ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել` կապված Բելառուսի հայտարարության հետ, որում ասվում է.
«ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել, եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը` առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:
Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:
Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ կապված ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի հետ քննարկելու համար։
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից միմյանց հակասող հայտարարություններով հանդես գալու համար: Մասնավորապես, ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստից հետո նա հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը: