Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցրեի հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։
Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։
Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ հարթակ։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն էր):