ՎԱՐԱԳՅԱՆԻ ԴԵՄ ԵՎՍ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երեք ամիս ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում (խոշորացված Անի համայնք) բողոքի ակցիաներ էին. տեղացիները պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նրանք նաեւ «գրավել էին» քաղաքապետարանի շենքը եւ թույլ չէին տալիս ելումուտ անել: Ըստ որոշ տեղեկությունների` բողոքի ակցիաներ` քաղաքապետի հրաժարականի պահանջով, նախատեսվում է իրականացնել նաեւ Շիրակի մյուս` Արթիկ քաղաքում:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարալիկում բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ քաղաքապետարանում ՀՀ վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ե՛ւ Անիի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի, ե՛ւ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:

Անիի քաղաքապետ Արտակ Գեւորգյան
-Պարո՛ն Գեւորգյան, Մարալիկում հիմա ի՞նչ իրավիճակ է: Ձեզ հանգի՞ստ են թողել…
-Հա, մենք աշխատում ենք համայնքապետարանում, զուգահեռ նաեւ ընթանում են Վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ստուգման աշխատանքները: Փորձում ենք ե՛ւ մեր աշխատանքները համատեղել, ե՛ւ կազմակերպել այն գործողությունները, որոնք իրենք են կատարում:
-Այս պահին քաղաքապետարանում միայն վերահսկողական ծառայությո՞ւնն է ստուգումներ իրականացնում: Ե՞րբ կավարտվեն դրանք:
-Այո, ամեն դեպքում, դեռեւս ընթացքի մեջ է: Ստուգումները նախատեսված ժամկետներ ունեն: Հնարավոր է` դրանք տեւեն մինչեւ ամսվա վերջ:
-Այս ընթացքում չարաշահումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:
-Էական բաներ չեն խոսվում: Դե, դեռ ուսումնասիրում են: Եթե լինում են հարցեր, ապա փորձում ենք քննարկել, պարզաբանել:
-Իսկ բողոքող կողմը շունչը պահած սպասում է ստուգումների ավարտին…
-Ինչ որ տեղ ոչ միայն դա, նաեւ փորձում են ստվերային մասնակցություն ունենալ այս ստուգումների մեջ: Իրենց ունեցած պատկերացումներով մասնակցություն են ապահովում: Ամեն դեպքում, իրենց խնդիրը մեկն է` հավակնել Անի համայնքի ղեկավարի աթոռին:
-Այսինքն` վերահսկողական ծառայության ստուգումների՞ մեջ են փորձում խառնվել:
-Ահա:
-Դեպքեր, օրինակներ կա՞ն: Ո՞ւմ կողմից է կանխվել… Գալիս են, մտնում քաղաքապետարան ու ստուգումներին մասնակցո՞ւմ…
-Այո, մտնում են, նաեւ քաղաքացիներին են ուղղորդում: Բնականաբար, մենք կանխելու ոչ մի գործառույթ կամ ինչ-որ նման կարգի նպատակ չունենք:
-Պարո՛ն Գեւորգյան, մինչ այս ո՞ր պետական հիմնարկի կողմից է ստուգումներ իրականացվել քաղաքապետարանում:
-ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է ստուգումներ իրականացրել, Շիրակի մարզպետարանի կողմից ուղարկված աշխատանքային խումբն է ուսումնասիրել: Որեւէ էական առարկություններ կամ ինչ-որ խնդիրներ չեն հայտնաբերվել:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյան
-Պարո՛ն Վարագյան, տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Ձեր դեմ են բողոքի ակցիաներ լինելու…
-Էդ ո՞վ է որոշել, որ Արթիկում է լինելու…
-Ոչ թե ով է որոշել, այլ լուրեր են շրջանառվում, որ բողոքի ակցիաներ նախատեսվում է իրականացնել նաեւ Արթիկում Ձեր դեմ…
-Դե երբ որ պատրաստվեն գը, բողոքի ակցիաներ կանեն, այն ժամանակ կխոսենք, ուրի՞շ…
-Դուք չե՞ք լսել այս մասին, չե՞ք վախենում…
-Չէ, չեմ լսել կամ ինչո՞ւ պետք է բողոքեն որ…
-Պարո՛ն Վարագյան, Մարալիկում գործող քաղաքապետի դեմ, ըստ որոշ տեղեկությունների, բողոքում են նախկինում քաղաքապետի թեկնածու առաջադրված անձինք…
-Դե Մարալիկի անունը Մարալիկ է, Արթիկի անունը` Արթիկ, պրիչոմ Մարալիկը Արթիկի հետ…
-Այսինքն` Դուք թշնամիներ չունե՞ք:
-Ո՞նց կարող է ես թշնամիներ ունենամ, եթե ես ժողովրդի կողմից եմ ընտրվել:
-Արթիկի քաղաքապետարանում ստուգումներ անցկացվե՞լ են այս ընթացքում:
-Ես երբ եկել եմ այստեղ աշխատանքի, մինչ օրս ստուգումներ են անցկացնում:
-Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը:
-Չգիտեմ` ինչն է պատճառը, իրավապահ մարմիններին դիմեք, նրանք էլ կտեղեկացնեն Ձեզ:
-Չեն վստահում Ձեզ, դրա համար են ստուգո՞ւմ:
-Ո՞վ չի վստահում. հորինած, անանուն նամակներ են մտածում, ուղարկում են եւ դրանց հիման վրա էլ ստուգումներ են անցկացնում եւ որեւէ «արդյունք» չեն կարողանում գրանցել: Ես հենց եկել եմ աշխատանքի, երկու ամիս անց անցել են ստուգելու, եւ այդ ստուգումները գնում են մինչեւ հիմա: Ես անձամբ եմ պատկան մարմիններին դիմել, նաեւ վերահսկողական ծառայությանը: Գրավոր եմ դիմել, որ գան իմ մոտ, ստուգումներ անցկացնեն:
-Եւ եկե՞լ են, ստուգումներ անցկացրե՞լ են:
-Եւ եկել են, այո:
-Չարաշահումներ, խախտումներ, թերություններ հայտնաբերվե՞լ են:
-Ինչո՞ւմ պետք է չարաշահում հայտնաբերեն. որ եղած լիներ, հիմա հաստատ Դուք տեղյակ կլինեիք:
-ՀՀԿ-ից դուրս կգա՞ք:
-Հա, ես դուրս եմ եկել:
-ՔՊ-ին հնարավո՞ր է միանաք:
-Ես քաղաքապետ եմ աշխատում, անկուսակցական եմ եւ որեւիցե կուսակցական գործունեություն չեմ ուզում ծավալել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՉԼՈՒԾՎԱԾ ԹՆՋՈՒԿԸ

Գյումրի քաղաքում ճանապարհներից ավելի վատ վիճակում են գետնանցումները: Հետիոտնի անվտանգ անցման համար նախատեսված 6 գետնանցումներից իր նպատակին լիարժեք ծառայում են 2-ը: Երկուսն էլ վարձակալության են տրված, սակայն չեն գործում. դրանք են Խրիմյան Հայրիկի եւ Շիրակացի փողոցներում գտնվող գետնանցումները:

Նշենք, որ Շառլ Ազնավուրի հրապարակում` «Շիրակ» հյուրանոցի կիսաքանդ շենքի հարեւանությամբ գտնվող գետնանցումը, Վ. Սարգսյան փողոցում՝ մարզպետարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումը, Շիրակացու եւ Ալեք Մանուկյան փողոցի հատման կետում առկա գետնանցումները 88-ի աղետից հետո չեն ծառայել իրենց նպատակին: Դրանք հիմնականում լցված են աղբով եւ արդեն ծառայում են որպես արտաքնոց:
Գետնանցումներում կա երեսպատման, հարդարման, ջրամեկուսացման եւ լուսավորության անհրաժեշտություն: Երկու ստորգետնյա անցումում վարձակալական հիմունքներով գործում են առեւտրի եւ սպասարկման կետեր: Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում նախատեսվում էր մյուս անցումների նորոգումն ու վարձակալության հանձնումը, սակայն ծրագրի այդ կետը իրականություն այդպես էլ չդարձավ: Նախատեսվում էր վարձակալությունից գանձվող գումարներն ուղղել անցումների հիմնանորոգմանը եւ լուսավորության ցանցի վերանորոգմանը:
Գյումրու գետնանցումների նորոգումը ներառված էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրում: Ինչպես փողոցաշինության դեպքում, գետնանցումների հետ կապված եւս մի շարք նախագծային խախտումներ են ի հայտ եկել: Դրանք հիմնականում կապված են գետնանցումների ամրության ու դիմակայության հետ: «Գետնանցումներում ամբողջական ուսումնասիրության կարիք կա: 88թ. աղետից հետո գետնանցումները չեն ուսումնասիրվել: Մեր ձեռքին որեւէ փաստաթուղթ չկա: Առանց այդ ամեն ինչը հաշվի առնելու նախագիծ է կազմվել: Ներկայացվում է, որ խնայողություններ են արվում, բայց գետնանցումների պարագայում չի կարելի խնայողություն անել, քանի որ դա ուղիղ ազդում է աշխատանքների որակի վրա»,-ասում է Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Գյումրու գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ էլ՝ նախագիծը փորձաքննության ենթարկվել է, կազմված կարծիքն էլ եղել է դրական: Ընդամենը ակնադիտական ուսումնասիրություններն են վկայել, որ գետնացնումներն ամուր են ու հիմնանորոգման անհրաժեշտություն չկա: Սակայն սեյսմիկ ռիսկը չի գնահատվել: «Սեյսմիկ ծառայությունը դա առանձին ինստիտուտ է: Աղետից հետո պարտադիր էր, որ բոլոր կառույցներում իրականացվեին: Սակայն չի արվել, նախագծման ընթացքում էլ հաշվի չի առնվել»,- ավելացրեց փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Ըստ նախագծի՝ նախատեսված էր ջրահեռացման համակարգի մաքրում, սակայն շինարարը խնդրի առաջ է կանգնած: Աշխատանքների իրականացումը գրեթե անհնար է: Անհրաժեշտություն կա համակարգը փոխել ամբողջությամբ, ինչը նախագծով նախատեսված չէր: Արտաքին սալիկների հետ կապված խնդիր էլ կա: Պարզվում է` սալիկների քանակը ճիշտ չի հաշվարկվել, կամ էլ սալիկների որոշ մասն անհետացել են:
Գյումրու քաղաքապետարանն արդեն դիմել է նախագծային փոփոխությունների համար: Նախագծողը մեղադրում է շինարարին, շինարարը պատվիրատուին եւ այդպես շարունակ, արդյունքում աշխատանքն է ձգձգվում: Հիմա նախագծային փոփոխություններին զուգահեռ աշխատանքային նոր խումբ է ստեղծվելու, նոր աշխատուժի անհրաժեշտություն եւս կա, քանի որ նախագծով նախատեսված աշխատանքները նշված ժամկետում ավարտելը անհնար է:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ Է
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, պատասխանելով հարցին, թե ՀՀ նախկին կառավարությունները մշտապես դիմել են ՌԴ կառավարություններին, որպեսզի գազի գործարքի գինը հաշվվի ՌԴ ազգային արժույթով՝ ռուբլով, պատասխանել է. «ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է գազի գնի համար անցումը ռուբլուն։ Շատ բնական ու հետեւողականորեն երկար ժամանակ այս հարցը՝ ազգային արժույթներով հաշվարկին անցնելը, բարձրացվում է, եւ ՌԴ-ի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում սա այսօր դարձել է միանգամայն գերակա: Մենք մեզ չենք կարող թույլ տալ մեր երկրների միջեւ գործարքային հաշվարկներում օգտագործել դոլարը, որովհետեւ այն այսօր դարձել է տոքսիկ արտարժույթ»,- հայտարարեց Սերգեյ Գլազեւը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պատմության ողջ ընթացքում միտումն այն է, որ ռուբլին դառնում է այս միության շրջանակներում առեւտրաշրջանառության գլխավոր միջոցը: Նա ասուլիսի էր եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Նրանք Հայաստանում են Եվրասիական տնտեսական միության երրորդ ֆորումի շրջանակներում: Արա Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, որ բիզես ֆորումին հայաստանյան բիզնեսը ներկայացված չէր։




Լրահոս