Հոկտեմբերի 29-ին խորհրդարանն արտահերթ նիստում եւս մեկ անգամ կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քվեարկությունը տապալվել էր հոկտեմբերի 22-ի նիստում: Արտահերթ նիստ հրավիրելու ստորագրությունն էլ նախաձեռնել էր «Ծառուկյան» խմբակցությունը, եւ ինչպես ցույց է տալիս իրավիճակը, պատճառներն ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Նախ նշենք, որ կառավարությունն օրենսգրքում կտրուկ փոփոխություններ է իրականացրել` այդ թվում վերացնելով ռեյտինգային համակարգը, որն էլ հենց ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի ձայների հիմնական աղբյուրը: Եվ ահա հոկտեմբերի 22-ի նիստը ՀՀԿ-ականները պարզապես տապալել էին, եւ առավոտյան նիստին ներկա էր միայն 53 պատգամավոր զուտ քվորում ապահովելու համար: Ընդ որում, բացակաների մեծ մասը հենց ՀՀԿ-ականներն էին, այսինքն` քաղաքական թեւի ներկայացուցիչները:
Եվ այժմ «Ծառուկյան» խմբակցությունը, «Ելք» դաշինքի հետ միասին նախաձեռնելով ստորագրահավաքը, ցանկանում են մեկ անգամ եւս օրենսգիրքը դարձնել քննարկման առարկա` փորձ անելով անցկացնել այն: Իհարկե, ինչպես երեկ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալն առաջին հերթին ձեռնտու է գործող իշխանություններին, այլ ոչ թե խորհրդարանում առկա մյուս ուժերին, այդ թվում` ՀՀԿ-ին: Սակայն վերջիններս այլ ծրագրեր ունեն:
Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցությունը նպատակ ունի երկուշաբթի օրը հրավիրվող արտահերթ նիստում եւս մեկ անգամ տապալել նիստը, որպեսզի Ընտրական օրենսգիրքը չանցնի: Իհարկե չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության կազմում լինեն այնպիսի պատգամավորներ, ովքեր Ռուզաննա Մուրադյանի պես չնախատեսված վարվեն եւ վերջին պահին կողմ քվեարկեն, սակայն վերջինս այդ արարքի համար արդեն իսկ շատ թանկ վճարեց` հրաժարվելով մանդատից իհարկե ոչ սեփական կամքով: Ինչեւէ, սակայն այս պահի դրությամբ ամենահավանական տարբերակն օրենսգիրքը տապալելու մեջ է:
Բանն այն է, որ ՀՀԿ-ականները տարբեր քննարկումներ անելուց հետո եկել են այն եզրակացության, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու պարագայում նրանք միանշանակ ձախողվելու են: Սակայն նրանք հստակ որոշել են` ընտրություններին մասնակցելու են: Ընդ որում, շատերը նույնիսկ այն մտահոգությունն են հայտնել, թե նվազագույն 2 տոկոսն անգամ չեն կարողանալու հավաքել: Եվ այս պարագայում որոշում է կայացվել գոնե ռեյտինգային համակարգով գնալ ընտրությունների եւ այդ կերպ փորձել անցնել խորհրդարան: Աներկբա է, որ ՀՀԿ-ի քաղաքական թեւն ինքն իրենով չի կարողանալու ձայներ ապահովել եւ պետք է կրկին հույսը դնեն ռեյտինգային թեկնածուների վրա: Ընդ որում, խորհրդարանում առկա պատգամավորներից մի քանիսը, ովքեր ընտրվել են հենց այդ համակարգով, հարազատ կուսակցությանը խոստացել են` եթե գործող օրենսգիրքը մնա, իրենք պատրաստ են կրկին այդ ընտրակարգով առաջադրվել: Եվ կարծես թե այս իրավիճակում նրանք «թասիբի» են ընկել եւ ցանկանում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին ապացուցել, որ անգամ այս իրավիճակում նրանք կարող են իրենց ուժերով ձայներ ապահովել` առանց ընտրակաշառքի, առանց որեւէ լծակների: Եվ եթե նախկինում յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուի առջեւ պայմաններ են դրվել մեծ թվով ձայներ բերելու, ապա հիմա շեմն իջեցվել է, եւ կուսակցությունն ուրախ կլինի, եթե գոնե 2000 ձայն կարողանան ապահովել, որը հանրագումարում արդեն մեծ թիվ կկազմի: Եվ իրենց հաշվարկներով նրանք փորձում են հավակնել անգամ խորհրդարանում երկրորդ ուժը լինելուն:
Եվ ահա այդ սցենարն այնքան էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների սրտով չէ, ովքեր իրենք են ցանկանում երկրորդ ուժը զբաղեցնել եւ ավելի հավանական են համարում դա համամասնական ընտրական օրենսգրքի պայմաններում: Եվ հենց այդ պատճառով էլ նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երկուշաբթի օրը գումարվող նիստում Ընտրական օրենսգիրքն անցնի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ խորհրդարանում վարչապետի քվեարկության ժամանակ հետաքրքիր իրավիճակ տիրեց: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցի քվեարկությանը, «Ելք» խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, թե ձեռնպահ են քվեարկելու: Եվ արդյունքում եղավ այնպես, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ, ովքեր ամեն դեպքում հայտարարություն էին տարածել` պաշտպանելով արտահերթ ընտրությունների անցկացումը, քվեարկեցին Լենա Նազարյանի ասածով, մյուսները հետեւեցին Վահրամ Բաղդասարյանի օրինակին: Իսկ ամենաօրիգինալը գտնվեց Սամվել Ալեքսանյանը, ով միակ դեմ քվեարկողն էր: Այսպիսով, բացի «Ելք» խմբակցության անդամներից ձեռնպահ քվեարկեցին Գեւորգ Կոստանյանը, Շիրակ Թորոսյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Իսկ ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականներ Կնյազ Հասանովը, Ռաֆիկ Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը, Արթուր Գեւորգյանը, Հարություն Կարապողոսյանը եւ Ալիկ Սարգսյանը չեն մասնակցել քվեարկությանը:
ՉԻ ԽՈՍՈՒՄ
Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում գումարի շուրջ վեճի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանը սպանել էր ԱԺ մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին, հաջորդ օրը ինքնասպանություն գործել: Այդ միջադեպին ներկա էր եղել նաեւ ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը, որը կազմակերպել էր նրանց հանդիպումը հաշտեցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Աբրահամ Մանուկյանի որդուց՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ է պատմել հայրը ողբերգական դեպքից: Սակայն նա հստակ պատասխան չտվեց. «Գործով քննություն է գնում, իրավապահ մարմինները տեղյակ է ամեն ինչից, եկեք այդ հարցին չպատասխանեմ, հայրս պատասխանել է իրավապահ մարմինների բոլոր հարցերին»:Ըստ շրջանառվող լուրերի` Աբրահամ Մանուկյանը դեպքից հետո գնացել է երկրից, սակայն որդին հերքեց` նշելով, որ հայրը այժմ երկրում է:
ԼՈՒԾԱՐՈՒՄ Է
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է լուծարել իր նախկինի` Կարեն Կարապետյանի ստեղծած անիմաստ հիմնադրամները: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը առաջիկայում կլուծարի «Թվային Հայաստան» հիմնադրամը, որի արդյունավետությունը եւս խիստ կասկածելի է: Նշենք, որ հիմնադրամը լուծարելու համար կառավարությունը գումար է ծախսելու` 47 մլն 280 հազար դրամ: Նշված գումարը ներառում է հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը, որը կազմում է 6 մլն 123 հազար դրամ, գրասենյակային եւ այլ ծախսերը` 175 հազար դրամ: Բացի այս, միայն աշխատավարձի ծախսերը կազմում են 45 մլն 105 հազար դրամ:
ԿԱՅՑԵԼԵՆ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է
Բաքվում կայացել է անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Մամեդյարովը Բոլթոնին տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին` անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը: Նա ասել է, թե Հայաստանի զինված ուժերը անօրինականորեն են գտնվում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ խաղաղության հասնելու համար առաջին հերթին «Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը ու պայմաններ ստեղծի ստիպողաբար հեռացած մարդկանց վերադարձի համար»։Ջոն Բոլթոնն ասել է, թե Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չի բերել: Նրա համար չի եկել, որ տարածաշրջանում փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա: Ես լինելու եմ Երեւանում եւ հուսով եմ այդ թեման քննարկել Հայաստանի ղեկավարների հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»:
24-ԺԱՄՅԱ ՌԵԺԻՄՈՎ
«Համաներման մասին» նախագիծը քննարկվելու է հոկտեմբերի 29-ին գումարվելիք արտահերթ նիստի ժամանակ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի այն քննարկվելու է ԸՕ-ի նոր նախագծի հետ: «Համաներման մասին» նախագիծը եւս քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով: «Ես քիչ անց կզրուցեմ արդարադատության նախարարի հետ, որպեսզի որոշակի հոդվածներ եւս ներառվեն համաներման նախագծում: Մենք ունենք 93 ցմահ ազատազրկված, որից 14-ի դեպքում գործերը վերաբերվում են զինծառայության ժամանակ կատարված սպանություններին: Այդ մարդկանցից շատերը 20 տարուց ավելի նստել են եւ պետք է եւս մոտեցում լինի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ համաներումը տարածվելու է 600-650 հոգու վրա, որը, ըստ կալանավորների հարազատների, լայնամասշտաբ համաներում չէ:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարարվելու մասին դիմում է ներկայացրել, հայտնել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը: Նա նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում եւ ստորագրում է ԱԺ նախագահը, եւ այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման եւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին հորդորում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի եւ այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար: Անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաեւ Արարատյան դաշտում սկսել խաղողի այգեթաղը: