«ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության` քչերին հայտնի գծերը: Ռաֆայելը ներկայացել է բոլորովին նոր դիտակետից: Դերասանը պատմել է իր նախասիրությունների, առօրյայի, հիասթափությունների, ձեռքբերումների մասին: Նա նշել է, որ առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. «Եթե տվյալ բանն ինձնից առաջ արել են, ուրեմն դա հնարավոր է, եթե չեն արել, ուրեմն ես կլինեմ առաջինը»:

-Ռաֆայե՛լ, երբ աչքերը բացում եք, առաջինը մտածում եք…
-Շատ եմ քնել, թե քիչ: Առհասարակ, քնել սիրում եմ, եւ ինձ միշտ թվում է, թե ժամանակը չի բավականացնում դրա համար: Եթե օրական 8 ժամ քնում եմ, նորմալ է, եթե ոչ, նյարդային վիճակից անպայման այդ օրը պետք է գոնե մի երկու հոգու հետ կռիվ անեմ:
-Օրվա ընթացքում միշտ չեք հասցնում…
-Տուն գնալ այսօր, սովորաբար վաղն եմ տուն հասնում:
-Ձեր տրամադրությունը կարող է բարձրացնել անգամ…
-Մի սովորական ուշադրություն, փողոցում քայլող մի մարդու ժպիտ, մի լավ խոսք: Երբ մեկից դրական էներգիա եմ ստանում, ամբողջ օրը ժպտալով դրա մասին եմ հիշում: Ինձ համարում եմ մանրուքներից ուրախացող մարդ:
-Երջանիկ լինելու համար նախ պետք է, որ…
-Ես ինքս ուզեմ երջանիկ լինել: Եթե ես ուզեմ դա, կլինի այդպես, եթե ոչ, որքան էլ ուրիշները դա փորձեն, չի ստացվի:
-Երբ փորձանքի մեջ եք, առաջինը զանգահարում եք…
-Նախ ինքս եմ փորձում լուծում գտնել, եթե չի ստացվում, նոր զանգահարում եմ ընկերներիս, որոնք, ի դեպ, շատ են:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Դրանք այնքան շատ են, ուղղակի ասելու, գրելու բան չեն (ծիծաղում է): Մեր հանրությունը այնքան վառ երեւակայություն ունի, մեկ-մեկ մարդիկ այնպիսի բաներ են հորինում, որ դու աստիճանաբար սկսում ես դրանց հավատալ:
-Երազներին նշանակություն տալի՞ս եք:
-Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Բայց կարող եմ մի բան հստակ ասել. եթե այդ օրը վատ երազ եմ տեսած լինում, այն կարող է ամբողջ օրվա ընթացքում իմ տրամադրության վրա բացասաբար ազդել: Բայց այնպես չէ, որ ամեն օր երազ եմ տեսնում կամ հիշում եմ, թե ինչ եմ տեսել:
-Տաղանդ, որով օժտված եք, բայց քչերն այդ մասին գիտեն:
-Իհարկե, կա նման բան, բայց չեմ ասի, որ բոլորը չիմանան (ծիծաղում է):
-Անիմաստ է հարաբերությունները շարունակել այն մարդու հետ, որը…
-Տխմար է: Առանց այդ էլ կյանքը կարճ է, եւ չարժե էներգիա վատնել նման մարդկանց վրա:
-Ցանկացած իրավիճակում միշտ պետք է հիշել, որ…
-Իմ կյանքում փորձություններ շատ են լինում, եւ ես ինքս ինձ համար մի սկզբունք եմ որդեգրել. «Եթե տվյալ բանն ինձնից առաջ արել են, ուրեմն դա հնարավոր է, եթե չեն արել, ուրեմն ես կլինեմ առաջինը»: Յուրաքանչյուր հարցի այս պրիզմայից եմ նայում:
-Երգ, որը միանգամից բարձրացնում է Ձեր տրամադրությունը:
-Մայքլ Ջեքսոնի յուրաքանչյուր երգ: Դրանք հիշեցնում են ինձ իմ մանկությունը:
-Ի՞նչ եք անում, երբ Ձեզ անտեղի վիրավորում են:
-Նախ երբեք թույլ չեմ տալիս, որ բանը դրան հասնի, որքան է բնավորությամբ լինեմ պարզ, հասարակ եւ բարի: Ես ունեմ ուժեղ պաշտպանիչ շերտ, եւ կա մի պատ, որ անգամ ամենամտերիմները չեն կարող քանդել: Սա օգնում է, որ ուրիշները չմտնեն քո տարածք եւ այնտեղ չանեն բաներ, որոնք քեզ դուր չի գա:
-Լավ տղամարդու մի քանի կարեւոր հատկանիշ ասեք:
-Այսօր նախ պետք է ուղղակի տղամարդ գտնել, հետո մտածել` նա լավն է, թե վատը: Տղա տեսակը կորչում է:
-Կնոջ կարեւորագույն հատկությունը ո՞րն է:
-Կինը օժտված է մի շարք հատկանիշներով, որ տղամարդը չունի: Աղվեսի աչքերով այդ արարածը միշտ հասնում է իր նպատակին եւ շատ աշխատասեր է, իսկ տղամարդիկս թամբալ ենք, մեզ պետք է բզեն, որ մի բանի հասնենք:
-Ռաֆայե՛լ, Ձեր արտաքինին որքա՞ն ժամանակ եք հատկացնում:
-Շատ քիչ, մի քանի րոպե:
-Շու՞տ եք հիասթափվում:
-Ոչ, չէի ասի:
-Իմ հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Բոլորն էլ հետաքրքիր ու սիրուն հարցեր էին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՍԱՐՈՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔՈՎ
Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների թիմը համացանցային հարթակում ակցիա է սկսել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքման նպատակով: Նախագիծն իրենից ներկայացնում է լիամետրաժ մուլտֆիլմ: «Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչեւ հորիզոն սլանալու երջանկության մասին»,-պատմել են մուլտֆիլմ ստեղծողները:
Ի դեպ նյութի մեծ մասն արդեն պատրաստ է: Կոլորիտի պահպանման համար բոլոր խոսակցությունները կլինեն հայերեն: Կադրից դուրս հերոսներից մեկը կպատմի պատմությունը ռուսաց լեզվով:

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
«Մանչեսթեր Սիթի»-ն բանակցություն է վարում թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ: «Քաղաքաբնակներ»-ը ցանկանում են երկարաձգել գերմանացու պայմանագրի ժամկետը: 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2,5 տարի անց: Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է երկարաձգել վերջինիս պայմանագրի ժամկետը երկու տարով: Հիշեցնենք, որ Սանեն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» «Շալկեից» 2017 թվականին:

 

 

20 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՅՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է ՊՍԺ-ին 20 հազար եվրոյով: Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի` «Ցրվենա Զվեզդայի» (6:1) դեմ կայացած խաղի մեկնարկն ուշացրել է: Բացի այդ, ակումբը տուգանվել է երկրպագուների անկարգության պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն կասկածում է երկու ակումբներին պայմանավորված խաղի մեջ:

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԳՆԵԼ
«Մոնակո»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թիերի Անրին պատմել է, թե ինչի մասին է խոսել ֆուտբոլիստների հետ իր առաջին հանդիպման ժամանակ: «Թիմը պետք է ոտքերի տակ հողեր զգա: Ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ եւ նշել եմ, որ նրանք պետք է խաղալու, աշխատելու եւ հաճույք ստանալու ցանկություն ունենան: Ինչ վերաբերում է Ֆալկաոյին, ապա նա թիմի ավագն է, առաջատարն ու ռմբարկուն: Ֆալկաոն շարունակելու է օգնել «Մոնակո»-ին»,-ասել է Անրին:




Լրահոս