Ի՞ՆՉ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՀՔԾ ՊԵՏԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա` հոկտեմբերի 23-ի հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: ԱԺ-ում կայացած քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 53 պատգամավորներ, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի տվյալներով` քվեարկությանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված Վահե Գրիգորյանի օգտին կողմ է քվեարկել 30, դեմ` 23 պատգամավոր: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է արդեն երրորդ անգամ: Ավելի վաղ այդ պաշտոնում առաջադրվել էին Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունները, որոնք չէին ընտրվել: Ինչեւէ, քվեարկությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ մարտի 1-ի գործով քննության ընթացքի մասին:

-Պարո՛ն Գրիգորյան, մարտի 1-ը այդպես էլ մնում է չբացահայտված: Ի վերջո, ունենք այն իրավիճակը, որ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք կալանավորվեցին, մեղադրանք առաջադրվեցին Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նախկին նախագահների թիմակիցներին է մեղադրանք առաջադրվում, բայց այդպես էլ գործը օբյեկտիվորեն չի բացահայտվում:
-Ձեր հարցին սպառիչ պատասխան տալու համար ես պետք է գործի բոլոր նյութերին մուտք ունենամ: Ես չգիտեմ` այս պահի դրությամբ գործով ինչ է տեղի ունենում, բայց տեղյակ եմ, որ գործը ինտենսիվորեն առաջ է գնում: Ես չեմ ուզում այս հարցին մոտենամ քաղաքական երանգավորմամբ, չնայած սա ծայրից ծայր քաղաքական հարց է, որը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Կարծում եմ, որ գործում նախաքննության ընթացքի եւ արդյունավետության վերաբերյալ գնահատական տալու հնարավորություն կլինի մեկ-երկու ամսից, երբ կոնկրետ հուսով եմ` արդյունքներ հատուկ քննչական ծառայությունը կհրապարակի, եւ չի բացառվում, որ գործեր կգնան դատարան:
-Եթե օբյեկտիվ մոտենանք իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, իսկ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն կանչում հարցաքննության: Ի վերջո, նա էր կազմակերպել, մարդկանց հրավիրել հանրահավաքի, ու եղավ այն, ինչ եղավ:
-Տեսեք, երբ դեպքը քննում ենք, քննում ենք քրեական դատավարության սկզբունքներով, եւ սպանության դեպքում սպանողին եմ մեղադրում, ծեծի դեպքում ծեծողին եմ մեղադրում:
-Իսկ անձի՞ն, ով կազմակերպել է:

-Հանրահավաք հրավիրողին քրեական մեղադրանք նախատեսված չէ Հայաստանի Հանրապետությունում: Ինչ է նշանակում` մարդկանց հրավիրել է, եւ մարդիկ էլ գնացել են, բայց ելքը ինչ է` սպանություն, սպանողին են մեղադրում:
-Իսկ անձը, որը հրավիրել է, ըստ էության, կազմակերպիչն է, իրեն չպե՞տք է հարցաքննել:
-Այդ հարցը ուղղեք ՀՔԾ-ին, բայց եթե դուք լրահոսին հետեւել եք, առաջին նախագահը դեպքի վերաբերյալ մանրամասն բացատրություններ, իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը կարծեմ մեկ օր անց հրապարակել է, եւ իր այդ հրապարակումներից է շատ բան հայտնի եղել մարտի 1-ի վաղ առավոտյան դեպքերի վերաբերյալ, այսինքն` ես չեմ պատկերացնում դրանից ավել էլ ինչ…:
-Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների` ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք: Ի վերջո կա՞ն կոնկրետ սպանվածների վերաբերյալ ապացույցներ, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ, առհասարակ, որեւէ գործ դատարան անգամ չի գնացել սրա հետ կապված:
-Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել:
-Խոսքը Տիգրան Աբգարյանի՞ մասին է:
-Այո, ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին:
-Սեպտեմբերի 11-ին ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով նաեւ Ձեր անունը հնչեցվեց: Մասնավորապես`
Սասուն Խաչատրյան – Ընգեր, որեւէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
Արթուր Վանեցյան – Ահա, ահա:
Սասուն Խաչատրյան – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:
Արթուր Վանեցյան – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:
Սասուն Խաչատրյան – Հա, Վահեն կխոսա, ախպեր ջան:
Որպես փորձագետ նաեւ ինքը Եվրադատարանում ա չէ՞ ներկայացնում:
Ի վերջո, խոսեցի՞ք, հանդիպեցի՞ք ՀՔԾ պետին:
-Հանդիպել ենք եւ այդ գործի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ ունենում ենք, ոչ այդքան ինտենսիվորեն, կապված է գործի դինամիկայից, երբ անհրաժեշտություն լինում է, այո, հանդիպում ենք:
-Մի փոքր կմանրամասնե՞ք հանդիպումների կոնկրետ խոսակցությունը:
-Այո, եթե այն հանդիպումն է, որը ես հիշում եմ հիմա, ես այդ ժամանակ փոխանցել եմ Եվրոպական դատարանի կողմից նախադեպային իրավունքի երկու կամ երեք վճիռների թարգմանված հատվածներ, որպեսզի նրանք դա քննության ընթացքում հաշվի առնեն: Դրանից հետո ես խնդրել եմ հնարավորության սահմաններում հնարավորություն ընձեռելու գործի նյութերին ծանոթանալու, նախաքննության գաղտնիքի հետ կապված խնդիր կար, իրենք ինձ ասացին, որ առայժմ չեն կարող տրամադրել: Ու էլի ենք հանդիպելու, քանի գործը գնում է… մենք մեղադրանքի կողմն ենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՆ ԳՈՐԾՈՎ
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գրանցվեց առաջին «էլիտար գողությունը»: Ենթադրյալ հանցագործները թալանեցին ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տունը: Ու հիմա, պարզվում է, գործով տարվող քննությունը կասեցվել է:
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Վերջինիս հրաժարականից երկու շաբաթ անց ենթադրյալ հանցագործները գողություն էին իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող ամառանոցից: Մասնավորապես, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից, ըստ մամուլի հրապարակումների, տարել են սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր: Ըստ նախնական վարկածի` գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով: Այդ տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու` Նարեկ Հովսեփյանի անվամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ:
Եվ ահա իրականացված քննությունից 4 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 18-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության 31 հոդվածի առաջին կետի մասով քրեական գործը կասեցնել. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Ասել է թե` իրավապահներին չի հաջողվել պարզել, թե ով կամ ովքեր են եղել այն անձինք, որոնք գողություն են կատարել Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող առանձնատնից: Հիշեցնենք, որ 2008 թվականին Հովսեփյանների ընտանիքը կրկին հայտնվել էր գողերի թիրախում: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը` ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը գողություն կատարելու նպատակով մուտք էր գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել էր Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ նրա փախուստը` չնայած ցուցաբերված դիմադրությանը:
Պարզվեց, որ գողության փորձ կատարողը եղել էր երեք անգամ դատված Արտակ Կարապետյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՈՐԱԾԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեւանի «Շենգավիթ» բկ-ում նախօերին նորածին է մահացել: Հարազատները վստահ են, որ դժբախտությունը տեղի է ունեցել բժշկի մեղքով, եւ դիմել են իրավապահներին: Ծնունդն ընդունել է բժիշկ Արաքս Հակոբյանը, որին հարազատները մեղադրում են անուշադրության մեջ: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն, ըստ մահացած նորածնի հորեղբոր, ասել է, թե փոքրիկը գլխի հետ կապված խնդիր ունի եւ ապրելու դեպքում կարող է թերզարգացած լինել: Հարազատներին վրդովեցրել է նաեւ այն ձեւը, որով իրենց տեղեկացել են փոքրիկի մահվան մասին: «Ոտքի վրա գալիս են, ասում՝ ձեր երեխայի մահվան վկայականի համար այսինչ թղթերն են պետք: Այդպիսի բանը ոտքի վրա ո՞վ է մոր ներկայությամբ ասում»,-ասել է հորեղբայրը։ Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ։ «Շենգավիթ» բկ-ի պարզաբանման մեջ նշված է. «Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթեւ Հովսեփյանը` ծննդալուծման: Առաջին փուլն ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում խիստ տուժել է պտղի սրտի բաբախը: Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով: Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների` նորածինը մահացել է:

 

 

ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել: Սիմոնյանը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի տեղի եւ ժամի մասին, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդել է մյուս նիստին նրա ներկայությունն ապահովելու համար Սիմոնյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչն էլ դատարանը բավարարել է։ Նման որոշում է կայացրել դատավոր Աննա Դանիբեկյանը։ Հայկ Սարգսյանը մեղադրվում է Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

 

 

ԴԱԺԱՆ ԴԵՊՔ
Երեկ դաժան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի 45-ամյա Արսեն Մկրտչյանին եւ կտրել նրա պարանոցը։ Ա. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բկ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երեւան։ Փաստի առթիվ Ք. Քոչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները վնասազերծել են կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես տեղափոխել են Մարտունու բկ։ Սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։




Լրահոս