«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում.«Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը»:
Գրել էինք, որ ՀՔԾ-ն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարցաքննության է հրավիրում Ներքին զորքերի նախկին պաշտոնատար անձանց: Մասնավորապես, հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին հրավիրել էին հարցաքննության եւ հետաքրքրվել բանակի ներգրավածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին: ՀՔԾ քննիչները հետաքրքրվել էին, թե արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել, եւ այլ հարցեր:
«Ժողովուրդ օրաթերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՀՔԾ քննիչները, հարցաքննության հրավիրելով Ներքին զորքերի սպաներին, նրանց նախ հայտնում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա պետք է պատմեն այն, ինչ իրականում եղել է: Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել` նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում: Ըստ էության, այս հանգամանքը այդքան էլ դուր չի եկել ՀՔԾ քննիչներին, եւ վերջիններս իրենց հարցադրումները պնդել են մի քանի անգամ, ինչը սպաների մոտ անհանգստություն է առաջացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ներքին զորքերի նախկին աշխատակիցները իրենց մտերիմ շրջապատում հայտնել են, որ մտահոգված են իրենց ուղարկված ծանուցումներից եւ քննիչների հարցադրումներից, քանի որ անցել է 10 տարի, եւ կան բաներ, որոնք այդքան էլ լավ չեն հիշում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ն այս օրերին հարցաքննության է հրավիրում Ներքին զորքերի նախկին տեղակալներին, սպաներին, որոնք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատվել են աշխատանքից` կա՛մ սեփական դիմումի համաձայն, կա՛մ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Սակայն նկատենք` մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի կազմում են եղել այնպիսի անձինք, որոնք այս օրերին բավականին բարձր պաշտոն են զբաղեցնում: Օրինակ` տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը մարտի 1-ին եղել է իրադարձությունների կիզակետում. նա 2008 թվականին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի ավագ սպայի պաշտոնը եւ, ըստ էության, նա եւս կարող էր ականատես լինել, թե բանակը որտեղ է տեղակայված եղել, իրենք ինչ գործողություններ են իրականացրել եւ այսպես շարունակ: Ավելին, բացի Եգոր Կարապետյանից, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ներքին զորքերի աշխատակիցներից շատերը այս օրերին ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ Ազգային անվտանգության ծառայությունում բարձր պաշտոն են զբաղեցնում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործող պաշտոնատար անձանց դեռեւս հարցաքննության չեն հրավիրել, ինչը տարբեր հարցեր է առաջ քաշում, որոնք առայժմ պատասխան չունեն:
Օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այս որոշումից հետո Ներքին զորքերի մի շարք աշխատակիցներ եւս սպասում են այն հանգամանքին, որ իրենց եւս փոխհատուցում տրվի, քանի որ վերջիններս այդ իրադարձությունների ժամանակ վնասվածքներ են ստացել եւ ամիսներ շարունակ հիվանդանոցներում բուժվել են եւ դեռ ավելին` պատրաստ են ներկայացնել իրենց բժշկական փաստաթղթերը, որ իրենք եւս տուժող են եղել կատարված դեպքերի ժամանակ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արա Բանդուրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ նրա եղբայրը` քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը եւս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սպանության դրդելու մեղադրանքով: Ասել է թե` երկու եղբայրներ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն բանտում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում Արա Բանդուրյանը նախ պարել է երաժշտության տակ, ապա հանկարծակի վերցրել ատրճանակը ու 3 անգամ կրակել պատի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ կրակոցների պատճառով իրավապահները քանդել են ակումբի պատերը, որպեսզի միջից հանեն կրակված պարկուճները: Սակայն դեռ չեն կարողանում գտնել այն զենքը, որով ակումբում կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը: Թեեւ որեւէ մեկը չի տուժել այդ կրակոցներից, այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ օրը ակումբում Ալիկ Բանդուրյանի հետ եղած մոտ 10 այլ երիտասարդներ «փախած են»:
Իսկ ինչո՞ւ հանկարծ նա որոշեց կրակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արա Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանի հետ: Նա նախ ասաց, որ խափանման միջոց կալանքի հարցով ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու: Նրա խոսքերով` Բանդուրյանը մտահոգված է այն ամենով, ինչ կատարվել է, եւ իրավապահներին է ներկայացրել իր առողջական մասով փաստաթղթեր, ինչպես նաեւ այն, որ իր խնամքին կա երեք անչափահաս երեխա: Մեր այն հարցին` ինչից է նա մտահոգված, որ հասարակական կարգ է խախտե՞լ, խուլիգանություն է արե՞լ, պաշտպանը պատասխանեց. «Մտահոգված էր, որ կալանքի տակ է մնալու, տեղեկություններ չունեմ` կրակել է, թե չի կրակել, եթե ունենամ էլ, չէի կարող ասել, քանի որ դա փաստաբանական գաղտնիք է, եւ, ի վերջո, ես չեմ էլ հասցրել դեռ իր հետ շփվել»:
Իսկ հնարավո՞ր է՝ նա կրակոցներ է արձակել, որպեսզի ստեղծի մի իրավիճակ, գնա, հասնի կալանավայրում գտնվող եղբորը: Պաշտպանը, անդրադառնալով այս վարկածին, ի պատասխան ասաց, որ նման բան չկա. ինչպե՞ս կարող է մարդն իր ազատությունից զրկվել նման բանի համար:
Նկատենք, որ այդպես էլ անհայտ է, թե ում կամ ինչի ազդեցության տակ է Բանդուրյանը պարային շարժումներով հանկարծակի վերցնում զենքն ու կրակում պատի մեջ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿՀԱՅՏՆԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը միջազգային տարբեր կառույցներում տարբեր երկրների կողմից աշխատանքի անցնելու առաջարկ բազմիցս է ստացել: Առաջարկ ստացել է նաեւ ԵՄ դատախազությունից, որ այս փուլում ուժի մեջ է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտերկրից աշխատանքի առաջարկ ստացե՞լ է, եւ այն կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր դիրքորոշման փոփոխության հետ` ասել է. «Մի քանի անգամ տարբեր տարիների ընթացքում առաջարկություն եմ ստացել տարբեր երկրներում, տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու: Հիմա այս փուլում եւս այդ առաջարկությունն ուժի մեջ է: Եվ ես մինչեւ դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ»: Նրա խոսքով` ԵՄ դատախազությունը սկսելու է գործել 2020թ., բայց 2019թ. սկզբներից սկսվում է դրա կազմավորումը: Վերջինս շեշտել է, որ ներքաղաքական դաշտում իր նախկին դիրքորոշումը չէր կարող խոչընդոտել այդ աշխատանքին անցնելուն:
ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի փաստաբանի միջնորդությունը եւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել: Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին, ապա երեք օր անց` կալանավորվել:
ԿԱՆԵՎՍԿՈՅՆ ԱԶԱՏ Է
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն (Հարությունյան) օրերս 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. փոխանցել է նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Ա. Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ` ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի իրեն կեղծ անձնագիր տրամադրել: Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:
ԴԻ` ՍՊԻՏԱԿՈՒՄ
Լոռու մարզում նախօրեին սպանություն է տեղի ունեցել. Սպիտակ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ: Սպանվածին հայտնաբերել է որդին` 26-ամյա Տիգրան Պ.-ն: