ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տված վերջին հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը եւ խոսել մի շարք խնդիրների մասին: Նա մասնավորապես ասել է, որ հակամարտության հետ կապված ներկայիս իշխանությունների դիրքորոշումը հստակ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը:
-Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Կան որոշակի հետաքրքիր զարգացումներ` հատկապես Դուշամբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածության հետ կապված: Կարող եմ ասել, որ դրանից հետո կտրականապես իջել է խախտումների քանակը եւ այդ կապի վերահաստատումը ողջունելի եւ դրական է: Ամեն դեպքում` Ադրբեջանը այն երկիրն է, որի մասին մենք բազմիցս հայտարարել ենք, որ ամենահարմար եւ ամենաանսպասելի պահին ամենանենգ ձեւով կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն: Հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունը նախագահ Ալիեւի, նրա տիկնոջ` առաջին փոխնախագահի ելույթները` հասկանալի է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը, եւ նրա համար Արցախի պետականության կործանումը եղել է, կա եւ կմնա իրենց պետականության հիմնական սյունը:
-Այսինքն` հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնվելու վտանգը պահպանվո՞ւմ է:
-Բնական է` միշտ էլ պահպանվում է: Եվ որպեսզի դրա հավանականությունը լինի քիչ եւ նվազ, մենք միշտ պետք է պատրաստ լինենք, մեր զինված ուժերը պետք է զգոն լինեն, մարտունակ ,մենք ավելի ուժեղ եւ համախմբված պետք է լինենք, քան նրանք, եւ պետք է վարենք արտաքին ճիշտ քաղաքականության:
-ՀՀ-ն պատրաստ է լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այս թեզը կարո՞ղ է վտանգավոր լինել:
-Պարոն Փաշինյանը ասել է` Արցախի, Հայաստանի ժողովուրդից ոչ մի թաքուն բան չի լինելու: Հակամարտության մեջ կա էսպիսի չգրված օրենք` կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Դրա համար պետք է Արցախը ժողովրդի անունից մասնակցի այդ բանակցային գործընթացին, հաշվետու լինի ժողովրդին: Այս հակամարտության կարգավորման միակ խոչընդոտը Ադրբեջանն է, իսկ Բաքուն չի փոխել իր մոտեցումները: Հետեւաբար, ակնկալել որեւէ առաջընթաց, դժվար է:
-Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ: Ռոբերտ Քոչարյանը, խոսելով այս մասին, նշեց, որ կասկածներ ունի` եթե նրանք համաձայնել են, ապա ինչի դիմաց, ինչ ակնկալիքով: Ի՞նչ ակնկալիքի մասին է խոսքը:
-Այդ կապը շատ կարեւոր է: Ժամանակին էլ է եղել նման բան, նույնիսկ պատերազմի ժամանակ: Հույս ունենք, որ միգուցե կապ կհաստատվի հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջեւ: Ադրբեջանը հերոսացնում է Սաֆարովի նման տականքներին: Սրանից պարզ է` ում հետ մենք գործ ունենք: Այս կապի հաստատումը կարեւոր է, բայց չեմ կարծում, որ պետք է լինեն ինչ-որ նախապայմաններ: Հատկապես հակառակորդը չի կարող որեւէ պայման դնել. դա կլինի անհասկանալի մի երույթ: Կարծում եմ` այս հարցը ճիշտ կլինի պարզաբանվի հենց Հայաստանի ղեկավարության կողմից, բայց կարծում եմ` Ադրբեջանը այն երկիրն է, որը բարոյական իրավունք չունի նախապայմաններով խոսելու մեզ հետ:
-Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ներկայիս իշխանությունների դիրքորոշումը հստա՞կ է:
-Հստակ է: Կան մի շարք կարեւոր շեշտադրումներ, որոնք նոր իշխանությունը իրականացրել է: Նախ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ կողմնակից է խաղաղ կարգավորման: Հստակորեն բազմաթիվ անգամներ նշվել է, որ հնարավոր չէ առանց Արցախի կարգավորել հիմնախնդիրը: Այս շեշտադրումները շատ կարեւոր են, որ բանակցային գործընթացը նորմալ ընթանա, եւ հնարավորինս քիչ լինեն շահարկումները: Միակողմանի զիջումների որեւէ մեկը պատրաստ չէ: Ընդամենը պետք է պատրաստ լինել երկարատեւ աշխատանքի:
-Շատ է բարձրաձայնվել այն մասին, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացներից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Սակայն իր տված հարցազրույցում երկրորդ նախագահը նշեց, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերից` Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, եւ հիշեցրեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահ դարձել է 1998 թվականին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Այս հարցում հիմնական ու միակ մեղավորը Ադրբեջանն է: Եթե նույնիսկ անձի խնդիր կա, ինչու է միջազգային կազմակերպությունը, ասենք` ԵԱՀԿ-ն, թույլ տալիս, որ խախտվի այն բանաձեւը, որը ինքն է ընդունել Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: Չէ՞ որ սա միջազգային որոշում է: Ինչ կապ ունի` ով է նախագահը: Եթե կա միջազգային կառույցի որոշում, եւ այդ որոշումը բեկանելու խնդիր կա, ապա պետք է լինի նոր գագաթնաժողով, բայց դա չի եղել: Հետեւաբար, այստեղ անձերի խնդիր չէ: Միջազգային կազմակերպությունների համար էլ օգտակար է բարդել անձերի վրա եւ ասել, որ իրենք մեղավոր չեն: Այսինքն` ի՞նչ, անձի դերակատարությունը ավելի մե՞ծ է, քան միջազգային ինստիտուտի՞: Այստեղ Ադրբեջանի շանտաժն է, որին ենթարկվել են որոշ կառույցներ:
ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթեւակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլեւ գործադիր իշխանությունը:
«Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, եւ չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր»,- մասնավորապես գրել էր նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն չընդունեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի լրացումների եւ բարեփոխումների մասին օրենքի նախագծի տապալման պատճառը եղել է նաեւ գործող իշխանությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Անկեղծ ասած` նրա մեկնաբանությունը չեմ տեսել: Մենք ամեն ինչ անում ենք, որ տվյալ նախագիծը չտապալվի: Միացել ենք «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների նախաձեռնությանը այդ նախագիծը կրկին օրակարգ բերելու համար:
-Սպասո՞ւմ էիք, որ նախագիծը կտապալվի: Ինչպես գիտենք, «Ծառուկյան» դաշինքից, ՀՅԴ-ից մարդիկ կային, ովքեր քվեարկության ժամանակ ԱԺ-ում են եղել, բայց չեն քվեարկել: Մինչ քվեարկությունը որեւէ պայմանավորվածություն չկար նրանց հետ:
-Ով եղել է դահլիճում, քվեարկել է: «Դաշնակցությունից» ընդամենը 2-ը չեն քվեարկել, «Ծառուկյան» դաշինքից` 3-ը: ՀՀԿ-ից մենք ամեն ինչ սպասում էինք, բայց աշխատելու ենք թույլ չտալ, որ այս իրավիճակը այսպես մնա: Ի վերջո, ընտրություններին բան չի մնացել: Ազգովի, ժողովրդով մի քիչ էլ դիմանանք, տեսնենք` ինչ ենք անում, որ երկիրը գցենք քաղաքական հունի մեջ:
-Մարդկանց մոտ կրկին անհանգիստ վիճակ է ստեղծվել` ԱԺ-ն արձակելու հետ կապված: Կարծիքներ կան, որ ՀՀԿ-ն նոր սցենարներ կմտածի: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Մենք անհանգստանալու բան չունենք, քանի ժողովուրդը մեզ հետ է, մեր մեջքին կանգնած է: Ժողովուրդն է մեր դուխը, մեր ուժն ու հեղափոխությունը: Մենք մտածելու բան չունենք: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր այսօր եւ երեկ փորձում էին ճողոպրել, փորձում էին ժողովրդի հետ մուկն ու կատու խաղալ:
-Հնարավո՞ր է, որ նորից դիմեք ժողովրդի օգնությանը, եւ հոկտեմբերի 2-ի սցենարը նորից կրկնվի:
-Հնարավոր է: Ոչինչ չի բացառվում:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ԽՆՋՈՒՅՔԸ` «ՓԱՐԱՎՈՆՈՒՄ»
Այս օրերին Երեւանում անցկացվեց «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը, որը կազմակերպվել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ջանքերով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է բացման արարողությանն ու ելույթ ունեցել, այնինչ հենց Արա Աբրահամյանը, ով եղել է ֆորումի կազմակերպիչը, այդ նիստին ներկա չի եղել: Հատկանշական է, որ նախորդ տարի, երբ Կարեն Կարապետյանն էր վարչապետ, Արա Աբրահամյանն անձամբ նրան դիմավորեց, ուղեկցեց, իսկ այս անգամ` ոչ: Եվ չնայած վերջինս փոխել է իր իմիջը եւ տարածված թրենդին հետեւելով` ինքն էլ հիմա մորուք է պահում, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, եւ բացմանը չլինելը հենց դրանով է պայմանավորված: Իսկ արդեն նախօրեին Արա Աբրահամյանն իր հյուրերի համար խնջույք էր կազմակերպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում` երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որին մի որոշ ժամանակ ներկա են եղել նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը:
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տրդատ Խաչատրյանի գործով նոր զարգացումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:
Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նախաքննական մարմինը որոշել է նոր փորձաքննություններ նշանակել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախկին մարզպետի որդու` Տրդատ Խաչատրյանի գործով նշանակվել է ստացիոնար դատաբժշկական, դատահոգեբուժական եւ ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննություններ: Այսինքն` եթե նախկինում նշանակվել էր միայն դատահոգեբուժական փորձաքննություն, ապա հիմա գործին խառնվել է ռազմաբժշկական հանձնաժողովը: Չի բացառվում, որ այս փորձաքննությունը նշանակվել էր մեկ բանի համար, քանի որ ՊՆ պատրաստվում է ձմեռային զորակոչին, եւ փորձում են հասկանալ, թե նա կարող է ձմեռային զորակոչին մեկնի պարտադիր ժամկետային ծառայության: