Հարկային մեծ աղմուկ` ոչնչից. ինչ է իրենից ներկայացնում խոպանչիներին հարկելու գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան հասարակությանը երեկ փոթորկել էին շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ-ը պատրաստվում է հարկել արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումները: Ըստ շրջանառվող լուրերի` Հայաստանը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է կիրառել տրանսֆերտների հարկման մեխանիզմ: Մասնավորապես, ՊԵԿ-ը մտադիր է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրել. 2020 թվականից սկսած 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները դառնում են եկամտային հարկի վճարողներ, նրանց թվում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնողները:

Այս թեման շատ արագ տարածում ստացավ ՀՀԿ-ականների թեթեւ ձեռքով: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցում ուղիղ եթերով հայտարարեց, թե այսպես փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները: Ըստ նրա` նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ. «Ի վերջո, քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է` տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում»:

Ի դեպ, այսպես արդեն սկսել են մտածել օրեր առաջ ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր տարվա գարնանը մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի եւ Ամանորից առաջ վերադառնում տուն: 34-ամյա Արտյոմ Ղազարյանը 3 երեխաների հայր է, արդեն 7 տարի է, ինչ իր ընտանիքը կերակրում է արտագնա աշխատանքի շնորհիվ: Երեկ նա, ինչպես շատերը, անակնկալի էր եկել այդ լուրերից. «Եթե պետք է մեր արդար քրտինքով վաստակածի, մեր տանջանքի մի մասը պետությանը վճարենք, էդ դեպքում ինչու եմ ընտանիքիս այստեղ թողնում ու ես գնում: Իրենց էլ հետս կտանեմ: Պետությանը տված հարկն էլ այնտեղ որպես տան վարձ կվճարեմ: Թե չէ ես գնում եմ ընտանիքիցս կտրված, տանջվելով ասֆալտ եմ փռում այնտեղ, որ հարկերը վճարեմ պետությանը»:

Ստեղծված սոցիալական լարվածությունը երեկ փորձեց փոքր-ինչ մեղմել ՀՀ առաջին փոխվարչապետի ԺՊ Արարատ Միրզոյանը` կառավարությունում նիստ հրավիրելով: Նա քաղաքացիներին հանգստացրեց` նշելով, որ առանց լայն հանրային քննարկման որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Ապա հայտարարեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել. «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որեւէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք` որքանով է Հայաստանը պատրաստ դրան»:

Փոխվարչապետի այս հայտարարությանը հաջորդեց ՊԵԿ-ի հայտարարությունը այն մասին, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմի վերաբերյալ նախագիծ կամ գաղափար առկա չէ: «Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ: Ստվերում կա բազմաթիվ եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Այդ անձը, որը 13 տոկոսով հարկվող եկամուտ է ստանում Ռուսաստանում եկամտային հարկի իմաստով լինելով ռեզիդենտ, ինքը այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի: Եւ սա գործում է ավելի քան 20 տարի: Անձը, որ եկամուտ է ստանում դրսում եւ այդ տրանսֆերտը ուղարկում է իր ընտանիքին, որ վերջինս սպառի, մենք այդ սպառումը չենք հարկելու, ճիշտ հասկացեք»,- լրագրողների հետ զրույցում բացատրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքերով` դրսի աշխատած եկամուտը այստեղ պետք է հարկվի, պետք է հետ վերադարձվի դրսում վճարած եկամտահարկը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այդ ճանապարհով է գնում:

Ավելի ուշ ՊԵԿ-ը նաեւ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով. «Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական եւե բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ եւ արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:

Նկատենք, որ հարկային վարչարարությանն առնչվող թեման ընտրությունների նախաշեմին խեղաթյուրված, որպես հասարակության խոցելի խավերի գրպանին հարված ներկայացնելը պատահական չէր, եւ կարելի է ենթադրել՝ սա իշխանության մի թեւի կողմից վարչապետի դեմ վնասարարության յուրօրինակ փորձ էր: Այլապես, դժվար է հասկանալ, թե ինչու մեծ աղմուկ բարձրացավ ոչնչից: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս