2018 թ. նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչներն Արցախում մասնակցեցին «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին և դրա առիթով կազմակերպված հանրային այլ միջոցառումներին:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու աջակիցները Արցախ ժամանեցին մեծ ավտոերթով:
Նշված միջոցառումների և ավտոերթի հիմնական նպատակն էր ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել որպես համահայկական օրակարգի գերակա հարց:
Ավտոերթը նվիրված էր Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին:
Երևանից դեպի Արցախ ճանապարհին ավտոերթին ողջունում, ինչպես նաև միանում էին տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները:
Բերձորում արցախցիները հոծ բազմությամբ աղ ու հացով և զուռնա-դհոլով դիմավորեցին ավտոերթի մասնակիցներին:
Դիմավորումը տեղի ունեցավ ճիշտ այն հատվածում, որտեղ 2015 թ. հունվարի 31-ին Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի կազմավորած և զինված ոստիկանաքրեական հրոսակախումբը ֆիզիկական բռնություն գործադրեց Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանի, Իգոր Մուրադյանի, Ալեք Ենիգոմշյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի, ինչպես նաև կանանց ու երեխաների նկատմամբ, ջարդուփշուր արեց ավտոերթի մասնակիցներին պատկանող տասից ավելի ավտոմեքենաներ, հափշտակեց և վնասեց նրանց մի մասի տեսախցիկներն ու հեռախոսները և թույլ չտվեց, որ ավտոերթը հասնի Արցախ: Իսկ մինչ այդ՝ հրոսակախումբը դաժանաբար ֆիզիկական հաշվեհարդարի էր ենթարկել Հիմնադիր խորհրդարանի ավտոերթին Արցախի կողմից դիմավորելու եկած Մխիթար Ավետիսյանին և Քերոբ Ղազարյանին:
Դիմավորումը խիստ հուզիչ և խորհրդանշական էր:
Ժողովուրդը սուրբ աղ ու հացով մաքրեց Բերձորյան ահաբեկչության խարանը, որ իշխանությունը յուրացրած հանցախումբը փորձում էր ներկայացնել որպես առնվազն նույն ժողովրդի համաձայնությանն արժանացած գործողություն:
Եռագույն դրոշներով, Սասնա Ծռերի դրոշներով և այլ տարբերանշաններով առանձնացող տպավորիչ ավտոերթը, որ ամեն քայլափոխի արժանանում էր ժողովրդի ջերմ ողջույններին ու ընդունելությանը, ապա նաև՝ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը նոր էջ բացեցին Արցախյան ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ՝ վերամեկնարկելով Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու նպատակով նրան միացնելու համահայկական օրակարգը:
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ նույն օրը, Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում:
Համագումարը միաձայն որոշեց հիմնադրել «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն, ընդունել նրա Ծրագիրը և հաստատել Կանոնադրությունը:
Համագումարն օրենքով և Կուսակցության Կանոնադրությամբ սահմանված կարգով որոշեց նաև ընտրել յոթը անդամից կազմված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմին (ըստ Կուսակցության Կանոնադրության՝ Քարտուղարություն)՝ Գեղամ Գրիգորյան (Քարտուղարության համակարգող), Մխիթար Ավետիսյան, Զարուհի Հակոբյան, Տիգրան Բրուտյան, Գագիկ Պետրոսյան, Գագիկ Եսայան, Տիգրան Պետրոսյան, երեք անդամից կազմված Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմին (ըստ Կուսակցության Կանոնադրության՝ Վերահսկիչ հանձնաժողով)՝ Արմեն Լուսինյան, Կարեն Հակոբյան, Արայիկ Պետրոսյան, ինչպես նաև կազմավորել տարածքային ստորաբաժանումներ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Շուշիի, Քաշաթաղի, Ասկերանի, Հադրութի վարչական շրջաններում:
Համագումարը նաև հայտարարություն ընդունեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգմամբ գործող «Սասնա Ծռեր» համահայկական շարժման մասնակից դառնալու մասին:
Զեկուցումներում և ելույթներում հստակ ընդգծվեց, որ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնական անելիքը պետք է դառնա Արցախը ՀՀ կազմում ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացումը և որ Արցախի կեղծ անկախությամբ պայմանավորված ներկայիս հակահայ և անհեթեթ վիճակի պատճառով է, որ կուսակցությունը հիմնադրվում է որպես առանձին կազմակերպություն, ուստի մինչ այդ պահը միայն ձևական-իրավական առումով կլինի առանձին, սակայն գործելու է որպես «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ամբողջական կազմակերպվածքի օրգանական բաղադրիչ:
Իր ամփոփիչ ելույթում Համագումարին «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադրի կարգավիճակով մասնակցող Ժիրայր Սէֆիլյանը պաշտոնապես հայտարարեց, որ եկել է ժամանակը, որ երևանյան նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխների հետ միասին պատասխանատվության ենթարկվեն նաև Բերձոր իրականացրած նրա ստեփանակերտյան ստորաբաժանման պարագլուխները: Միևնույն ժամանակ, հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը, այդ հանգամանքը չի կարող խանգարել բանակցելու Բակո Սահակյանի գլխավորած ռեժիմի հետ՝ Արցախում անցնցում իշխանափոխության նպատակով: Նա ուղիղ դիմելով Բակո Սահակյանին հորդորեց նշված նպատակով Սասնա Ծռերի պարզած ձեռքը օդի մեջ չթողնել:
Նա հույս հայտնեց, որ կա առանց ցնցումների իշխանափոխության հնարավորություն, ուստի հարկավոր է ամեն կերպով օգտագործել հենց այդ հնարավորությունը և դրա շնորհիվ սահուն կերպով կյանքի կոչել Արցախը ՀՀ-ի կազմում ներառելու համահայկական օրակարգային գերնպատակը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն