ՀԵՐԹԸ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞ՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ` 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է` այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Փաշինյանը չի մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր hասան, որ կան կասկածներ՝ խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի մասին է: Ավելին` խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել է. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննություն. այսինքն՝ կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Արամ Հարությունյանից, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը` փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետեւաբար, ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու խորհրդարանում, այն էլ՝ լինելու երկրորդ ուժը: Ավելին` մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով եւ այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը եւ այնտեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել, եւ հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»: Իսկ թե իր ո՞ր արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին:

 

 

 

Չնայած իշխանությունները մշտապես խոսել են տարածքների համաչափ զարգացման, նաեւ սահմանամերձ բնակավայրերին օգնելու մասին, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Արդեն երկու տարի է՝ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Այս տարի նախատեսված է մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն տալ եւ վերջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասել է, թե օգնությունը տրվելու է աշնանացանն անելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համանքներում ցանված ցորենի մասին: Միայն թե սահմանամերձ 27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն եւ հայտնվել են լուրջ խնդրի առաջ:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԱՇՏ Է ՄՏՆՈՒՄ
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Ուղերձ հղելով Թուրքիայի նախագահ Էրդողանին` Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե պատրաստ է երկխոսության: «Ես նախ եւ առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարո՛ն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլեւ ապագայի մասին, քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»,- ասել է Սարգսյանը:
Դիվանագիտորեն նախագահ Սարգսյանի հայտարարությունը շատ լավ էր ձեւակերպված: Միայն թե նկատենք՝ Արմեն Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին խոսում է այն դեպքում, երբ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` արտաքին քաղաքականության հարցերում ինքը բանակցային լիազորություններ չունի: Նախագահին Սահմանադրությամբ արարողակարգային, սիմվոլիկ լիազորություններ են տրված: Նա կարող է վարչապետի առաջարկով կնքել միջազգային պայմանագրեր, նշանակել ու ետ կանչել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպաններին, շնորհել դիվանագիտական աստիճաններ: Իսկ ահա արտաքին քաղաքականության մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ նաեւ բանակցելու լիազորությունները սահմանադրությամբ վերապահված են վարչապետին ու կառավարությանը:
Եւ հիմա, երբ Արմեն Սարգսյանը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին` երկխոսության ուղերձ հղելով Թուրքիայի նախագահին, ստացվում է՝ դուրս է գալիս սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններից: Ու այդպես մտնում է կառավարության «բոստանը»: Եւ այս ամենը նա անում է միջազգային ասպարեզում, օտարերկրյա լրատվամիջոցին տված հարցազրույցում` այդպես փորձելով ներկայանալ որպես պետության առաջին դեմք: Ի վերջո, դրսում շատ-շատերը չգիտեն, որ ՀՀ Սահմանադրությամբ` պետության ղեկավարը վարչապետն է, ոչ թե նախագահը, եւ վարչապետին է տրված արտաքին քաղաքականության ոլորտում բանակցությունների լիազորությունը:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե Արմեն Սարգսյանն իրավունք չունի հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսակետ հայտնելու: Իհարկե, ունի, պարզապես այդ ամենը պետք է անել Սահմանադրության շրջանակներում:




Լրահոս