Լուսանկարն արվել է Նորքի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնում
Այս մանեկենի վրա ամեն ինչ «դուխով» է։ Կարեւորը այսքան վնասվածքներից հետո դուխը չգցելն է։
ՀԱՐՑ. Քույրս ապրում է եվրոպական երկրում, կորցրել է ծննդյան վկայականը եւ չի կարողանում գալ Հայաստան: Խնդրում եմ` ասեք` այս դեպքում նա ի՞նչ պետք է անի, ո՞ւր պետք է դիմի:
Մարիամ Հարությունյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդյան վկայականի կրկնօրինակ կարող է տրամադրվել նաեւ երրորդ անձանց: Նշված դեպքում երրորդ անձը ՔԿԱԳ մարմին պետք է ներկայացնի իր անձնագիրը, լիազորող անձի /ում վերաբերում է տվյալ ծննդյան գրանցումը/ անձնագրի պատճենը, նոտարական կարգով հաստատված եւ միջազգային պայմանագրերով վավերացված ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար տրված լիազորագրի բնօրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը պարզ եւ հստակ ներկայացված է, մնում է` քաղաքացին դիմի համապատասխան բաժին եւ իրականացնի գործարքը:
ՀԱՐՑ. 1984-2006թթ. աշխատել եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ մանկապարտեզում: Կարո՞ղ եմ մանկավարժական թոշակ ստանալ:
Անահիտ Համբարյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 30-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե լրացել է անձի 55 տարին, ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին վերոհիշյալ ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ձեռք բերած աշխատանքային ստաժ է, ապա մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով նա կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: