«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ճարտարապետական խնդիրների, քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների, Արթուր Մեսչյանի` Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ, որը եւս առաջադրել էր իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Տիկին Թարխանյանը կարծիք է հայտնել, որ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ առումով պատրաստ չէ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն, սակայն հույս է հայտնել, որ բարի կամքը որոշիչ կլինի խնդիրների լուծման հարցում: Նա նաեւ նշել է, թե որն է մայրաքաղաքին առնչվող ճարտարապետական այն խնդիրը, որն անհրաժեշտ է հրատապ լուծել:
-Տիկի՛ն Թարխանյան, նկատել ենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հանդեպ չեք կարողանում անտարբեր մնալ, պարբերաբար հանդես եք գալիս մեկնաբանություններով: Այսօր հատկապես ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
-Հայկ Մարությանը պետք է ավելի զգույշ լինի իր հայտարարությունների մեջ: Օրինակ՝ երկար տարիներ բոլորս պայքարել ենք թամանյանական կենտրոնի համար, եւ հանկարծ նա հայտարարում է, որ ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենքերը պետք է քանդվեն, տեղը կառուցվեն նորերը: Սա շատ խիստ կերպով կվտանգի Երեւանի թամանյանական կենտրոնի անվտանգությունը:
-Բայց չէ՞ որ երեւանյան շենքերն իսկապես լուրջ խնդիրներ ունեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից:
-Այո, բայց ամեն շենք պետք է առանձին ուսումնասիրվի, անձնագրավորվի եւ հետո նոր որոշում կայացվի դրա ապագայի հետ կապված: Օրինակ՝ կան շենքեր, որոնց վերեւի հարկերը պետք է հանել եւ դրանք կգան սեյսմիկ կայուն վիճակի, կան շենքեր, որոնք ամրակայումից հետո կարող են դեռ երկար կյանք ունենալ եւ այլն:
-Դուք շարունակու՞մ եք մնալ այն կարծիքին, որ Հայկ Մարությանը պատրաստ չէ Երեւանի քաղաքապետ լինելուն:
-Նախ՝ եթե ես մտածեի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի արժանի թեկնածու էր, ինքս չէի առաջադրվի: Հիմա էլ այն համոզման եմ, որ իր համար շատ դժվար է լինելու, իսկ թե պարզապես բարի կամքը որքանով խթանիչ կլինի, ցույց կտա ժամանակը:
-Արթուր Մեսչյանի նշանակումը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում բավական քննարկվեց: Հանրության մի մասն այն համոզման է, որ դա լավագույն ընտրությունն էր, մյուս մասը, սակայն, այդպես չի կարծում՝ նշելով, որ Մեսչյանը հետադիմական հայացքներ ունի, որ մեկ անգամ արդեն եղել է այդ պաշտոնում, սակայն դրական տեղաշարժեր չի գրանցել եւ այլն: Ո՞րն է թեմայի շուրջ Ձեր տեսակետը:
-Ես այն կարծիքին եմ, որ Արթուր Մեսչյանը գրագետ, փորձառու մասնագետ է, եւ նրա նշանակումից հետո կարող ենք ավելի հանգիստ լինել Երեւանի ճարտարապետական ապագայի համար:
-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Երեւանի ավագանու անդամների մասին: Նրանք կարո՞ղ են ճիշտ ուղղորդել քաղաքապետին, ավագանու անդամների պրոֆեսիոնալիզմը կբավականացնի՞:
-Գրեթե ծանոթ չեմ ավագանու կազմին: Կարող եմ խոսել նրանց մասին, ում ճանաչում եմ: Օրինակ՝ ճարտարապետ Արսեն Կարապետյանին գիտեմ որպես լավ եւ սկզբունքային մասնագետ:
-Տիկի՛ն Թարխանյան, ո՞րն է մայրաքաղաքի ճարտարապետական այն խնդիրը, որն առաջնային լուծում է պահանջում:
-Կուզենայի` Երեւանի կենտրոնի մասին օրենք ընդունվեր, ըստ որի` կնշվեին այն հիմնական դրույթները, թե ինչպիսի շենքեր կարող են կառուցվել մայրաքաղաքի կենտրոնում, ինչ ճարտարապետությամբ, ինչ հարկայնությամբ եւ այլն: Ժամանակին սկսվել էր այդ օրենքի մշակումը, խոսք էին տվել այն արագ ավարտին հասցնել, սակայն ամեն բան մնաց կիսատ: Հիմա պետք է նորից դրանով զբաղվել: Չի կարելի քնեցնել այս կարեւորագույն հարցերից մեկը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏՐՈՆ ՉԻ ՄՏԵԼ»
«Ես նկատում եմ, որ նոր իշխանության օրոք թատրոններում իրավիճակ չի փոխվել, հեղափոխությունը թատրոններ չի մտել: Ես որեւէ փոփոխություն չեմ նկատում, չեմ տեսնում մշակույթի նախարարության գործառույթը, օրինակ` դերասանների աշխատավարձերի բարձրացման հարցում: Ինքս թատրոնի առաջատար դերասանուհի եմ, բայց ամաչում եմ հնչեցնել աշխատավարձիս չափը: Այդ թեման կարծես չի քննարկվում: Պետական հատկացումները նախորդ տարիներին ավելանալու փոխարեն պակասել են: Սպասում էի, որ մշակութային նոր քաղաքականություն է վարվելու, որ օրակարգային խնդիրներից մեկը հենց ցածր աշխատավարձերն են լինելու: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը:
Մենք զրուցեցինք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին: Քեթրինը շեշտեց` հասկանում է, որ փոփոխությունները մեկ օրում չէին լինելու. «Դեռ նախորդ կառավարությունից մնացած շատ կլաններ կան, որոնք կարող են դրական տեղաշարժերի համար խանգարող հանգամանք լինել: Այդ ամենը կանխատեսելի է: Հնարավոր չէ` միանգամից հրաշքներ կատարվեն, եւ մենք հայտնվենք հեքիաթում»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նրա խոսքով` որպեսզի քաղաքական դաշտում կայունություն հաստատվի, հարկավոր է առողջ եւ ուժեղ ընդդիմություն, բայց դրանից էլ ավելի կարեւոր է անհատի գիտակցության բարձրացումը. «Մենք գիտենք, թե նախորդ իշխանությունների օրոք պետական հիմնարկներում ինչ անպատժելիության մթնոլորտ է եղել, որքան չարաշահումներ են եղել, սպասարկման որակը որքան ցածր է եղել: Այդ ամենը չի կարող մի քանի ամսում վերանալ, եթե անհատները, մարդիկ չփոխվեն: Միայն գլուխներին փոխելով` արդյունքի չենք հասնի: Աշխատակիցների հոգեբանությունը նախկինն է, այնպես որ, պետք է ինքներս մեզնից սկսենք դրական փոփոխությունների իրականացումը»,-եզրափակեց Քեթրինը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԵՍԻԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՐՈՒՍՏ
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ խոսել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի բացակայության մասին. «Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին: Միշտ էլ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ: Նա լավագույնն է աշխարհում: Հասկանում ենք, որ Մեսսիի բացակայությունը «Բարսելոնայի» համար մեծ կորուստ է, եւ դա կարող է դառնալ մեր հաղթաթուղթը: Այժմ մենք «Բարսելոնային» հաղթելու հնարավորություն ունենք»,- ասել է Իկարդին:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ձեռքի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սեւիլիայի» հետ խաղում (4:2): Արգենտինացի ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
ՄՐՑԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Կայացել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման մրցավարների նշանակումը: Խաղի գլխավոր մրցավար է ճանաչվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Վիդեոօգնականը կլինի Ալեխանդրո Էրնանդեսը: Մարտինեսը նախորդ մրցաշրջանում արդեն սպասարկել է «կլասիկո»-ն դեկտեմբերին: Այդ խաղում «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով ջախջախել է մրցակցին հյուրընկալվելիս:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 28-ին: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին: Այդ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ձեռքի վնասվածք է ստացել:
ԱՐՍԵՆԱԼԸ ՀԱՂԹԵԼ Է
Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում մրցել է «Լեսթեր»-ի հետ ու հաղթել: Խաղի հաշիվը բացել են հյուրերի ֆուտբոլիստները: 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Բելյերինը:
Տանտերերը կամային որակների շնորհիվ կարողացել են հաղթանակ կորզել` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ: Նախ հաշիվը հավասարեցրել է Մեսութ Օզիլը: Երկրորդ կեսում փոխարինման մտավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ու իր հաշվին դուբլ գրանցեց: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու խաղացողը լավ հանդիպում է անցկացրել: