Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել:
Նրա տարածած հայտարարությունում ասվում է.
«Սիրելի շենգավիթցիներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Ձեզ հայտնի է, թե իմ ղեկավարած տարիների ընթացքում ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել մեր շրջանը:
Արել եմ այն, ինչ կարող էր անել իր շրջանն ու բնակիչներին սիրող յուրաքանչյուր ղեկավար։ Իհարկե, կան նաև բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Առանց ձեր օգնության ու աջակցության, բնականաբար, ես և աշխատակազմը չէինք կարող արդյունավետ իրականացնել նախանշված ծրագրերը:
Դուք մեզ օգնել եք ձեր պատարաստակամությամբ, միասնականությամբ ու նախանձախնդրությամբ, ինչի շնորհիվ էլ Շենգավիթը համարվել է մայրաքաղաքի լավագույն և առաջատար շրջաններից մեկը: Շնորհակալ եմ նաև աշխատակազմին, որը եղած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, որպեսզի շենգավիթցին իրեն հարմարավետ զգա։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում շրջանի նոր ղեկավարին: Որպես շրջանի բնակիչ նաև պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմանում նպաստելու և աջակցելու շրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին»: