Շիրակի մարզում 250 աշխատատեղ կփակվի. Մանվել Գրիգորյանին արտոնություններ տալու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ՀԷԿ-երի սեփականատերեր՝ «Ֆենհալ», «Էրստեդ» եւ «Լայթէկա» ընկերությունները, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ կանգնած են սնանկացման եզրին: Ի դեպ, այս ամենի արդյունքում հնարավոր է առաջիկայում շուրջ 250 աշխատատեղ փակվի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երեք ընկերությունները, որոնք շահագործում են Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երը` «Ամասիա»-ն, «Փարոս»-ը, «Կասկադ»-ը, 4 մլրդ դրամի չափով ներդրում են կատարել: Սակայն շահագործման ժամանակ պարզվել է, որ արտոնյալ պայմաններում ՀԷԿ է գործում, որը իր գործունեությամբ խոչընդոտում է մյուսներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապ ունեցող «Ջրաձոր» ՀԷԿ-ի մասին է:

«Երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, եւ նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը` արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին»,- ասված է նրանց բաց նամակում: Հիդրոկայանների բաց նամակում նշված է նաեւ, որ երբ ավարտին են մոտեցել «Փարոս», «Ամասիա» ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, պարզվել է, որ փոխվել է «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը: Այսինքն` արտոնություն է տրվել նշված ՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին (365 օր 24 ժամ):

Ասել է թե` ՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Եւ այս դեպքում մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Քանի որ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ ջրաքանակ չկա: Այս ամենի արդյունքում վերոնշյալ երեք ընկերությունները զգալի վնասներ են կրել. միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ եւ ահռելի տույժեր:

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀԷԿ-ին արտոնություններ տալու պատճառով տուժել է նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի որդուն՝ Գարուշ Մինասյանին պատկանող «Ամասիա» ՀԷԿ-ը եւս: Ասել է թե` նախկին իշխանությունների օրոք նաեւ թիմակիցներն են միմյանց վնասել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս