ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԵՄ ՔԱՅԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման հարցով հոկտեմբերի 22-ին կայացած ԱԺ արտահերթ նիստին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը չմասնակցեց: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Վարդան Ղուկասյանը Գյումրիում է եղել ու քվեարկության ժամին Երեւան չէր կարող հասնել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում 56 կողմ, 3 դեմ ձայներով չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» խմբակցությունները ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք սկսեցին: Արտահերթ նիստը նախատեսվում է գումարել հոկտեմբերի 29-ին: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Բայց ինչպես պարզվում է, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի մասնակցել ստորագրահավաքին: Նա դեմ է ռեյտինգային ընտրակարգի փոփոխությանը եւ հայտարարեց, որ եթե նույնիսկ ինքը ներկա լիներ, դեմ էր քվեարկելու: Ավելին` պատգամավորը նույնիսկ դեմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ ընդամենը օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց պարոն Ղուկասյանին, թե ըստ նրա, ո՞րն է ընտրությունները անցկացնելու ամենաճիշտ ժամանակահատվածը: Նա իր պատասխանով, ըստ էության, հաստատեց, որ կողմ է «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը այս հարցի շուրջ:
«Չգիտե՞ք` որն է ճիշտ ժամկետը: Ամեն ինչ լավ գիտեք: «Ծառուկյան» դաշինքը իր կարծիքը ասել է: Բան չունեմ ավելացնելու»,-մասնավորապես ասաց նա:
Թե ինչու պատգամավորը օրերի ընթացքում փոխեց իր կարծիքը, այդպես էլ մնաց անհասկանալի:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ԱԺ-ն մերժեց ընտրական օրենսգրքում բարեփոխումների, լրացումների մասին օրենքի նախագիծը: Դուք այդպես էլ չքվեարկեցիք, ինչո՞ւ:
-Դեպք էր պատահել: Այդ ժամանակ դուրս եմ եկել:
-Միայն դա՞ էր խնդիրը: Այսինքն` դուք կո՞ղմ եք նախագծի ընդունմանը:
-Ես ուզում եմ էնտեղ տեսնել փոփոխություններ ՏԻՄ-ի հետ կապված: Գյումրիի եւ Վանաձորի վերաբերյալ այնտեղ փոփոխություններ չեն արվել: Ճիշտ է, քուանշային մասը վերացվել է, բայց քաղաքապետին ընտրում է ավագանին: Ես կարծում եմ` քաղաքապետը չպետք է ավագանուց կախված լինի: Եթե քաղաքապետը ավագանուց կախված է լինում, ապա դառնում է ավագանու կամակատարը: Հիմա մեկը կասի, թե ավագանուն ընտրել է ժողովուրդը, բայց ինչի հենց ուղիղ քաղաքապետին չընտրի ժողովուրդը: Շատ է խոսվել այն մասին, որ Գյումրիում քաղաքապետը ավագանու անդամներին 300-ից 500 հազար դրամ փող է տվել: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ մի բան կա, դա փաստ է:
-Դրա՞ համար դուրս եկաք ԱԺ-ից:
-Միայն դրա համար չէ: Ես կողմ չեմ, որ ռեյտինգայինը հանվի: 1996 թվականից ես կուսակցական պատկանելիություն չեմ ունեցել, մասնակցել եմ ընտրություններին եւ Աստծո ողորմածությամբ ժողովուրդը ինձ է քվեարկել: Եղել է մի պահ, որ կուսակցությունները բոլորը իրար հետ են եղել, պետությունն էլ իրենց օգնել է, ես հաղթել եմ ժողովրդով: Ժողովուրդը հաղթել է` ինձ առաջ տանելով: Հիմա ինչի՞ եք էդպիսի մարդու ճանապարհը փակում: Եթե ասում ենք փող ունեցող մարդիկ կգան, գումար կտան, կընտրվեն, ավելի լավ է ճանապարհը փակել, իրավապահ մարմիններ գոյություն ունեն դրա համար, իսկ եթե մարդը ռեյտինգ ունի, թող անցնի: Եթե պետք է Պողոսը ձայն հավաքի, եւ Երվանդը անցնի, դրան կողմնակից չեմ: Ասեն` գիտեք, էս կուսակցությունը որոշել է, որ դուք լավ տղերք եք, մենք պիտի հավաքվենք, ասենք, որ այ սա պիտի անցնի, ես դեմ եմ սրան: Այս հարցի հետ կապված ես հիմա իմ կուսակցության հետ չեմ քայլում: Ռեյտինգայինի մեջ կան էնպիսի մարդիկ, ովքեր առանց կեղծիքի անցել են, օրինակ ես:
-Այսինքն` եթե ռեյտինգայինը չլինի, դուք չե՞ք անցնի:
-Ես ուզում եմ, որ ռեյտինգայինը լինի:
-Եթե չլինի,չե՞ք անցնի:
-Չեմ ասի, թե չեմ անցնի: Հիմա դա չեմ կարող ասել: Իմ շանսերը, փառք Աստծո… Ես էնքան բան եմ արել քաղաքի համար, որ չեմ էլ ուզում խոսել: Ե՛վ արյուն եմ թափել, ե՛ւ կյանք եմ դրել, ե՛ւ ամեն ինչ արել եմ: Ժողովուրդը գիտի, ժողովուրդը տեսել է:
-Մոտ ապագայի հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունեք: Հնարավո՞ր է, որ ժողովուրդը նորից ոտքի կանգնի, եւ հոկտեմբերի 2-ը կրկնվի:
-Ուրեմն մենք ամեն 2-3 ամիսը մեկ պետք է ընտրությունների գնա՞նք: Դրա համար թողնեինք մի քիչ աշխատեին: Օրինակ, որ դեկտեմբերին պետք է ընտրություններ լինեն, ես դրան կողմնակից չեմ: Թող լիներ տարվա վերջ, որ հասկանայինք` ինչ է կատարվում: Օրինակ` ես այսքան ժամանակ քաղաքականության մեջ եմ, բայց ես էլ չգիտեմ` ինչ է կատարվում: Թողնենք, թող ժողովուրդը հասկանա: Ամեն տարի ընտրություն անե՞նք: Հավաքվենք, ասենք` սա դուրըս չի գալիս, ուրեմն պիտի փոխե՞նք: Այնպես է` ես ուրախ եմ, որ ժողովուրդը հավաքվում է, ես դրա մի մասն եմ: Առաջիններից մեկն եմ եղել, որ միտինգներին եմ մասնակցել եւ ամեն ինչին էլ մասնակցել եմ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՔԻՉ ԱՇՆԱՆԱՑԱՆ Է ԱՐՎԵԼ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքներում աշնանացանի համար կատարվել է 1800 հեկտար վար, 820 հեկտար ցորեն է ցանվել: Սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը աշնանացան ցորեն ցանելու համար ամենանպաստավոր ժամանակն է, քանի որ այդ շրջանում ցանված ցորենը մինչեւ ձմեռնամուտ բավական աճում է, կարողանում դիմանալ ձմռան ցրտերին: Վ. Սուքոյանն ասաց, որ Տավուշում մինչեւ նոյեմբերի վերջ աշնանացան է արվում, նա համոզված է, որ աշնանացանի ցուցանիշը կաճի: Մարզպետարանի վարչության պետն ասաց, որ մարզի հողերը վարելուց հետո պետք է մի քանի օր անցնի, անձրեւ տեղա, որպեսզի մեծ հողաթմբերը քանդվեն, հնարավոր լինի ցանքս անել:
Տեղեկացնենք, որ անցյալ տարի Տավուշում ցանվել է 2560 հա աշնանացան, միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ: Բերքատվության ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել այն, որ սահմանամերձ Կոթի գյուղի հացահատիկի արտերը կարկտահարվեցին: Կոթիի կարկտահարված արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում կամ այլ օգնություն չի ցուցաբերվել: Վ. Սուքոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն է տրվելու: Դա տրվելու է ցանելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համայնքներում ցանված ցորենի մասին: Սահմանամերձ ՛27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն, ինչպես, օրինակ` Այգեպարը: Ոսկեպար գյուղն էլ շատ հող ունի, սակայն ոսկեպարցիներն այս տարի աշնանացան չեն արել: 2 տարի է, ինչ կառավարությունը հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Նկատենք, որ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին չի տրամադրվում զեղչված գնով հացահատիկի սերմ: Իսկ մենք խոսում ենք մարզերի համաչափ զարգացումից, սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու անհրաժեշտությունից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, ով ասաց. «Այսօր (նկատի ունի երեկ-հեղ.) ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ գյուղատնտեսության ներկայացուցիչների կողմից այս հարցը քննարկվել է։ Անգամ ներկա է գտնվել ՄԻՊ ներկայացուցիչը։ Քննարկել են եւ գտել, որ այս հարցը միանշանակ պետք է լուծվի»։ Ի դեպ, խնդրին տեղյակ է նաեւ փոխվարչապետի ԺՊ Տիգրան Ավինյանը։ Ասել է թե` բոլորը տեղյակ են, որ նման խնդիր կա, բայց սայլը տեղից չի շարժվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԳՈՐԾԱԴԻՐԸ ԿՎՃԱՐԻ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԸ
Հայաստանի կառավարությունը ոստիկանությանը կհատկացնի 520 մլն 853 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով ոստիկանությունը կմարի «Լուսանշան» ՊՈԱԿ-ի` ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի` ԱԱԽ-ի գծով հարկային պարտավորությունները վճարելու նպատակով կառավարությունը կծախսի 55 մլն 653 հազար դրամ: Պարզվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է մարի 349 մլն 12 հազար դրամի չափով ԱԱՀ: Բացի այս, գործադիրը մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ԱԱՀ-ն վճարելու համար կհատկացնի 547 մլն 761 հազար դրամ, կրթության եւ գիտության նախարարության` ««Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ» հիմնադրամի ԱԱՀ-ի համար` 638 մլն 590 հազար դրամ:

 

 

ՈՒՍԱՆՈՂ ՉԿԱ, ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
Մի կողմից` կառավարությունը ՊՈԱԿ-ների ավելացված արժեքի գծով հարկային պարտավորություններն է մարում, մյուս կողմից` լուծարում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի «Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը: Ըստ գործադիրի՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ: Նշենք, որ այս ուսումնարանը գործում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դեռեւս 1997 թվականից եւ իրականացնում է անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում: Սակայն պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացած է եղել մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն: Ինչպես նաեւ խիստ կասկածելի է թվացել կրթության որակը` հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը եւ նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 ուսումնական տարում Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանին ընդունելության տեղեր չեն հատկացվել: Քանի որ ուսումնարանում մասնագիտական կրթություն իրականացվել է միայն միջնակարգ կրթության հիմքով, հետեւաբար ուսանողներ չկան:




Լրահոս