ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Հայաստան` պաշտոնական մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 20-ին Ռուսաստան եւ Կովկաս այց է իրականացնում ԱՄՆ նախագահի մեկ այլ խորհրդական Ջոն Բոլթոնը, որը նույնպես բարձր մակարդակի շփումներ է ունենալու Հայաստանում: Մեկ շաբաթվա մեջ կարծես չափազանց հաճախակի բնույթ է կրում ԱՄՆ նախագահի խորհրդականների ներկայությունը Հայաստանում:

Ռուդոլֆ Ջուլիանիի` Հայաստան այցը ակնհայտորեն սպասելի չէր հանրության լայն շրջանակների համար, եւ այնպիսի տպավորություն էր, որ հապճեպորեն կազմակերպված էր ու կանխավ չպլանավորված: Ջուլիանին նախկինում Նյու Յորքի քաղաքապետն էր, որն այսօր էլ բավականին մեծ հարգանք է վայելում ԱՄՆ քաղաքական շրջանակներում: Նա առաջին պետական ու քաղաքական գործիչներից էր, որը 2016թ. նախագահական ընտրություններում հայտարարեց Դոնալդ Թրամփին սատարելու մասին` որոշակիորեն սպառնալով իր վարկանիշին: Այն ժամանակ կայացած քաղաքական գործիչները չէին շտապում Թրամփին սատարելու մասին հայտարարել` փորձելով հեռավորություն պահել նախագահի թեկնածու հակասական կերպարից: Սակայն Ջուլիանին գնացել էր այդ ռիսկին, որն էլ արդյունքում արդարացվեց: Ավելին` Թրամփը նրան դիտարկում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար, եւ ինչ-որ պահի շրջանառվող տեղեկություններով` Ջուլիանիի պաշտոնական նշանակումը լիովին իրական էր թվում: Սակայն Թրամփը նախընտրեց Թիլլերսոնին, իսկ Ջուլիանին դարձավ նախագահի խորհրդականը: Թրամփի ու Ջուլիանիի համագործակցությունը հազիվ թե կարելի է համարել պաշտոնական, քանի որ այն առավելապես անձնական մտերմության բնույթի է:
Թրամփը Նյու Յորքի հայտնի գործարարներից է եղել, եւ Ջուլիանիի հետ հարաբերությունները շատ վաղուց են ձեւավորված: Ավելին` այսօր Ջուլիանին համակարգում է Թրամփի փաստաբանների աշխատանքը, որոնք պաշտպանում են նախագահի շահերը ԱՄՆ արդարադատության նախարարության իրավասությունների շրջանակներում հարուցված եւ քննվող քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է Թրամփի` նախընտրական քարոզարշավում ռուսական հետքի փնտրտուքին: Ջուլիանին բազմիցս հայտարարել է, որ Թրամփն անմեղ է, իսկ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պետք է օր առաջ դադարեցնի հետաքննությունը: Եվ ահա պատկերացնելի է, թե որքան է Թրամփը վստահում Ջուլիանիին, որին հանձնարարել է իր նախագահության ամենալուրջ սպառնալիքի դեմ պայքարը: Հետաքրքիր է, որ Ջուլիանիին Հայաստանում ուղեկցում էր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ որոշ տեղեկությունների` հենց Աբրահամյանն է հրավերի նախաձեռնողն ու Ջուլիանիի այցելության կազմակերպիչը: Սա բավականին հետաքրքիր փաստ է, որը կարող է նույնիսկ շահարկվել ամերիկյան պարբերականներում ցույց տալու համար Թրամփի ամենավստահելի խորհրդականի ու ռուսական իշխանությունների հետ մերձ կապեր ունեցող Ա. Աբրահամյանի գործակցությունը: Ինչեւէ, Աբրահամյանը բավականին հաջող նախաձեռնությամբ էր հանդես եկել` հնարավորություն ստեղծելով Հայաստանի իշխանությունների համար ուղղակի հարաբերվելու Վաշինգտոնի քաղաքականության մշակողներից մեկի հետ: Հաշվի առնելով Ջուլիանիի անձնական ու քաղաքական դերակատարությունը ԱՄՆ նախագահի վարչակազմում` նրա հետ կարելի էր ավելի բաց ու անկեղծ քննարկումներ ունենալ: Այդ համատեքստում Հայաստանի ղեկավարությունը պիտի փորձած լինի Ջուլիանիից պարզելու, թե ինչպիսի վերաբերմունք ունի Թրամփը Հայաստանի նկատմամբ եւ ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորությունում է դիտարկում Հայաստանը: Ջուլիանին այս տեսնակյունից չափազանց հաջող գործիչ էր, որի հետ հանդիպումը նախ թույլ պետք է տար ՀՀ ղեկավարությանը հասկանալ ԱՄՆ նախագահի անձնական վերաբերմունքն ու պատկերացումը, ապա նրան փոխանցել նույնպիսի մի մեսիջ:
Ի տարբերություն Ջուլիանիի` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունն այլ օպերայից է: Բոլթոնը Թրամփի նեղ շրջանակում չկա եւ, ըստ էության, ԱՄՆ նախագահի հետ համագործակցում է կոշտ արտաքին քաղաքականության շրջանակներում: Բոլթոնը սատարում էր 2003թ. Իրաքի պատերազմը, եղել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը Ջորջ Բուշի նախագահության շրջանում, եւ նրա անունը նույնպես շրջանառվում էր որպես Թրամփի պետքարտուղար: Այսօր Բոլթոնը աշխատում է Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ, եւ պատահական չէ, որ տարածաշրջան է գալիս ԱՄՆ-ի համար թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարաբերությունների տեսանկյունից զգայուն ժամանակաշրջանում: Հաշվի առնելով Բոլթոնի քաղաքական հայացքներն ու արտաքին քաղաքականության տեսլականը, որ նա արտահայտել է բազմաթիվ ամբիոններից` Հայաստանը բացակայում է նրա անձնական հետաքրքրություններում ու առաջնահերթություններում: Տարածաշրջանում նրան հետաքրքրող պետությունը թերեւս Ադրբեջանն է, իսկ Վրաստանը վաղուց է վերածվել ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ դաշնակցի: Սակայն նույնիսկ քաղաքավարական այցը Հայաստան արդեն իսկ նշանակալից է` հաշվի առնելով հանգամանքը, որ տարիներ առաջ ԱՄՆ փոխնախագահ Չեյնին, կրկին Իրանի օրակարգով գտնվելով տարածաշրջանում, այդպես էլ չայցելեց Հայաստան: Ակնհայտ է, որ Բոլթոնին Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու սիրաշահել ու փոխել կարծրացած այդ մարդու պատկերացումները: Սակայն այցը որպես առիթ պետք է օգտագործվի Հայաստանի դիրքորոշումը անկեղծաբար ներկայացնելու համար, քանի որ հեղափոխությունից հետո լուրջ կարիք կա աշխարհին բացատրելու ՀՀ քաղաքական առաջնահերթություններն ու դրանց սահմանումները: ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները Բոլթոնի հետ քննարկումները պետք է անցկացնեն ռեալպոլիտիկի շրջանակներում` նախ եւ առաջ ներկայացնելով Հայաստանի տեսլականը, Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների քաղաքական շահերը եւ լուրջ ակնարկներ անելով ԱՄՆ-ՀՀ փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԾԱՂԿԱՍԱՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

Փոքր Արտենի լեռան հարավ-արեւմտյան լանջին տեղադրված Ծաղկասար գյուղը դատարկվում է: Այս մասին ահազանգում է գյուղապետ Հովհաննես Աբաջյանը: Նրա խոսքերով` թեեւ գյուղն ունի 78 բնակիչ, բայց այսօր այնտեղ փաստացի ապրում է 38-ը:

«Թողել են ու գնացել Երեւան, Թալին: Այստեղ աշխատատեղ չկա, դպրոց չկա: 2008 թվականին Ծակասարում ապրել է 18 ընտանիք, իսկ հիմա` 9»,- ներկայացրեց գյուղապետը: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուղն ունի 9 աշակերտ, որոնք ամեն օր առավոտյան ավտոբուսով գնում են հարեւան 7 կմ Ծաղկասարից հեռու գտնվող Մաստարայի դպրոց: «Ես խնդրեցի մարզպետարանից կարգավիճակ տալ դպրոցին, որ գոնե ութամյա աշխատի: Ո՞նց եք պատկերացնում, մարդը ինչպե՞ս կարող է 8 առարկայի տիրապետել, ունիվերսալ ուսուցիչներ չեն լինում չէ՞: Իսկ մեր դպրոցն ուներ 2 ուսուցիչ, որոնք տարբեր դասարանների պետք է դասավանդեին, դրա համար էլ փակվեց»,- փոխանցեց Աբաջյանը:
Բայց սա դեռ ամենը չէ. ըստ գյուղապետի` գյուղի դատարկվելու գլխավոր պատճառներից մեկը դեպի Ծաղկասար մտնող 1.8 կմ ճանապարհն է, որն անմխիթար վիճակում է: «Անանցանելի ճանապարհ է, մեր ամենացավոտ խնդիրն է: Պատկերացրեք, որ ոչ մի առեւտրական այս ճանապարհով գյուղ չի բարձրանում: Մյուս գյուղերում կաթի մեկ լիտրը 170 դրամով են մթերում, իսկ մեր բնակիչներից` 140-ով: Մթերողը մինչեւ հասնում է գյուղ, մեքենան փչանում է: Պատկերացրեք, որ տաքսու վարորդին խնդրում ենք գա, հիվանդին տանենք բժշկի, հրաժարվում է»,- ցավով նկատեց գյուղապետը:
Բացի այս, գյուղապետը մեկ այլ խնդրի շուրջ եւս բարձրաձայնեց. պարզվում է, որ ծաղկասարցին այսօր հող չի կարողանում մշակել, չունի ոչ մի տեսակի գյուղնշանակության տեխնիկա: Ծաղկասարն ունի 92 հա վարելահող, որը ընդհանրապես չի մշակվում, «անգամ մեկ հատիկ ցորեն չի ցանվում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՉՈՒՆԵՆ
Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բողոքել են, որ աշնան երկրորդ ամիսն է վերջանում, սակայն իրենք ձմռան վառելափայտի խնդիրը դեռ չեն լուծել: Նախորդ տարիներին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին անվճար, ինքնապատրաստմամբ փայտի 8 խորանարդ մետր թափուկ է տրամադրվել, սակայն այս տարի այդ թափուկը հեռու սարերում, թեք անտառներում է տրվել, որը հանելու համար հատուկ տեխնիկա եւ մեծ քանակի վառելանյութ է հարկավոր, մարդիկ ի զորու չեն հավաքել այդ թափուկները: Իսկ մարզի անտառտնտեսությունների կողմից վաճառվող վառելափայտը թանկ է, գյուղացիներն իրենց առանձնատները ջեռուցելու համար մեծ գումար չեն կարող վճարել: «Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքներից այս տարի հատումների համար աճուրդով տրվել է 6 հատատեղ, 3 հատատեղ էլ անտառտնտեսությունն է շահագործում: Այս տարի այդ անտառտնտեսությունում հատումների պլանը կազմում է 4500 խորանարդ մետր, որից 306 խմ-ն` շինափայտ: Սեւքարի անտառտնտեսության պահեստում մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 21 հազար 600 դրամ է:
«Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառտնտեսության տարածքում ընդհանուր առմամբ 14 հատատեղ կա: Դրանցից 7-ը գործարարները ձեռք են բերել աճուրդով, ուր անտառկառավարման պլանի համաձայն` հատման ենթակա, կնքված ծառերի հատում են կատարում: Մնացած 7 հատատեղը սպասարկում է Նոյեմբերյանի անտառտնտեսությունը: Անտառտնտեսության Կողբ գյուղում գտնվող պահեստում պատրաստի վառելափայտի խորանարդ մետրի գինը 20 հազար 80 դրամ է: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար մեկ խորանարդ մետրի գինը սահմանված գնից կիսով չափ զեղչով է որոշվել` 7200 դրամ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար թափուկ վառելափայտը թեեւ հեռու տարածքներում է հատկացվել, սակայն սահմանամերձ գյուղերի բնակիչները կարողանում են օգտվել դրանից: Գ. Խասիկյանը որպես դրական օրինակ բերեց սահմանամերձ Կոթին, որտեղ բարձր անցողունակություն ունեցող մի բեռնատարով կոթեցիների մի խումբ կարողանում է Նոյեմբերյանի սարի անտառում տապալված ծառերի փայտը հանել, գյուղ ներկրել:
Սահմանամերձ Բարեկամավանի բնակիչներին, որպես բացառություն, ձմռան վառելափայտը ինքնապատրաստմամբ անվճար է հատկացվել: 2018թ. օգոստոսի 11-ին Հաղարծին գյուղում Նիկոլ Փաշինյանը իր հայրենակիցներին հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին կոչ անելով անջատել «դրուժբաները եւ միացնել միտքը»: Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիպման ժամանակ բնակիչը Ն. Փաշինյանին հարց տվեց ձմռան վառելափայտ հայթայթելու դժվարությունների մասին, վարչապետն ասաց, որ հարկ է վառելափայտի փոխարեն ծղոտից եւ չորացած խոտից բրիկետներ օգտագործել, որոնք ավելի շատ ջերմություն են ապահովում: Տավուշի մարզում դեռեւս նման բրիկետներ չեն պատրաստվում, չեն վաճառվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս