«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հովհ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: Մենք զրուցել ենք մշակույթի նախարարության գործառույթների, մշակույթի եւ քաղաքականության միջով անցնող նուրբ սահմանագծի, հայաստանյան ներքաղաքական կյանքի եւ այլ թեմաների շուրջ:
-Պարո՛ն Բաբայան, ըստ Ձեզ` մշակույթի նախարարության հիմնական անելիքն այսօր ո՞րը պետք է լինի: Ինչի՞ վրա պետք է առաջնային ուշադրություն դարձնի նախարար Լիլիթ Մակունցը:
-Մշակույթի նախարարության գործունեության մեջ համակարգային փոփոխություններ են պետք: Կուզեի` մշակույթի նախարարությունը իր գործունեությունը կենտրոնացներ օրենսդրական դաշտի վրա, մակույթի զարգացմանը միտված օրենքներ մշակեր, որպեսզի մշակույթը կախված չլինի չինովնիկների կամայականություններից: Տարբեր միջոցառումներ կազմակերպելը մշակույթի նախարարության ֆունկցիան չէ, դա տարբեր կազմակերպությունների անելիքն է, իսկ նախարարությունը կարող է լինել աջակցողի դերում: Հարկավոր է նախաձեռնել օրենքներ` կապված մեկենասության, հովանավորչության հետ: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել արվեստի զարգացումը: Ընդ որում, մեկենասը միայն փող տվողը չէ, այլեւ բիզնեսը մշակույթի հետ կապող անձնավորությունը: Մշակույթը չի կարող լինել ինքնաբավ, այն կոչված է բոլորիս իր գործառույթներում ներքաշելու համար: Քաղաքացին որքան մասնակցի մշակույթի ստեղծմանը, այդքան պատասխանատու կզգա ինքն իրեն դրա համար:
-Ինչպե՞ս սահմանել քաղաքականության եւ մշակույթի միջեւ անցնող սահմանագիծը: Սեւերի եւ սպիտակների բաժանումը նկատելի է նաեւ արվեստի ոլորտում: Այս պարագայում ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Նման երեւույթները մեր կյանքից հարկավոր է իսպառ բացառել: Հեղափոխությունն առաջին հերթին ազատագրում էր, այլ ոչ թե իշխանափոխություն եւ նոր սահմանագծերի կիրառում: Եթե արվեստագետին պետք է իր քաղաքական հայացքներով որակեն, որեւէ բանի մասին խոսելն արդեն իմաստ չունի: Մենք սկսել ենք մարդկանց բաժանել «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների», փոխարենը պետք է ասեինք` սա լավ ռեժիսոր է, նա վատ բժիշկ է: Իսկ ու՞ր մնաց պրոֆեսիոնալիզմը: Օրինակ` ինձ ամենեւին չեն հետաքրքրում մեր թատրոնի աշխատակիցների քաղաքական հայացքները: Կադրերի դեպքում միակ չափանիշն ինձ համար որակն է եւ պրոֆեսիոնալիզմը: Մի առիթով գրող Մարիետա Շահինյանի ամուսինը հանդիպում է Ավետիք Իսահակյանին, ով այն ժամանակ Գրողների միության նախագահն էր, եւ ծանոթանալիս ասում է. «Ես Մարիետա Շահինյանի ամուսինն եմ»: Իսահակյանն էլ ասում է. «Շատ ուրախ եմ, իսկ ցերեկնե՞րն ինչով եք զբաղվում»: Հիմա նույնը կարելի է ասել մեր քաղաքականացված կյանքի դեպքում` իսկ ինչո՞վ եք դուք զբաղվում. դա է էականը:
-Ի՞նչ սպասել առաջիկա խորհրդարանական ընտրություններից: Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները, եւ ի՞նչ պետք է անի ժողովուրդը:
-Առաջին հերթին քաղաքական ուժերը պետք է բանակցեն ընտրողի հետ, որպեսզի հասկանանք, որ տվյալ ուժը ներկայացնում է ընտրողների տվյալ զանգվածը: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը նման է կենդանաբանական այգում ապրած գիշատիչի, որին օրական մի կտոր միս տալով` պահել են, իսկ հիմա ասում են` դուրս եկաք, դուք ազատ եք: Նրանցից շատերը պատրաստ չեն դուրս գալու, պայքարի մեջ մտնելու, յուրաքանչյուր բակ մտնելու, ամեն քաղաքացու հետ լեզու գտնելու: Ինչ վերաբերում է ժողովրդին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք միասնական ենք, բայց զարգացած հասարակություն դառնալու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Որեւէ պետություն առանց դրա չի կայանում:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՄԱՀԱՑԵԼ Է
Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Բժիշկների խոսքերով` վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեեւ բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետեւանքով: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:
ՎՌՆԴԵԼ ԵՆ
«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինը պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուս»-ից հեռանալու մասին. «Իտալիայի գավաթի եզրափակչից հետո հասկացա, որ ինչ-որ բան կոտրվել է: Արդյունքում ակումբը գնեց Ռոնալդուին: Ես չեմ որոշել հեռանալ «Յուվենտուս»-ից, այս թիմի համար ջանք չեմ խնայել: Ակումբում որոշեցին, որ առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել Կրիշտիանուի հետ, իսկ ինձ ասացին, որ չեմ կարող մնալ: «Յուվենտուս»-ի նկատմամբ բացառապես հարգանք եմ զգում: Թիմակիցներիս եւ երկրպագուների հետ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ երբեք չեմ ցանկացել հեռանալ: Պարզապես, ինչպես բոլորն ասում են, ինձ վռնդեցին»,-ասել է Իգուայինը:
ՆԱԴԱԼԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
Դեւիսի գավաթի ձեւաչափի փոփոխություններով զբաղվող Kosmos նորարարական խմբի ղեկավար Ժերար Պիկեն հայտարարել է, որ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը համաձայնել է մասնակցել մրցաշարին: «Բարսելոնա»-ի պաշտպանը օրերս մեկնել է Շանհայ, որտեղ Դեւիսի գավաթի ձեւաչափի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ է անցկացրել Շանհայի «Մասթերս-1000» շարքի մրցաշարին մասնակցող թենիսիստների հետ:
«Տարիներ առաջ ես երազում էի ստեղծել թենիսի այնպիսի մրցաշար, որտեղ թենիսիստները կներկայացնեին իրենց երկրները, իսկ այսօր նման աշխատանք եմ կատարում: Ռաֆայել Նադալն ասել է, որ կմասնակցի մրցաշարին, եթե վնասվածք չունենա: Աշխարհի առաջին ռակետի մասնակցությունը շատ կարեւոր է եւ ավելի քան բավարար: Նովակ Ջոկովիչը չի ասել, թե չի մասնակցի մրցաշարին: Կարծում եմ` մենք կշարունակենք բանակցությունները եւ ընդհանուր հայտարարի կգանք: Հիանալի է, որ սերտ համագործակցում ենք թենիսի միջազգային ֆեդերացիայի հետ»,- ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` Դեւիսի գավաթի 2019թ. խաղարկությունն անցկացվելու է Մադրիդում նոյեմբերի 18-24-ը: