ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: «ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ քարտուղարությունից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը որեւէ թեկնածու չի առաջադրվել: Սակայն մինչ այժմ շարունակում են վեճերը, եւ գլխավոր հարցը մնում է նույնը` արդյոք ըստ Սահմանադրության պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ ոչ: Մասնավորապես, Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եվ այս առումով սահմանադրագետները վեճի մեջ են. ինչպես նշվում է Սահմանադրության մեջ, անհրաժեշտ է քվեարկություն, եւ հենց այստեղ է նրբությունը, պե՞տք է արդյոք թեկնածու լինի, որ քվեարկություն լինի, թե՞ ոչ: Մասնագիտական կարծիք կա, որ անկախ քվեարկություն լինել, չլինելուց, 14 օր անց խորհրդարանը պետք է լուծարվի: Նշենք, որ «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե որոշում կայացնելու համար մինչեւ այսօր դեռ ժամանակ ունեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս վախենում են հնարավոր դավադրություններից` անհանգստանալով, թե միգուցե Փաշինյանն առաջադրվի՝ չընտրվելու ծրագրով, հանկարծ ՀՀԿ-ականները «Դաշնակցության» հետ նրան կրկին վարչապետ ընտրեն, եւ դեկտեմբերյան արտահերթը էլի լուծարվի:

 

 

Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ի սկզբանե 3 անկուսակցական թեկնածուներ էին՝ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ հայտնեց: Ընտրացուցակում ներառված 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Սարհատյանը ստացել է 97, իսկ Թիրաբյանը՝ 74 քվե: Նշենք, որ Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Բայց ուշագրավն այն է, որ նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գ. Սարհատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

 

 

Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում գտնվող Հայաստանում բանակից խուսափելը, թերեւս, ամենապարսավելի արարքներից է: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ բանակում չծառայած տղաները պետք է պետական համակարգում աշխատելու հնարավորությունից ուղղակի զրկված լինեն: Բայց կյանքը ցույց է տվել, որ կոնկրետ երաշխավորությամբ որեւէ պաշտոնի նշանակված պաշտոնյաները, նրանց որդիները եւ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ընդ որում, կապ չունի, թե որ իշխանության, խախտում են այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանակում չի ծառայել նաեւ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որդին՝ Աշոտ Աբովյանը: Նա այսօր էլ աշխատում է մաքսային ծառայությունում: Հիշեցնենք, որ հայրը՝ Հովիկ Աբովյանը, 2007-2009 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետն է եղել, 2009-2014 թթ.` Գուգարքի մաքսատան պետը, որդուն էլ իր մոտ «գործի է տեղավորել»: Թե էլ ինչեր է արել, գուցե ժամանակի ընթացքում պարզվի:

 

 

Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Այս խոսքերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում խնդրեց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանից: «Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, պահպանել են մեր երկրի հույժ կարեւոր օբյեկտները…»: Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի. «Ժողովուրդ»-ի այս ճշտող հարցին Օհանյանն արձագանքեց. «Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի»:

 

 

ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՏՈՊԻԱ
Հայաստանում երեկ կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումը զերծ չմնաց սյուրռեալիստական դրսեւորումներից: Մասնավորապես, այդ ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ Տիգրան Սարգսյանը, նույն Տիգրան Սարգսյանը, որ ոչ վաղ անցյալում (2008-2014թթ) Հայաստանում զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, իսկ հիմա ԵԱՏՄ կոլեգիայի նախագահն է: Նույն Տիգրան Սարգսյանը, որի վարչապետության տարիներին երկրի տնտեսությունը սոսկալի արագությամբ անկում ապրեց: Նույն Տիգրան Սարգսյանը, որ մինչեւ 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսը միջազգային մամուլը հեղեղել էր ԵԱՏՄ նախորդին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության անհնարինության մասին հարցազրույցներով եւ հոդվածներով:
Հիշում եք, չէ՞, նա պնդում էր, որ չունենալով ընդհանուր սահմաններ` Հայաստանը չի կարող մաքսային միության անդամ լինել, դա արդյունավետ չէ, անգամ անհնար է: Բայց երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, Տիգրան Սարգսյանը սկսեց հակառակը համոզել:
Բայց վերադառնանք «Եվրասիական շաբաթ 2018» խորագրով երեկվա ֆորումին: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկա դուրս գալ եվրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով: Հայտարարել է, թե խնդիր է կոոպերացիաների զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցությունը: Նաեւ խոսել է մեգագործընկերության մասին. «Ուղիղ բիզնես երկխոսության հաստատման հնարավոր ուղիներից մեկը շուկայի մասնակիցներն ու փորձագետները տեսնում են Եվրասիայի տարածքում նոր տնտեսական մեգագործընկերության՝ Եվրասիական մայրցամաքային գործընկերության հաստատմամբ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Կարճ ասած` նա խոսել է բավական հավակնոտ ծրագրերից, որոնք եթե իրականություն դառնան, ապա հաստատ ոչ Տիգրան Սարգսյանի շնորհիվ. այդ ծրագրերն իրականացնողն ինքը չէ, այլ ԵԱՏՄ անդամ պետությունները, եւ ընդհանրապես ԵԱՏՄ-ում մեծ է ՌԴ-ի դերակատարությունը: Իսկ Տիգրան Սարգսյանը, հիշում եք` դեռ իր վարչապետության տարիներին Հայաստանում քանի հավակնոտ ծրագրեր թվարկեց, որոնք այդպես էլ մնացին օդում կախված. մեկ այծի պանիրն էր համաշխարհային բրենդ դարձնում, մեկ՝ Գյումրին տեխնոքաղաք, մեկ՝ Դիլիջանը ֆինանսական, իսկ Ջերմուկը` զբոսաշրջության կենտրոն եւ այդպես շարունակ: Եթե անկեղծ, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ նրա ասածներն իրականության հետ կապ չունեն:




Լրահոս