ՀՀ Արագածոտնի մեկշաբաթյա մարզպետը մտադիր է մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնել: Նրա խոսքերով` մարզպետարանում մարդիկ կան, որոնց զբաղեցրած պաշտոնը չի համապատասխանում կատարած աշխատանքին: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Արագածոտնի անկուսակցական մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, ո՞ր արժանիքի համար են Ձեզ նշանակել Արագածոտնի մարզպետի պաշտոնին:
-Անկեղծ ասած` ճիշտ չի լինի, որ ես այդ հարցին պատասխանեմ: Թերեւս այդ հարցը պետք է ուղղել պարոն Փաշինյանին եւ քաղաքական թիմին: Ես իմ մասին խոսել չեմ սիրում:
-Մարզպետ նշանակվելուց հետո Ձեր առաջին քայլը ո՞րն է: Որտեղի՞ց եք սկսել:
-Բնականաբար, ծանոթացել եմ աշխատակազմի հետ` տեղակալներից մինչեւ մարզպետարանի պահակ` ինչ գործառույթներ են իրականացնում, ով ինչպես է պատկերացնում իր պարտականությունները: Եւ իհարկե ծանոթացել եմ մարզի բոլոր մեծ ու փոքր խնդիրներին:
-Կոնկրետ խնդիրներից ո՞րն է հրատապ լուծում պահանջող: Չէ՞ որ մարզպետները նշանակվում են, խոստումներ տալիս են, բայց, ըստ էության, որեւէ մեկը չի հասցնում կոնկրետ աշխատանք իրականացնել: Դուք եկել եք, ծանոթացել եք խնդիրներին, ո՞րն եք պատրաստվում լուծել:
-Մարզում երկու հիմնական խնդիր կա: Արդեն աշխատանքային գործընթացի մեջ մտնելուց հետո տպավորությունս չփոխվեց: Առաջին կարեւոր խնդիրը արդարության, հավասարության եւ օրինականության ապահովումն է: Թերեւս բողոքների կեսից ավելին դրանց հետ է կապված` դպրոցներ, հիվանդանոցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական տարբեր մարզային կառույցներ: Պարզապես, չգիտեմ, ամենատարրական հարցերով, երբ քաղաքացիները շփվում են, անընդհատ զգում են այդ արդարության եւ օրինականության դեֆիցիտը: Լրջագույն խնդիրը դա է: Եւ երկրորդ կարեւոր խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է: Արդեն հանդիպումներ եմ սկսել տարբեր գործարարների, պոտենցիալ ներդրողների հետ: Օգտագործել եմ նաեւ իմ փորձը (ի դեպ, նա մինչ այս տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել), բազմաթիվ ծրագրեր եմ համակարգել եւ ծրագրերի համակարգողների հետ եմ շփումներ ունեցել եւ, ինչ խոսք, այդ ամենն օգտագործելու եմ ի բարօրություն մեր մարզի:
-Կադրային ջարդ, ըստ էության, բոլոր նորանշանակ պաշտոնյաներն իրականացնում են: Իսկ Արագածոտնի մարզպետարանում կադրային ջարդ սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Կադրային ջարդ միանշանակ չի իրականացվելու: Բայց, անշուշտ, իրականացվելու են փոփոխություններ:
-Կոնկրետ որտե՞ղ պետք է իրականացնեք այդ փոփոխությունները:
-Կխուսափեմ հիմա անուններ նշելուց, բայց արդեն իսկ ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ կան, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին:
-Բացառության կարգով օրինակ կնշե՞ք:
-Ճիշտ չի լինի, որովհետեւ նախ եւ առաջ պետք է խոսեմ այդ մարդկանց հետ: Նախ նրանց պետք է ներկայացնեմ, հետո նոր հանրությանը…
-Իրենց ներկայացնեք, որ զբաղեցրած պաշտոնը չի՞ համապատասխանում կատարած աշխատանքի հետ:
-Եթե պաշտոնին նշանակողը ես եմ, իմ գործառույթների մեջ է: Բնականաբար, ներկայացնելու եմ, որ չեմ պատկերացնում նրանց հետ հետագա համագործակցությունը: Եթե քաղծառայության պաշտոններ են նրանք զբաղեցնում, ուղղակի նշելու եմ իմ մոտեցումները, սկզբունքները եւ ասելու եմ, որ այլընտրանք չկա դրանց հարմարվելու: Իմ մոտեցումները արդարության, մասնագիտական որակների համապատասխանության եւ, իհարկե, մարդկային բարձր որակների ապահովումն է այդ պաշտոններին: Չեմ պատրաստվում ո՛չ մարզպետարանը, ո՛չ մարզը կուսակցականացնել, միանշանակ դրանից խուսափելու եմ, բացառապես գնահատելու եմ մարդկային եւ մասնագիտական որակները: Ես աշխատելու եմ տարբեր կուսակցական գործընկերների հետ, տարբեր կուսակցության անդամներ եմ ունենալու եւ չեմ առաջնորդվելու կուսակցական, անձնական եւ ընկերական կապերով:
-Իսկ եղե՞լ են աշխատողներ, ովքեր ասել են, որ չեն ուզում Ձեզ հետ աշխատել: Օրինակներ ունե՞ք:
-Դեռ ոչ մի այդպիսի դեպք չունենք: Չեմ բացառում, որ կարող է լինել:
-Փորձը ցույց է տվել, որ նոր նշանակված մարզպետը նախկինի գործունեության մասով ստուգումներ է իրականացնում: Դուք ստուգումներ սկսե՞լ եք: Եթե այո, ապա չարաշահումներ բացահայտե՞լ եք:
-Ես անձնավորված ոչ մեկի արածը կամ չարածը չեմ պատրաստվում քննել: Ինչ խոսք, նախորդների ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, որոշումները պետք է ըստ անհրաժեշտության քննության առարկա դառնան: Ես ենթադրում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Ես կգնամ, մարզպետի պաշտոնը կթողնեմ, ինձնից հետո եկողը պետք է նաեւ վերլուծի, թե ես ինչ եմ արել: Անձնավորված ոչ մեկի արածները կոնկրետ չեմ սկսելու հետեւել, թե այսինչ մարզպետի օրոք այնինչ բանն է եղել: Բայց մի կարեւոր բան եմ ուզում ասել. չեմ պատրաստվում նախորդների չարածները կամ սխալ որոշումները դարձնել դրոշակ, այլ չարածները փորձելու եմ անել, իսկ արածների համար շնորհակալ եմ լինելու` անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելիությունից:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առեւտրի եւ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանն ասել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը եւ է՛լ ավելի խստացվի վերահսկողությունը: Նա հանձնարարել է խստացնել ապօրինի շինարարության եւ հողազավթումների հսկողությունը, կիրառել խիստ վարչարարություն: Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի»-ն ստացվել է 326 հեռախոսազանգ: Հ. Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետեւելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման ընթացքին: ««Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետեւենք եւ իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է նա։
ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ
Երեկ Գյումրու Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել. բախվել է 3 մեքենա՝ «Գազ 24» մակնիշի մարդատար, «Միցուբիշի-գրանդիս» մարդատար եւ «Ֆորդ-տրանզիտ» բեռնատար մակնիշի մեքենաները: Ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է 1941թ ծնված Ա. Մ.-ն, իսկ «Գազ 24» մակնիշի մեքենայի վարորդին տեղափոխել են Գյումրու բկ: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ` վարորդը անցել է ամբուլատոր հետազոտություն եւ դուրս գրվել: Մյուս երկու մեքենաների վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: