ՕՍԻՊՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Գելլափ» վերլուծական ընկերությունը հարցումներ էր իրականացրել՝ համաձայն որի` ՀՀ-ում ամենաբարձր հեղինակություն ունեցող չինովնիկը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Բարձր էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հեղինակությունը: Ու այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչ հիմքով է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում, թե Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը պետք է անցնեն քավարանով, քանի որ հասարակությունը իրենց չի ընդունում:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյանի հետ:
-Պարո՛ն Չուքասզյան, «Սասնա ծռեր»-ն իր հայտարարության մեջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալ կադրային քաղաքականության մասին եւ նշել երկու անուններ` Վալերիյ Օսիպյան եւ Հունան Պողոսյան: Ինչո՞ւ հենց նրանք:
-Խոսքը ոչ միայն անունների մասին է, այլ նաեւ կադրային քաղաքականության սկզբունքները ճշտելու մասին է: Այսինքն` եթե մենք ճշտում ենք` «Նոր Հայաստան» ասելով ինչ ենք հասկանում, դրանից պետք է բխի նաեւ նոր կադրային քաղաքականությունը, որը պետք է ծառայի «Նոր Հայաստանի» ստեղծմանը: Էստեղ չափանիշների մասին է քննարկումը, քան անձերի: Իհարկե անձերն էլ են կարեւոր, բայց անձերը որոշվում են ըստ որոշակի չափանիշների: Ըստ մեզ` որոշիչ հանգամանք պետք է լինի նախ եւ առաջ հստակեցումը, թե այս կամ այն անձը հին ռեժիմում ինչ դեր է կատարել, ինչպես է ծառայել հին ռեժիմին, եւ ըստ դրա` արդեն այդ իրավաքաղաքական գնահատականից հետո կարելի է որոշել` այս կամ այն անձը կարող է զբաղեցնել բարձր պաշտոն նոր համակարգում, թե ոչ: Իսկ ինչ վերաբերում է ուժային կառույցներին, հատկապես ոստիկանությանը, բնականաբար դա այն հաստատությունն էր ռեժիմի օրոք, որը հլու կամակատարն էր հանցավոր գործողությունների կատարման: Դրա համար էստեղ էլ ավելի հստակ պետք է լինի ընտրված մարդկանց նշանակումը: Բոլորս էլ գիտենք` երկու անձերը, որոնք նշանակվել են բարձր պաշտոններում, ես նկատի ունեմ թե՛ Օսիպյանը, թե՛ Պողոսյանը, իրենց անցյալն այնքան ակնհայտ է եղել, հանցագործ համակարգին իրենց ծառայելն այնքան ակնհայտ է եղել, որ այստեղ նոր բան ասելու կարիք չկա:
-Բայց ոստիկանապետ ընտրվելու համար ինչ-որ չափանիշնե՞ր են պահանջվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ամենամաքուր, այսինքն` կլանից հեռու մարդը հենց Վալերիյ Օսիպյանն է: Դուք հիմա ոստիկանությունում տեսնո՞ւմ եք այդպիսի կադր, որը կարող է զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը:
-Հայաստանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին երկիրն է, որը հեղափոխական ճանապարհով է գնացել: Մենք տեսել ենք, թե մոտակա երկրներում ինչպես է դա արվում: Թեկուզ նույն Վրաստանում առաջին մաքրման ենթակա համակարգը դա ոստիկանությունն էր, եւ մարդիկ հասկանում էին, որ ամենակոռումպացված համակարգերից մեկն էր: Էնպես որ, էստեղ նույնպես պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի արգանդը չի չորացել, եւ շատ ուրիշ մարդիկ կան, որոնք կարող են այդ դերը կատարել: Էնպես որ, ես այստեղ անուններ չեմ ուզում տալ: Մենք խոսում ենք երեւույթի մասին, այլ ոչ թե անունների:
-Բայց եթե այդպիսի առաջարկ եք անում, ապա նաեւ պետք է կադրերի առաջարկ ներկայացնեք, թե որ կադրին ներկայացնի վարչապետը:
-Մենք առայժմ կառավարությունում կամ խորհրդարանում չենք: Մենք վստահում ենք վարչապետին, որ ինքը կկարողանա էդ նշանակումները ճշտել ու կատարել: Այդպիսի անուններ մենք իրեն չենք առաջարկում:
-Իսկ եթե հայտնվեք խորհրդարանում, ապա…:
-Խորհրդարանում հայտնվելուց հետո մենք պետք է շատ ավելի ուշադիր լինենք, որովհետեւ բոլոր էն թեկնածությունները, որոնք քննարկվելու են, հատկապես կառավարության կազմը, բնականաբար, խորհրդարանում անցնելուց մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք եւ մեր խոսքը ասենք:
-«Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը եւ շատ այլ կադրեր պետք է անցնեն ժողովրդի քավարանով: Ի՞նչ պետք է անեն, ներողություն խնդրե՞ն: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում քավարան ասվածը:
-Առհասարակ ներողամտությունը քրիստոնեական երեւույթ է, բայց որպեսզի ինչ-որ մեկին ներես, նախ եւ առաջ ինքը պետք է մեղա գա իր մեղքերի մեջ, որպեսզի դու իրեն ներես: Եթե մարդիկ չեն էլ զգում, որ իրենք մեղավոր են եղել նախորդ համակարգում եւ ավելին` շարունակում են իրենց նոր ելույթներում խոսել այն մասին, որ իրենք չէին ուզենա, որ իրենց հին մասնագիտությունը ստիպված լինեն օգտագործել կամ հիշել, դա նշանակում է, որ մարդիկ այդ մասնագիտությունը չէին դիտում որպես ժողովրդին ծառայող մասնագիտություն, այլ որպես ճնշող մասնագիտություն: Եթե մարդն անգամ այդ տարրական գիտակցությունը չունի, ինչպես նա կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նոր Հայասանում:
-Այսինքն` պետք է նրանք ներողություն խնդրե՞ն. դա՞ է քավարանը:
-Հարցը ներողությունը չէ, հարցն ուղղակի ֆորմալ ներողության մասին չէ: Նախ պետք է հին ռեժիմը ստանա իր իրավաքաղաքական գնահատականը, եւ նոր կադրերը, որոնք լյուստրացիա պետք է անցնեն նոր համակարգում աշխատելու համար, պետք է բացահայտեն այն սխալները (եթե կա հանցագործություն), ապա դրանք նույնպես պետք է գնահատական ստանան, եւ ըստ դրա` անցումային արդարադատության ատյանով անցնելուց հետո հատկապես բարձր էշելոնի մարդիկ, եթե էդպիսի խնդիր լինի իրենց նոր նշանակում անելու, պետք է անպարտությունն ապացուցվի: Կանխավարկած, որ էս մարդիկ` բոլոր բարձր էշելոնի ներկայացուցիչները, իսկապես ծառայել են էդ հանցագործ համակարգին, պետք է մենք կարողանանք վստահ լինենք, որ իրենց վրա էնպիսի մեղք չկա, որը հետագայում կարող է խանգարել Նոր Հայաստանի կայացմանը: Սա այն կանխավարկածն է, որը պետք է նախապես ունենալ:
-Նույն ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայութան տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես եղել են հին կադրեր, Վ. Օսիպյանը եւս: Եվ, կարծես թե, ժողովուրդը շատ լավ է ընդունում նրանց. հատկապես հեղափոխությունից հետո Վ. Օսիպյանի նշանակումը դրական ընդունվեց ժողովրդի կողմից:
-Քանի որ չկա էդպիսի սոցիոլոգիա, այդպիսի պնդում անել չեք կարող. կա հակառակ սոցիոլոգիան, որ ժողովուրդը տարիներ շարունակ տեսել է, թե էս մարդիկ` ոստիկանության ղեկավարները, ինչ ճնշումների են ենթարկել ժողովրդին: Ինչ վերաբերում է ռազմական կադրերին, բնականաբար, ռազմական կադրերի վրա նման ստվեր չկա: Եթե կան հատուկ դեպքեր, որոնք, այսպես ասած, վարկաբեկված անուններ են, մենք այդ անունների մասին գիտենք. Դավիթ Տոնոյանը, համենայնս դեպս, այդ ցուցակում չի եղել:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ Ձեր նշած անունները, օրինակ` Վալերիյ Օսիպյանն ու Հունան Պողոսյանը, ժողովրդի կողմից ընդունված չե՞ն:
-Ես չեմ կարծում, դա գրանցված է էն ելույթներում տարիներ շարունակ, որը եղել է ճնշումների ժամանակ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի` Շանթ Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո իր հայտնի ելույթը, որ վերջերս ցանցերով նորից պտտվեց, որ Պողոսյանը ինքը մասնակից է եղել այդ խոշտանգմանը:
-«Սասնա ծռերը»` որպես քաղաքական ուժ, չի՞ պատրաստվում ներողություն խնդրել պարոն Օսիպյանից վերջինիս գերի վերցնելու համար:
-Օսիպյանը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ ինքը ծառայել է Սերժ Սարգսյանի ռեժիմին եւ ճնշել է ժողովրդին: Ինչ վերաբերում է մեղավորությանը, էստեղ պետք է գլխավոր մեղավորներին տեսնել ռեժիմի կազմում: Մարդիկ, ովքեր ապստամբ են եղել, ներողություն խնդրելու կարիք չունեն:
-Երկրի ներքաղաքական իրավիճակը տանում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել: Ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
-Դաշինք կազմելու հետ կապված դեռ ոչինչ հստակ չէ: Չենք բացառում: Մեր ժողովուրդը մի քանի տարիների ընթացքում արտահայտեց իր կամքը, ցույց տվեց, որ ուզում է ազատվել քրեական օլիգարխիայից: Էդ օլիգարխիայի կուսակցությունները խորհրդարանում տարիներ շարունակ գրպանային կուսակցություններ են եղել: Նոր-նոր պետք է ստեղծվի քաղաքական դաշտ, եւ հանրային քաղքականության ընդունակ նոր ուժեր պետք է լինեն խորհրդարանում: Մենք տարիներ շարունակ եղել ենք դիմադրության շարժման ակտիվ մասնակից: Ակնկալում ենք, որ ժողովուրդը դա նկատի կունենա եւ իր ձայնը կտա մեզ: Խորհրդարանում երկրորդ բեւեռի հիմնական թեկնածուն պետք է որ լինի «Սասնա ծռեր»-ը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ` ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Բարեկամավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղն է: Այն մարզկենտրոն Իջեւանից հեռու է 58, Նոյեմբերյան քաղաքից` 33 կմ: Բարեկամավանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում դժգոհեցին, որ գյուղի հիմնական աղբյուրը գրեթե ցամաքել է: Դա հետեւանք է այն բանի, որ գյուղի խորքային հորից պոմպի միջոցով ամեն օր ջուր է մղվել դեպի թաղամասեր, եւ նույն ակունքից սնվող աղբյուրի ջուրը խիստ նվազել է: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ խորքային հորից սնվող ջրամղիչ պոմպի ամենօրյա աշխատանքը դադարեցված է, այն գործարկվում է մեկ շաբաթ ընդմիջումով, սակայն եթե որեւէ թաղամասին հարկ է հրատապ ջուր մատակարարել, ջրամղիչ պոմպը գործի է դրվում: Նրա խոսքով` գյուղի հիմնական, բարակած աղբյուրից զատ սահմանամերձ գյուղի ներքեւում մի աղբյուր կա: Նրա խոսքերով` այս տարի սակավաձյուն էր, ամռանն էլ երաշտ էր, այդ պատճառով գյուղի բոլոր աղբյուրները ցամաքել են: Բարեկամավանի վարչական ղեկավարը հայտնեց, որ երբ բարեկամավանցիները ավտոմեքենայով գյուղից դուրս են գալիս, իրենց հետ ջրամաններ են վերցնում, վերադարձին հարեւան Կոթի գյուղում կամ մեկ այլ տեղ դրանք ջրով են լցնում ու գյուղ տեղափոխում: Սպասվում է, որ աշնանային անձրեւներից հետո գետնում խոնավության աճի, արդյունքում Բարեկամավանի աղբյուրների ջուրը կավելանա:

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Իջեւան քաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող, 177 բնակիչ ունեցող Աճարկուտ գյուղի Հրայր Ավալյանի անվան հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 9 աշակերտ: Դպրոցի առաջին դասարանն ունի մեկ աշակերտ` տղա, որի մայրը Աճարկուտի դպրոցի ուսուցչուհի է, հարեւան Կիրանց գյուղի բնակչուհի: Վերջինս ամեն առավոտ տղային իր հետ Կիրանցից Աճարկուտի դպրոց է տանում: Գյուղի 9-ամյա դպրոցի 9 աշակերտներից 2-ը Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Աճարկուտի դպրոցում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանները միավորված են եռակոմպլեկտ մի դասարանում, 8-րդ եւ 9-րդ դասարանները` երկկոմպլեկտ դասարանում: Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը դիմել է Տավուշի մարզպետարան, որպեսզի եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ դասարանները տարանջատվեն, քանզի միավորված դասարաններում ուսուցումը արդյունավետ չէ: Մարզպետարանից դեռ չեն պատասխանել այդ խնդրանքին:
Իսկ երկրում քաղաքական ղեկավարությունը կենտրոնացած է արտահերթ ընտրությունների վրա: Ու մինչ դրանք կկայանան, շարքային գյուղացին իր մաշկի վրա շարունակում է չզգալ հեղափոխության դրական արդյունքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս