճանաչել։ Նշենք, որ կառավարության նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանին բնորոշեց որպես քաղաքական գործընթացներից զերծ անձնավորություն։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ երբեւէ կուսակցական եղե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է արդյոք անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Ես հիմա անկուսակցական եմ, եւ ներկա պահին որեւէ մտորում կամ խոսակցություն չեմ ունեցել որեւէ կուսակցության անդամակցելու», – նշեց նա։

 

 

ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԿՓՈԽՎԻ
Համայնքների խոշորացումից հետո մարզպետների ինստիտուտում փոփոխություններ են սպասվում։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, թե ներկայումս այդպիսի փոփոխություններ նախատեսված չեն, սակայն հետագայում՝ համայնքների ամբողջական խոշորացումից հետո, մարզպետների դերակատարումը կփոխվի։ Անդրադառնալով վերջիններիս աշխատանքի այսօր առկա գնահատման չափանիշին` Պապիկյանը նշեց. «Դա մարզի բնակիչների կարծիքն է մարզպետի մասին։ Նրա գնահատականը պետք է տա մարզի ժողովուրդը։ Եթե բնակիչները գոհ են, եթե մարզը տնտեսական դրական ցուցանիշներ է թույլ տալիս, դա գոհացուցիչ է։ Նման սանդղակ իրականում գոյություն չունի»։

 

 

ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱՏ Է
Գործարար Սամվել Մայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: Նրա տեղեկացմամբ` Մայրապետյանն իր առողջական վիճակի մասին իրավապահներին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի է: Պաշտպանը կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Նշենք, որ Ս. Մայրապետյանին առաջադրված կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով հարուցված մեղադրանքի քրգործով կալանավորելուց հետո որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Գրել էինք, որ այս քրգործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Ս. Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ա. Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռ. Քոչարյանին:

 

 

ՊԱՏՌԵ՞Լ ԵՆ
Սյունիքի մարզպետի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնի է, մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այնտեղ մի շարք ՔՊ համակիրներ դեռեւս ամիսներ առաջ գրասենյակ էին բացել, եւ գրեթե ամեն օր մի խումբ երիտասարդներ դիմում են գրել ՔՊ անդամագրվելու համար: Երեկվա դրությամբ 105 անձ ՔՊ-ի անդամակցության դիմում է գրած եղել, սակայն մարզպետի նշանակման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով նրանցից շուրջ 50-ը պատռել են իրենց ՔՊ անդամակցության դիմումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության հետ կապված դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, թե արդյոք նրանք տեղյակ են այս ամենից եւ ինչպես կմեկնաբանեն իրավիճակը: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Մեր մարզային շտաբերի պատասխանատուների հետ զրուցեցի, դիմումներ պատռելու փաստ չի արձանագրվել, ավելին ասեմ` կուսակցության դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր այդ ակցիան են իրականացրել, փորձել են հրավիրել մի խումբ դիմում ներկայացրած անձանց, ովքեր մերժել են իրենց առաջարկը: Ամեն դեպքում, մենք գտնում ենք` յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի որեւէ բողոք, ազատ է Հայաստանում իրացնել այդ իրավունքը»:

 

 

ՆԱԽՈՐԴԻ ՇՆՈՐՀԻՎ
Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Բայց ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որեւէ հիշատակում չարվեց:




Լրահոս