Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար հօգուտ հարեւան պետությունների: Իսկ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետեւում են:
Ըստ մասնագետների` տարիներ շարունակ ՀՀ-ի հաշվին սեղմվել է հայ-վրացական սահմանը: Որոշ տեղեկությունների համաձայն` սա տեղի է ունեցել Լոռու մարզում անտառների հատման հետեւանքով, ինչի արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվել: Ի դեպ, ժամանակին այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել: Պարզվում է, որ այսօր այդ քննարկումները իրենց արդյունքը չեն տվել, քանի որ խնդիրը շարունակում է արդիական մնալ: Օրինակ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի անտառտնտեսության տնօրինության հսկողության տակ գտնվող հայ-վրացական հյուսիսային սահմանի երկայնքով սփռված 15 հազար հեկտար հատուկ` սահմանային եւ ռազմական նշանակության անտառները, ՀՀ անտառային օրենսգրքի համաձայն, պետք է ենթարկվեն սահմանափակ հատումների: Բայց Ջիլիզայի անտառները համատարած հատվում են, ավելին` դարձել են բնափայտի արտադրության աղբյուրներ: Դրա արդյունքում սահմանային պաշտպանական նշանակություն ունեցող անտառները նոսրանում են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս խնդրի շուրջ Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն «Ժողովուրդ» օրաթերթին խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա:
Պարզվում է` այս խնդիրը լուրջ է սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում գրել էինք, որ Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանը մեր թղթակցին ներկայացրել էր, որ մի քանի տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 60 մետր խորացել է հայկական տարածքում: Այսինքն` Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ` հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիներն իրենց ափը ամրացնում են: Գարնանային եւ աշնանային հորդ աձրեւներից գոյացած սելավներից գետը վարարում է, ափն ավերելով` քշում-տանում է հողի մեծ զանգված:
Բացի այս, Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղում: Դեղձավանցիների խոսքերով` 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Բայց դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Այս պատկերն է 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են: Դեղձավանի վարչական ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Ազգային անվտանգության ծառայությունն է փշալարեր տեղադրել, ինչի մասին մենք նախապես տեղյակ չենք եղել: Այդպես են նպատակահարմար գտել, այդպես էլ գծել են: Փշալարերից այն կողմ մեր հողատարածքն է եղել, բայց հիմա այն վերածվել է չեզոք գոտու: Մեր հողերն են, բայց չենք կարողանում մշակել: Իսկ երբ անասուններին տանում արածեցնում են փշալարերի տակ, սահմանապահը մեզ անմիջապես տեղեկացնում է, որ 300 մետր ուղիղ գծով փշալարին անասունին չմոտեցնենք: Բայց որ հաշվում ենք, գյուղի տներն էլ են այդ 300 մետրի մեջ մտնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդիրների շուրջ եւս դիմեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին: Պարզվեց, որ վերջինս անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է դեռեւս այս տարվա հունիսի 1-ից: Շուտով կլրանա հինգ ամիսը, ինչ նա մարզպետ է, բայց այս կարեւորագույն խնդրին տեղյակ չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա խոստացավ ուսումնասիրել խնդիրը: Նկատենք, որ խնդիրը մարզպետին ներկայացնելուց հետո նա անմիջապես կապ է հաստատել ե՛ւ Դեղձավանի, ե՛ւ Դեբեդավանի վարչական ղեկավարների հետ: Տեսնենք` ինչ արդյունք կտա մարզպետի ուսումնասիրությունը, ինչին «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի եւ առաջիկայում կներկայացնի ընթերցողներին:
Հայաստանի պետական սահմանի վերաբերյալ մյուս ահազանգը կապված է Արաքս գետի հետ, որը իր հունը վերջին տարիներին փոխել է` ի հաշիվ ՀՀ-ի: Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն: Պարզվում է` ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնում է հայ-թուրքական սահմանին գտնվող եւ մեր հայրենակիցների կողմից շահագործվող ավազահանքերը: Մասնագետներն արդեն մի քանի տարի է, ինչ ահազանգում են, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը: Ընդ որում, նրանք նշում են, որ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելով` մեր` առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում (ինչպես հայտնի է, Հայաստանն ու Թուրքիան սահմանազատված են Արաքս գետով): Ի դեպ, Արաքսավանում դեպքեր են եղել, երբ հանքավայրերի աշխատակիցները հասել էին Թուրքիայի կողմ եւ ավազ էին հանել, իսկ թուրքական կողմը բողոքել էր: Մինչդեռ պետք է գետի բնամասը չանցնեին: Պատկան մարմինները շարունակում են լռել այս հարցի շուրջ: Արմավիրի եւ Արարատի մարզպետարանները եւս այս հարցի շուրջ քար լռություն են պահպանում:
Այն, որ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար, դրանում համոզված է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Այս ամենին պետք է կառավարությունը ուշադրություն դարձնի: Այն պետք է լինի վարչապետի հսկողության տակ: Ավազ հանողները պետք է բետոնե պատնեշ կառուցեն, որ ջուրը հանկարծ այս կողմ չգա: Թե չէ հիմա թուրքերը մեր փոքրիկ պետությունից հեկտարներով հողեր են տարել, ինչո՞ւ, որ ինչ-որ մեկը այդ ավազից օգտվի՞: Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»,- հայտարարեց Եղիազարյանը:
Հուսանք` իշխանություններն այս հարցում մատը մատին կխփեն եւ արագ քայլեր կձեռնարկեն, քանի որ նրանք պարտավոր են պաշտպանել ՀՀ սահմանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ