ՀՀԿ-Ն ՄԵԿ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՔՊ-Ն` ԱՅԼ ԲԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վաղ առավոտից հակասական տեղեկություններ էին հրապարակվում համացանցում` Վենետիկի հանձնաժողովում ընթացող նիստի եւ զարգացումների հետ կապված: Նախ նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մեկնել էին Վենետիկ Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով եւ հանդիպում են ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։

Այդ հանդիպումից հետո համացանցում, կարծես թե, հակասական տեղեկություններ տարածվեցին: Նախ հենց Արարատ Միրզոյանը սոցիալական ցանցի իր էջում գրեց, թե անհնար ոչինչ չկա, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, թե Վենետիկից լավ լուրեր կան, դրան էլ արդեն հետեւեց Դանիել Իոաննիսյանի նույնանման բովանդակությամբ մեկնաբանությունը` նշելով, թե Կառավարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
Եվ դրանից հետո համացանցում տարատեսակ տեղեկություններ հրապարակվեցին, թե Վենետիկի հանձնաժողովի նիստը դրական մթնոլորտում է անցել, եւ Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ սատարում է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունները։ Եվ նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, թե Հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի: Սակայն դրան հետեւեց ԱԺ փոխնախագահ, ԵԽՎՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը. «Երբեք մի՛ մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում նրա նախագահի բառերը։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու»։
Ավելի ուշ կառավարության կողմից տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը, որը հենց եղել է Վենետիկի հանձնաժողովի նիստում: Նա իր ելույթում նշել է, թե կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել հետեւանքների ողջ պատասխանատվությունը: «Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման եւ երկրի կայուն զարգացման հետ։ Մենք` որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը եւ մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը», – նշել է Միրզոյանը:
Ավելի ուշ տարածվեց մեկ այլ հաղորդագրություն, որը չնայած դրական նոտայի վրա էր գրված, սակայն վերահաստատվեց, որ հանձնաժողովի եզրակացություն ամեն դեպքում չի լինելու: «Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության եւ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, եւ նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին», – նշված է հաղորդագրությունում, եւ եզրակացության մասին ոչ մի խոսք չկա:
Սակայն հետաքրքիր է, որ Եվրամիությունն ու երեք երկրներ` Գերմանիան, Միացյալ Թագավորությունը եւ Շվեդիան, առանձին հայտարարել են, որ պատրաստ են աջակցել ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ավելին` ֆինանսական աջակցություն տրամադրել կառավարությանը: Սակայն, ամեն դեպքում, փաստն այն է, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու տեսակետն ամենեւին էլ կարող է չհամընկնել Եվրոպայի խորհրդի դիրքորոշումների հետ, որոնք նաեւ սահմանված են Վենտիկի հանձնաժողովի բազմաթիվ կանոնակարգումներով:
Առաջին հերթին Վենետիկի հանձնաժողովը սահմանում է կոնկրետ ժամկետներ` արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված, ընդ որում` դա առաջին հերթին վերաբերում է նաեւ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո անհրաժեշտ ժամկետների պահպանման առումով: Եվ շատ է նշվել, որ առաջին հերթին խոսքն այն մասին է, որ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո` գոնե վեց ամիս անց, պետք է ընտրություններ լինեն: Եվ այս առումով լուրջ խնդիրներ կարող են լինել, քանի որ նախադեպեր եւս եղել են, երբ ընտրությունները շատ լավ են անցել, սակայն ի սկզբանե լեգիտիմության հետ կապված խնդիրներ են եղել, իսկ դա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Եվ այս դեպքում իշխանությունները շատ մեծ ռիսկի են գնում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ դեսպան Սվիտալսկու հանդիպումը, որից հետո Հովհաննիսյանը բավականին լարված տեսք ուներ: Ըստ երեւույթին, հանդիպումը ՀՀԿ-ի օգտին չի հանգուցալուծվել, որն էլ հետագայում պատճառ է դարձել դեսպանի կողմից նման հայտարարության եւ իշխանափոխությանը պաշտպանելուն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Լոռու 10-օրյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կնոջ` Սվետլանա Առաքելյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը դեռ չի ներկայացրել: Թե երբ կլինի, դեռեւս անհայտ է: Իսկ մինչ այդ նշենք, որ նորանշանակ մարզպետ Ղուկասյանն ունի 2 բնակարան, 1 հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 1 հատ Mercedes-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա: Մարզպետի դրամական միջոցները կազմում են 8.5 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 3.5 մլն դրամը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ղուկասյանը մինչեւ փոխմարզպետ նշանակվելը աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում` որպես հիմնադիր-տնօրեն:

 

 

ՄԻՋԱԴԵՊԸ՝ ՀԿԳՎ-ՈՒՄ
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է` կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կենտրոնի քննչականից այս գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ, կարեւորագույն գործերի քննչական վարչություն: Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: Անցել է 8 ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

 

 

ԱՆԿԱՐՈՂ ԵՆ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրի կարեւորագույն խնդիրները բախտի քմահաճույքին է թողել։ Նախօրեին Ալավերդու պղնձաձուլարանը թողարկեց վերջին պղինձը, ապա դադարեցրեց աշխատանքը՝ գործազուրկ թողնելով շուրջ 650 մարդու։ Նշենք, որ գործարանը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում։ Բացի այս, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամով տուգանել էր գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։ Ապա հրահանգվել էր գործարանի ղեկավարությանը փոխել ֆիլտրերը եւ անջատել վառարանները։ Արդյունքում գործարանն այսօր չի աշխատում։ Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Ավինյանը հանդիպեց Մեջլումյանի հետ քննարկելու գործարանի ճակատագիրը։ Եվ երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել։ Հանդիպումը պետք է տեղի ունենար երեկ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանդիպումը չի կայացել. Մեջլումյանը երկրում չէ։ Այն տեղի կունենա երկուշաբթի։ Իսկ մինչ այդ գործարանի աշխատողները բողոքի ակցիա են արել՝ փակելով ճանապարհներ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երեկ գործարանի աշխատողների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը, ով վստահեցրել է, որ մի քանի առաջարկներ կան, որոնք երկուշաբթի կքննարկեն Մեջլումյանի հետ։ Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենա ներկրողների խնդիրն էլ է մնացել բախտի քմահաճույքին։

 

 

ԴՐԱԿԱՆ
ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում երեկ դրական եզրակացություն է տրվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ նախագծերին: Նոր ընտրական օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ին ներառվող ԱԺ արտահերթ նիստին: Հիշեցնենք, որ եթե խորհրդարանն ընդունի այդ նախագիծը, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն Ընտրական նոր օրենսգրքով, եթե ոչ` հնով: Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է իջեցնել ԱԺ-ում ներկայացվածության շեմը` 4 տոկոս 5-ի փոխարեն, իսկ քաղաքական դաշինքների պարագայում` 6 տոկոս գործող 7-ի փոխարեն: Սրանով կրճատվում է նաեւ ընտրական գրավը` նախկին 10 մլն դրամի փոխարեն 7.5 մլն դրամ գրավ: Նաեւ նախատեսվում է կին պատգամավորների թիվը խորհրդարանում հասցնել առնվազն 30 տոկոսի:

 

 

ՉԵՆ ՀԻՇԵԼ
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպանը խոսել է մի շարք խնդիրների լուծման մասին: Ն. Փաշինյանն ընդգծել է, որ լուծվել է մարզի գյուղերից մեկի գյուղատնտեսական տեխնիկայի հարցը: Ն. Փաշինյանը չէր հիշում, թե կոնկրետ որ համայնքի մասին էր խոսքը, եւ հարցրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին: Վերջինս արձագանքել է, որ նույնպես չի հիշում: «Լավ չի, որ անունը չեք հիշում: Սիսիանի շրջանի համայնքներից մեկում տեխնիկայի հետ կապված խնդիր կար, գումար ենք խոստացել, փոխանցել ենք»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

ՄԻՆՉԵՎ 23-Ը
Հոկտեմբերի 23-ին լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, ԱԺ խմբակցությունները հոկտեմբերի 17-ից մինչեւ 23-ը` ժամը 18:00-ն, կարող են առաջադրել վարչապետի իրենց թեկնածուներին: Նշենք, որ ՀՀԿ-ն ԱԺ կանոնակարգում մի փոփոխություն է կատարել, որի համաձայն` թեկնածուների առաջադրման վերջին օրվա հաջորդ օրը հնարավոր կլինի նշանակել քվեարկություն: Այսինքն, եթե առաջադրումը լրանում է հոկտեմբերի 23-ին, ապա կարող են 24-ին քվեարկության օր նշանակել: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ արձակվում է իրավունքի ուժով:

 

 

ՉԻ ՆՇԱՆԱԿՎԻ
Երեւանի քաղաքի ավագանու «Իմ Քայլը» դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու: Ավելին, դեռեւս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Ներկայումս պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները եւս լինեն ազատ, արդար եւ թափանցիկ»: Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Վահագն Հովակիմյանը նշանակվելու է փոխքաղաքապետ:




Լրահոս