«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է մի շարք սերիալներից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանը: Նա խոսել է իր բնավորության՝ քչերին հայտնի գծերի, նախասիրությունների մասին: Դերասանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի բեմի, էկրանի մարդը, որն է իր մասնագիտության ամենահամով կողմը, եւ երբ են իրեն այցելում մուսաները: Նիկոլայը խոստովանել է, որ անուղղելի լավատես է, եւ մտերիմներն իրեն անգամ նախատում են դրա համար: Դերասանը խոսել է նաեւ իր էմոցիոնալ լինելու եւ ամեն մանրուքին ուշադրություն դարձնելու բնավորության մասին:
-Նիկոլա՛յ, դեռ մանկուց միշտ ձգտել եք…
-Ուշադրության կենտրոնում լինել թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բակում: Դա ինձ շատ էր դուր գալիս: Բացի այդ, միշտ փորձել եմ շուրջս համերաշխություն եւ խաղաղություն տարածել:
-Մի հարց, որը վերջերս Ձեզ շատ է մտահոգում:
-Այդպիսի հարցերը մի քանիսն են, բայց չեմ ցանկանա դրանց մասին բարձրաձայնել:
-Չեք դիմանում ցրտի՞ն, թե՞ շոգին:
-Չեմ սիրում ցուրտը: Բայց շոգն էլ չեմ սիրում: Նախընտրում եմ աշունը. խոնավ եղանակն իմ տարերքն է:
-Կուզենաք, որ Ձեզ միշտ հիշեն…
-Իմ գործով: Դերասանի դեպքում այլ ցանկություն հազիվ թե լինի:
-Մանկությունից ի՞նչն եք ամենաշատը կարոտում:
-Հայրս գործի բերումով հաճախ էր լինում երկրից դուրս: Մանուկ ժամանակ հորս գալուստին առանձնակի կերպով էի սպասում: Շատ եմ կարոտում այդ օրերը, այն անակնկալներն ու նվերները, որ անում էր հայրս: Դրանք շատ գունեղ էին դարձնում իմ առօրյան:
-Մի բան, որ բեմի, էկրանի մարդը երբեք չպետք է անի:
-Նա չպետք է խաբի, կեղծի: Հանդիսատեսն անմիջապես զգում է այդ ֆալշը:
-Ի՞նչ եք անում, երբ Ձեր զրուցակիցն անհետաքրքիր է եւ կպչուն:
-Լուռ եւ դանդաղ հեռանում եմ:
-Մեծամասնության կարծիքը կարո՞ղ է Ձեզ վրա ազդեցություն ունենալ այն դեպքում, երբ Դուք փոքրամասնության մեջ եք:
-Եթե առողջ կարծիք է հնչում, իհարկե, կարող է:
-Նախընտրում եք աշխատել ամբողջ գիշե՞րը, թե՞ աշխատանքը կատարել առավոտ վաղ:
-Սիրում եմ գիշերները արթուն լինել, եւ միշտ:
-Ո՞րն է Ձեր մասնագիտության «ամենահամով» կողմը:
-Շատ են, բայց ես կառանձնացնեի անծանոթների սերը: Դու փողոցով անցնում ես, մարդիկ մոտենում են, ջերմ խոսքեր են ասում կամ պարզապես ժպտում են: Այդ ամենն, իհարկե, շատ հաճելի է:
-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է համատեղել նվիրական աշխատանքն ու փող վաստակելը:
-Իհարկե, հնարավոր է:
-Մուսաները Ձեզ ե՞րբ են այցելում:
-Գիշերները, հատկապես, երբ մենակ եմ լինում:
-Տանել չեք կարողանում անպարտաճանա՞չ, անփո՞ւյթ, թե՞ աննրբանկատ մարդկանց:
-Անպարտաճանաչներին: Անփույթներին տանել կարողանում եմ, երբեմն նույնիսկ հետաքրքիր է նրանց հետ, ինքս էլ այդպիսին եմ:
-Շարունակե՛ք միտքը. «Պետք չէ փախչել մի բանից, որը…»:
-Նախատեսված է ի վերուստ եւ տրված է ճակատագրով, որն ուղղակի քոնն է:
-Վտանգ սպասո՞ղ, թե՞ անզգույշ տեսակ եք: Հարվածները, որոնք ստանում եք, սպասելի լինո՞ւմ են:
-Թեպետ անփույթ եմ, բայց հարվածների սպասում եմ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կնոջը դարձնում սեքսուալ:
-Շատ բաներ կան՝ ներսից եկող շարմը, կնոջ բնույթը, տեսակը, շարժուձեւը:
-Ամեն մանրուք սրտին մոտ ընդունող տեսա՞կ եք:
-Միանշանակ, եւ դա շատ է խանգարում ինձ: Մանրուքները կարող եմ դարձնել մեծ բան: Պատճառն այն է, որ չափից դուրս էմոցիոնալ եմ եւ ուշադրություն եմ դարձնում դետալներին:
-Լավատե՞ս եք, վատատե՞ս, թե՞ իրատես:
-Լավատես եմ, եւ մտերիմներս հաճախ նախատում են, ասում են, որ դա էլ մի բան չէ:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Հենց այս վերջին հարցը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՀՈՒՅՍԵՐ՝ ՄԵՍՉՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ինչպես հայտնի է, Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա Մատենադարանի նոր մասնաշենքի, 2015-ին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետն է: Արթուր Մեսչյանի՝ տվյալ պաշտոնում նշանակման լուրը մեծ մասամբ դրական արձագանք գտավ հայ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետների հետ:
Լեւոն Վարդանյանին, օրինակ, ուրախացրել է Մեսչյանի նշանակման լուրը: Իսկ բոլոր այն պնդումները, թե վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, եւ դրական տեղաշարժեր առանձնապես չեն գրանցվել, (1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստացել զբաղեցնելու Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Վերադառնալով Հայաստան` նա սկսել է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997-ին հրաժարվել է իր պաշտոնից եւ վերադարձել է Բոստոն), նա անհիմն է համարում. «Այն ժամանակ Մեսչյանն աշխատել է այլ համակարգում, հիմա արդեն կաշխատի ուրիշ մոտեցումներով, ուրիշ մթնոլորտում: Եթե նա որեւէ մեկից կախվածություն չունենա, կարծում եմ՝ աշխատանքն արդյունավետ կլինի: Առաջ ամեն ինչ վերեւներից էր որոշվում, հույս ունեմ՝ հիմա այլ կերպ կլինի»,-ասաց պարոն Վարդանյանը:
Անդրադառնալով որոշ ճարտարապետների այն պնդումներին, թե Երեւանին, առհասարակ, գլխավոր ճարտարապետ պետք չէ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Աշխարհում կան քաղաքներ, որոնք չունեն գլխավոր ճարտարապետ, բայց մենք չենք կարող նրանց փորձը վերցնել եւ մեխանիկորեն կիրառել մեզ մոտ: Եթե մեզ մոտ բոլոր օրենքները գործեին, ինչպես շատ ցիվիլ երկրներում, եթե համապատասխան համակարգ մշակված լիներ, գուցե եւ այդ պնդումը տեղին լիներ: Բայց այսօր Երեւանի դեպքում ուղղակի անհնար է առանց գլխավոր ճարտարապետի, նույնիսկ եթե ամբողջ ազգը հակառակը պնդի»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ այն համոզման է, որ Երեւանի խնդիրները միայն գլխավոր ճարտարապետը լուծել չի կարող, դրանք մեկ անձի գործունեությամբ պայմանավորված չեն. «Ամբողջ համակարգը պետք է փոխվի, այլապես ճարտարապետները դառնում են համակարգի կամակատար, հաճախ նաեւ զոհ: Ամեն դեպքում, ուրախ եմ Մեսչյանի նշանակման առթիվ: Նա փորձված ճարտարապետ է, լավ նախագծեր ունի, մարդկային որակներն էլ բարձր են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց պարոն Մինասյանը՝ հավելելով, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը հանելու մասին դեռ վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱԶԱՏ ԽԱՂԱՑՈՂ
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրելու տարբերակը: Շվեդ ֆուտբոլիստի` ամերիկյան ակումբի պայմանագիրն ավարտվում է ձմռանը, եւ հունվարին նա կարող է ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդյան թիմը հույս ունի 37-ամյա ֆուտբոլիստի հետ կարճ ժամկետներում լուծել արդյունավետության հետ կապված խնդիրները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որի կազմում նա 2010-ից 2012 թվականներին արդեն հանդես է եկել:
Հարձակվողը այս տարվա սկզբին տեղափոխվել է «Լոս Անջելես Գելեքսի», որի կազմում մինչ օրս 25 հանդիպման է մասնակցել եւ դարձել 22 գոլի հեղինակ:
ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ
Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) դուրս է մնացել պայքարից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Ջաբուրյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: