ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա լուծման մեխանիզմների շուրջ հայտարարությունները կարծես թե հաճախակի են դառնում եւ հաճախ այնպիսի տեսքով, որոնք ընդունելի չեն լինում հասարակության լայն զանգվածների կողմից:

Ամեն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց, խոսեց Արցախյան հակամարտության շուրջ իր տեսլականի մասին, եւ հիմքում ընկած էր այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ մնացած բոլոր հարցերը պետք է որոշեն հենց արցախցիները: Եվ, իհարկե, այս մոտեցումը եղել է նաեւ հենց արցախցիների սրտով:
Սակայն լինում են նաեւ հայտարարություններ, որոնք ցավոտ են ընդունվում հասարակության կողմից: Այդպիսին էր նաեւ օրեր առաջ Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը` ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Նա մասնավորապես նշել էր, թե հասկանում է, որ այնպիսի իրադարձությունները, ինչպիսին էր 2016թ.-ի ապրիլյան պատերազմը, իրավիճակն ավելի են դժվարացնում հայերի համար, սակայն «դառը իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։
Եվ մինչ փորձագիտական շրջանակները, քաղաքական գործիչները փորձում էին մեկնաբանել նրա խոսքերը, երեկ լրագրողների հետ զրույցում Միլսի հայտարարություններին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում Միլսի խոսքերը որակեց իբրեւ «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»։ «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ հայտարարել ենք, եւ չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինի»,- ասաց Փաշինյանը։
Եվ մինչ վերջին օրերին բոլորը զբաղված են Միլսի խոսքերը մեկնաբանելով, Արցախ են այցելում նաեւ եվրոպացի գործիչներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր շարունակ Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարմիտ Շտետինան, ով հայտնի է իր արցախամետ գործունեությամբ: Մասնավորապես, այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Արցախի մի քանի պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։
Այդ հանդիպումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Եվրախորհրդարանի պատգամավորի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե ի սկզբանե էլ Հայաստան այցելելու նպատակ չի ունեցել, այլ Արցախ մեկնելով` ցանկացել է աջակցել վերջինիս ինքնուրույնության ձգտմանը: Մասնավորապես, նրա խոսքով` ինքն արցախցիներին փոխանցել է, որ առաջին հերթին Արցախը պետք է ճանաչվի անկախ պետություն, սակայն առաջինը ոչ թե Հայաստանի, այլ որեւէ եվրոպական երկրի կողմից: Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ դրական է համարում արցախյան հարցի կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: «Իհարկե, դա ճիշտ է, որ Արցախը պետք է որոշի իր կարգավիճակը: Ես կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի Արցախի ճանաչումը, իսկ հետո հենց արցախցին պետք է որոշի իր ճակատագիրը: Բայց ինձ թվում է, որ հետագայում նրանք կցանկանան լինել Հայաստանի մաս», – նշեց նա:
Սակայն պատգամավորը հակամարտության կարգավորման հարցում համաձայն չէ Ռիչարդ Միլսի մոտեցումների հետ: Նրա խոսքով` այդ տարածքների համար արցախցիները պայքարել են, եւ դրանց վերադարձը կլինի Ստալինի քաղաքականության կրկնությունը: «Ավելի լավ է տարաձայնությունները լուծել երկու երկրների միջեւ: Հնարավոր չէ ժողովրդավար երկիր Արցախը հետ տալ մի երկրի, որը բռնապետ է ղեկավարում, եւ ոչ ժողովրդավար վիճակ է: Ոչ մի դեպքում դա թույլ տալ չի կարելի: Եվ ես կարծում եմ` նրանք դրան չեն գնա», – հավելեց պատգամավորը:
Յարոմիր Շտետինան դեռ վաղ է համարում խոսել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների մասին, քանի որ նրա խոսքով` միայն մի քանի ամիս է անցել հեղափոխությունից հետո, եւ դեռ վաղ է եզրակացություններ անել: «Ես բարձր եմ գնահատում, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ բռնի, անարյուն ճանապարհով. դա ժողովրդավար մոտեցում է: Հայերը ցույց տվեցին, թե ինչպես պետք է հեղափոխություն անել առանց արյան», – հավելեց նա:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով` Եվրոպայում շատ լավ հասկանում են Հայաստանի գեոքաղաքական իրավիճակն ու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները: «Հայաստանը ռազմական հակամարտության մեջ է իր հարեւանի հետ եւ նա հենվում է ՌԴ-ի կողմից տրվող աջակցության վրա: Ես դա հասկանում եմ, հիմա ամեն ինչ կախված է, թե ինչպես է ՌԴ-ն քաղաքականություն վարում եւ ինչպես կարելի է համագործակցել ԵՄ-ի հետ: Ես կարծում եմ, որ պետք է ճանապարհներ գտնել, որպեսզի հետագայում Հայաստանը ընկնի ոչ վիզային ռեժիմի տակ եւ որ համագործակցի ԵՄ-ի հետ», – եզրափակեց պատգամավորը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Ինչպես հայտնի է, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, սակայն շարունակում է կատարել իր պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այս օրերին շատերն են զուգահեռներ տանում ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի հետ, փորձում հասկանալ, թե ինչու այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար դարձավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ այս անգամ` ոչ: Իսկ մյուս հարցն էլ, որ բարձրաձայնվում է, այն է, թե ով է ՀՀ-ի գերագույն գլխավոր հրամանատարը: Նախ նշենք, որ ամիսներ առաջ` ՍերԺ Սարգսյանի հրաժարականից հետո, վերջինս եւս կարող էր շարունակել մնալ պաշտոնակատար, սակայն պարտականությունները դրվեցին Կարեն Կարապետյանի վրա: Իսկ Սահմանադրության 155-րդ հոդվածի չորրորդ կետում ասվում է: «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»: Խաղաղ իրավիճակում գերագույն հրամանատար ամրագրված չէ, իսկ ահա պատերազմի ժամանակ վարչապետն է, թեկուզ եւ պաշտոնակատարի կարգավիճակում:

 

 

ԿՊԵՏԱԿԱՆԱՑՎԻ՞
Արդեն մի քանի օր է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մտմտում է պետականացնել (ինչպես պետականացվեցին կարմիր գծերը) Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հնարավոր է այսօր տեղի ունենա «Վալլեքս» ընկերություն խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռեանից. «Կան որոշ բանակցություններ: Հանդիպումը մեծ հավանականությամբ տեղի է ունենալու վաղը (նկատի ունի այսօր): Բանակցություններ ասելու փոխարեն կասեի խորհրդակցություն. խոսում ենք, մտքեր ենք փոխանակում, որպեսզի լուծում գտնենք կամ լուծումներ ունենանք»: Իսկ գործարանը պետականացնելու մասին խոսակցությունները անհիմն համարեց` հայտարարելով, որ չեն համապատասխանում իրականությանը: «Այդ ուղղությամբ քննարկում տեղի չի ունեցել»,- հավելեց Ավինյանի գրասենյակի ղեկավարը: Հիշեցնենք, որ Մեջլումյան-Ավինյան այս հանդիպումը կլինի երկրորդը: Առաջին հանդիպմանը Մեջլումյանը իր տեսակետներն է առաջ քաշել, իսկ կառավարությունը խոստացել է փորձել ամեն կերպ նպաստել գործարանի աշխատանքի շարունակականության ապահովմանը: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա երկրորդ հանդիպումը: Հակառակ դեպքում գործարանի 650 աշխատող գործազուրկ կդառնա: Ի դեպ, ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը` գործազուրկ դարձնելով 1200 աշխատողի: Մյուս կողմից` այս ընկերությունների գործունեության դադարեցումը ծանր կնստի ՀՀ տնտեսության վրա: Չէ՞ որ երկրի տնտեսությունը հիմնված է հենց հանքարդյունաբերության վրա:

 

 

ՀՍՏԱԿ Է
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի` ԼՂ հիմնախնդրի մասին վերջին հայտարարություններին, նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները բազմիցս ընդգծվել են, ինչը նաեւ հստակորեն ամրագրված է կառավարության ծրագրում: Հիշեցնենք, որ Ռիչարդ Միլսը նկատել է, որ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած առանցքային գաղափարներից է: Նրա բնորոշմամբ` ԱՄՆ կառավարությունը խնդրի նման լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» համատեքստում: Նշենք, որ ԱԳ նախարարն այդ հարցի առնչությամբ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են:

 

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է այն խոսակցությունները, թե ԵԽԽՎ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանի ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վարչապետը չի վստահում իրեն: Է. Մարուքյանը նշել է. «Ես ԵԽԽՎ մեկնելուց առաջ հանդիպել եմ վարչապետի հետ, զրուցել ենք, ճշտել ենք մեր անելիքները: ԵԽԽՎ-ում ես իմ գործն եմ արել, Լենա Նազարյանը հետո այլ գործով է եկել, որը կապ չունի իմ գործի հետ: Ես ներկայացնում եմ «Ելք» խմբակցությունը, տարբեր այլ տեղերում ներկայացրել եմ այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում: Տիկին Նազարյանի այցը այլ ձեւաչափ է իրենից ենթադրել` կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները ներկայացնելու, եւ նա իր գործն է արել: Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա»,-պարզաբանել է պատգամավորը:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հիշում որեւէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա: Դիտարկմանը, թե Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը միանշանակ չի ընդունվել, պատասխանել է. «Ասում են` մեկը երիտասարդ է, մեկը` շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսն այդքան էլ բոյով չէ»: Վարչապետը հայտնել է, որ տեսականորեն հնարավոր է նաեւ` ՀՀԿ անդամները մաս կազմեն նոր կառավարության: Հարցին` արդյոք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարո՞ղ է նորից պաշտոնի նշանակվել, Փաշինյանն ասել է. «Ո՛չ, հնարավոր չէ, իսկ այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն վարչապետի հայեցողությունն է, եւ վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն»:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով էլ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:




Լրահոս