Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Սա այն դեպքերից է, երբ աղբ թափելը նույնիսկ գեղեցիկ է արվել: Հուսանք` այս լուսանկարը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների վրա:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ի՞նչ տեւողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ: Որքա՞ն է կազմում նրանց հասանելիք արձակուրդի տեւողությունը:
Լիաննա Խաչատրյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ`
1) 140 oր (70 oր` հղիության, 70 oր` ծննդաբերության).
2) 155 oր (70 oր` հղիության, 85 oր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 oր (70 oր` հղիության, 110 oր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հիմք` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը:
ՀԱՐՑ. Ուզում եմ մեքենայիս պետհամարանիշերը 6 ամսով հանձնել ճանապարհային ոստիկանությանը: Այսինքն` ես իմ մեքենան օգտագործում եմ ընդամենը 6 ամիս` կես տարի: Այս դեպքում գույքահարկի վճար ամբողջ տարվա համար պե՞տք է վճարեմ, թե՞ ընդամենը 6 ամսվա: Օրինակ` տեխզննման դեպքում կես տարվա համար վճարում եմ գումարի կեսը:
Զավեն Հարությունյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ի տարածքում հաշվառված ավտոմոբիլի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության` պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից զերծ մնալու համար, համաձայն ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է դիմել Ճանապարհային ոստիկանության տարածքային ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում եւ հանձնել հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառումից ժամանակավոր հանումը չի ենթադրում դրա նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելուց հետո չի դադարում գույքահարկի գծով պարտավորությունը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ մեքենայի գույքահարկը, անկախ օգտագործել-չօգտագործելու հանգամանքից, ենթակա է վճարման մեկ ամբողջ տարվա համար: Հերթական անտրամաբանական ու անիմաստ գործող օրենքը: