Երեկ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապահովված ներդրումների եւ արտահանման արդյունքները, հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթը, առիթից օգտվելով, Ավակյանից հետաքրքրվեց, թե ինչու է իր ղեկավարած հիմնադրամը սիգարետ գնել:
-Պարո՛ն Ավակյան, հիմնադրամը ինչո՞ւ է սիգարետ ձեռք բերել եւ ո՞ւմ համար էին նախատեսված:
-Սիգարետները կոնկրետ պատվերով է, Լիբանանի գործատուներից մեկը, որը դիստրիբյուտոր է Լիբանանում, հետաքրքրված է «Սիգարոն»-ի սիգարետներով, որովհետեւ մեր այցի շրջանակներում ոնց որ տեսել է գործընկերոջ ձեռքին «Սիգարոն», հետաքրքրվել է այդ բրենդով: Խնդրել է, որ իրեն փաթեթ ուղարկենք 10 հատանոց ամեն մեկից, որ ինքը դա նայի, ուսումնասիրի եւ հետաքրքրության դեպքում ինքը պատվեր տա, որ արտահանում ապահովի դեպի Լիբանան: Մենք դա գնել ենք, ուղարկել, որ ինքը փաթեթը ունենա եւ հետո պատվեր տա:
-Բայց 2017 եւ 2018 թվականների գնումների պլանով` երկու տարի անընդմեջ սիգարետ է գնվել…
-Մենք այս տարի գնումների պլանով սիգարե՞տ ունենք (հարցրեց Ավակյանը հիմնադրամի ֆինանսական տնօրեն Արտակ Պողոսյանին)
-Այո՛, սիգարետներ կան եւ նաեւ սուրճեր…
Մեր այս հարցին պատասխանեց հիմնադրամի ֆինանսական տնօրեն Արտակ Պողոսյանը` փրկելով Ավակյանին, քանի որ վերջինս տեղյակ չէր ընթացիկ տարվա գնումների պլանից:
-Ոչ, սիգարետներ չունենք եւ փաստացի գնումների պլանով, որը մենք կարող ենք ապացուցել թե՛ բանկային, թե՛ մնացածով: Գնումների պլանով նախատեսված է եղել, բայց չի գնվել: Ինչի՞ համար: Քանի որ Լիբանանի կազմակերպությունը պարզապես ասեց, որ անհրաժեշտությունը դուրս է եկել, եւ ծախս չենք կատարել: Ինչը ցանկացած պարագայում` բանկային եւ այլ ֆինանսական հոսքերով, մենք պատրաստ ենք պաշտոնական տեղեկություն տրամադրել, որ ծախս չի կատարվել: Բայց, միեւնույն է, եթե նման պահանջ լինի, էլի կկատարենք:
-Պարո՛ն Ավակյան, այնուամենայնիվ, գնումների պլանով նախատեսված եղել է, բայց դուք չեք գնել…
-Գնումների պլանով նախատեսված եղել է այն ժամանակ, երբ մեզ ասացին` ուղարկեք 10 հատ սիգարետ, որ ես տեսնեմ այստեղ դիստրիբյուտորներին հետաքրքիր է, թե ոչ: Ուղարկել ենք: Այնուհետեւ ասաց` պետք չէ, եւ հանեցինք գնումների պլանից:
-Պարո՛ն Ավակյան, ըստ որոշ տեղեկությունների` «businessarmenia.am» կայքը Ձեր անունով է գրանցված, այլ ոչ թե «Բիզնես Արմենիա» հիմնադրամի: Արդյոք համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները իրականությանը, թե՞ ոչ: Եթե այո, ապա կասե՞ք, թե ինչու եք այդպես վարվել:
-«Businessarmenia.am»-ի կայքը հիմնադրամի անունով է ձեւակերպված, Select Armenia, նույնիսկ Primeminister.am-ը իմ անունի տակ է եղել որոշակի ժամանակ: Ասեմ` ինչու: Ես մարկետոլոգ եմ, եւ տրամաբանությունը հետեւյալն է. դուք շատ լավ գիտեք, որ շատ ընկերություններ կան, որ հենց զգում են, որ այդ անունը կարող է հետաքրքիր լինի, դոմեյնն առնում են հետագայում վերավաճառելու նպատակով: Ես ուղղակի արագության համար արագ-արագ առել եմ այդ դոմեյնները եւ ես ունեմ 100-ից ավելի դոմեյններ, որ պոտենցիալ ինձ համար կարող է ապագայում պետք լինել: Այնուհետեւ հանձնել եմ «Բիզնես Արմենիա»-ին, բնականաբար, primeminister.am հանձնել եմ աշխատակազմին, Select Armenia-ն էլ` համապատասխան տիրոջը:
-Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթ է տեղի ունենալու: Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ ոչ:
-Մրցութային կարգի ընթացքը կսկսի իմ հրաժարականի պահից, հրաժարականը կտամ, եթե խորհուրդը այն ուզի ինձնից: Ես կմասնակցեմ, թե ոչ, դեռ չեմ որոշել:
-Իսկ դա ե՞րբ տեղի կունենա, ժամկետները կա՞ն, թե՞ հայտնի չեն:
-Պետք է հոգաբարձուների խորհուրդից հարցնեք, ինձանից կախված չէ:
-Նաեւ ֆիլմերի ու հոլովակների հետ կապված. փաստորեն, դրանք նկարահանվել են «Դոպինգ» ընկերության կողմից: Ըստ որոշ տեղեկությունների` Դուք «Դոպինգ» ընկերությունում եւս բաժնեմաս ունեք: Արդյոք համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը իրականությանը, թե՞ ոչ:
-Իհարկե չի համապատասխանում իրականությանը, կարող եք պետռեգիստրից հարցում անել եւ ստուգել: Ես Հայաստանի Հանրապետությունում ոչ մի ընկերության մեջ բաժնեմաս չունեմ: Այնպես որ, այդ տեսակետից ես լրիվ հանգիստ եմ:
-Ոչ մի կապ, առնչություն չունե՞ք «Դոպինգ» ընկերության հետ:
-Ոչ մի կապ, առնչություն չունեմ «Դոպինգ» ընկերության հետ: «Դոպինգ» ընկերության բոլոր շահածները եւ ներառյալ մեր բոլոր մատակարարների շահածները գնումների ընթացակարգով են արվում:
-Ֆիլմերի արտադրության համար գնումների պլանով նախատեսված է եղել ծախսել 16.5 մլն դրամ, իսկ հոլովակների համար` 13.5 մլն դրամ, գործարար միջոցառումների համար` 4 մլն 940 հազար դրամ: Ըստ Ձեզ` ո՞րն է ավելի կարեւոր, կամ ինչո՞ւ է գործարար միջոցառումների համար ավելի քիչ գումար տրամադրվել:
-Ես, անկեղծ ասած, չգիտեմ` ձեր տեղեկությունները որտեղից եք ստանում…
-Գնումների պլանով է…
-Չգիտեմ: Ես կարող եմ այսպես պատասխանել. մեր բյուջեի ամենամեծ մասը` 40 տոկոսից ավելին, ցուցահանդեսն է եղել, դա մեծ, չաղ մասն է, մնացած մեծ մասը ծախսվում է գործարար առաքելությունների համար` գնալ եւ պատվիրակություններ բերել, դա կլինի թե՛ ներդրող, թե՛ դիստրիբյուտոր-արտահանող: Երրորդ տեղում են գտնվում փիառային աշխատանքները, որը իր մեջ ներառում է տեսահոլովակներ, սոցցանցեր եւ այլն: Բայց եթե 16 մլն դրամ է, ապա մեր բյուջեի շատ փոքր տոկոսն է:
Այս պահին, ի դեպ, հիմնադրամի տնօրեն Արտակ Պողոսյանը դարձյալ միջամտեց (հավանաբար փորձում էր օգնել իր ղեկավարին) եւ ասաց. «Կներեք, բայց մի բան ավելացնեմ»: Սակայն Ավակյանը նրան դա թույլ չտվեց` նշելով հետեւյալը. «ՉԷ, մի՛ ավելացրու»:
-Չէ, ինչո՞ւ, թող ավելացնի…
-Չէ, չի ավելացնելու…
-Ինչո՞ւ:
-Ըտենց եմ ես ուզում:
-Պարոն Ավակյան, ըստ մեր տեղեկությունների` Ձեր ղեկավարած հիմնադրամը ցանկացել է Երեւանի կենտրոնում հսկա շենք ձեռք բերել` պատճառաբանելով, թե տարածք եք վարձակալում, եւ վարձավճարը կարելի է խնայել: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների` կոնկրետ Ձեր առաջարկը մերժվել է` պատճառաբանելով, որ դեռ հարց է՝ այդ հիմնադրամը շարունակելու է գոյությունը, թե ոչ:
-Առաջին հերթին մենք չենք վարձակալում: Ձեր տեղեկությունները սխալ են, մենք էկոնոմիկայի նախարարության շենքի տարածքում ենք: Այլ շենք ունենալու միտումը միշտ էլ եղել է: Տրամաբանական է, որ ներդրում ընդունող ընկերությունը ունենա մի տեղ, որտեղ ներդրողը գա ու իրեն հանգիստ զգա: Եւ զգա իրեն ավելի բիզնես միջավայրում, ոչ թե պետական միջավայրում: Ի դեպ, դա միայն իմ միտքը չի եղել, պարոն Փաշինյանն էլ է այդ միտքը արտահայտել, պարոն Ավինյանը եւս: Շենքը չեն մերժել: Խոսքը գնում էր` որ շենքի մասին: Եթե չեմ սխալվում, նույնիսկ հանձնարարական կա պետգույքին, որպեսզի իրենք գնահատեն, թե որ շենքն է ավելի հարմար տալ այս ներդրումային միջավայր ձեւավորվող թիմին: Քննարկումները երբ ավարտվեն, եւ շենքը որոշվի, անպայման կհայտնենք, թե որ շենքն է լինելու: Բայց այս պահին քննարկման փուլում է: Եթե կառավարությունը մեզ շենք տա, մենք չենք դժգոհի:
Հ.Գ. Նկատենք, որ հիմնադրամում կազմ-պատրաստ, փոքր-ինչ ագրեսիվ վարքով սպասում էին հենց մեր այցին: Թերեւս դրանով էր պայմանավորված, որ մի քանի անգամ զանգահարել եւ թախանձագին խնդրում էին անպայման մասնակցել ասուլիսին: Մասնակցեցինք: Ահա եւ հարցուպատասխանը, որի բովանդակությունը հուշում է, թե ինչու էին անհանգստացած հիմնադրամում եւ տարբեր սարքերով ինչու էին հարցազրույցը ձայնագրում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ
Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնը տնակից շենք տեղափոխվեց 2002թ.: Կենտրոնի տնօրենը դեռեւս այդ տարիներին էր պայքարում, որպեսզի այլ հաստատություն տեղափոխվեն` պայմանավորված այն հանգամանքով, որ շենքը իր կառուցվածքով ու պայմաններով չի համապատասխանում պահանջվող չափորոշիչներին: Տարիների ընթացքում շենքը քայքայվեց, պայմաններն ավելի վատացան: Որոշ հատվածում անգամ փլուզման վտանգ առաջացավ: Ֆելքիս Ցոլակյանի կողմից մարզի ղեկավարման տարիներին պետական բյուջեից գումար հատկացվեց, ինչի շրջանակում մասնակի նորոգումներ իրականացվեցին: Բայց դա բավարար չէր: Իսկ հիվանդների թիվն արդեն գերազանցում էր 50-ը. «Արդեն 16 տարի կենտրոնում կապիտալ նորոգում չի իրականացվել: Իսկ այստեղ հոգեկան խնդիրներով անձինք են` անկառավարելի, ոչ հիգիենիկ: Մենք մեր ուժերով նորոգումներ անում ենք, բայց դա բավարար չէ: Մենք անգամ բակ չունենք, մշտապես ընտանի կենդանիները մոտենում են կառույցին, չենք կարողանում հիվանդներին դուրս հանենք: 3 տարի առաջ՝ Ցոլակյանի օրոք, որոշ աշխատանք կատարվեց»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը:
Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվեց դեռ նախկին իշխանությունների օրոք: Պատճառն այն էր, որ ֆինանսավորման ծավալները նվազեցին, աշխատանքն էլ դարձավ ժամավարձային. «Զարմանալի եւ անտրամաբանական է. վերջին երեք տարիներին մեր գումարները նվազեցնում են: Բյուջեն վերջին տարիներին պակասեցրել են 18 միլիոն դրամով: 5 հատ նամակ եմ գրել ու անպատասխան եմ մնացել: Հիմա ունենք 45 հիվանդ, նրանց հետ հիմա աշխատում են մեկ քույր եւ մեկ սանիտար: Դա շատ սխալ է», -ավելացրեց կենտրոնի տնօրենը: Նամակներով Նադյա Վարդանյանը նաեւ ներկա իշխանություններին է դիմել` ներկայացնելով առկա ճգնաժամային իրավիճակը. «Մենք միշտ աշխատել ենք 95 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Առողջապահության նախկին նախարարը հորդորում էր 35 հիվանդից ավել չվերցնել: Մեզ էլ մշտապես ֆինանսավորում էր` ըստ 35 հիվանդի: Նոր նախարարը խոստացել է այդ հարցը դիտարկել վերաբաշխումների ժամանակ»: Բազմաթիվ նամակներից ու դիմումներից հետո նոր իշխանությունը որոշել է աջակցել կենտրոնին: Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնի երկրորդ եւ երրորդ հարկերը կհիմնանորոգվեն, յուրաքանչյուր հարկում կկառուցվի նոր սանհանգույց եւ լոգարարն: 24.000.000 դրամ արժողությամբ շինաշխատանքների նախագծային փաստաթղթերն ուղարկվել են Տարածքային զարգացման հիմնադրամ: Հիմնադրամը առաջիկայում կհայտարարի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:
Բացի Հոգեկան առողջության կենտրոնից՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագիր են ընդգրկվել թվով 17 օբյեկտների շինարարական աշխատանքներ, 2 սուբվենցիոն ծրագրեր եւ 3 բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցեր: 17 շինարարական օբյեկտներից 3-ը առողջապահական են, 10-ը` հանրակրթական դպրոցներ, 1-ը` մարզադպրոց, 2-ը` հեղեղատարների մաքրում եւ 1-ը` Գյումրու ժողգործիքների ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԾԵԾԵԼ Է ԻՐ 11-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ
Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հայկազ Բաբկենի Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մայիսի 9-ին` ժամը 16.00-ի սահմաններում, իր նախկին կնոջ` Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տանը վերջինիս հետ վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածներ հասցնելով դեմքին` ծեծի է ենթարկել վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած իր անչափահաս որդուն` 2007թ. ծնված երեխային՝ նրա առողջությանը պատճառելով ճակատի ձախ կեսի քերծվածք, ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղում: Հ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը, քրեական գործով տուժող են ճանաչվել զինծառայողի նախկին կինը եւ նրա որդին: Այդ գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հոկտեմբերի 24-ին:
Ո. Ս.