Ինչպես էին հանրապետականները բերանները ջուր առած նստում. հիշողության թարմացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շատերը, այդ թվում` ՀՀԿ-ականները, փորձում են ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյունից: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախօրեին խոսել էր այս հողի վրա պաշտոնական Երեւանի եւ Մինսկի միջեւ հեռակա բանավեճի մասին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին։

Ընդ որում, Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենց իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել, եւ պնդել է, որ Բելառուսն ու Ղազախստանը «բարեկամ երկրներ են» Հայաստանի համար, եւ «նման հռետորաբանությունը ընդունելի չէ բարեկամ երկրների միջեւ, քանի որ ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է»։

Իրականում նրա եւ մյուս ՀՀԿ-ականների հիշողությունը պետք է թարմացնել եւ հիշեցնել, թե ինչ սկանդալներ են եղել հենց իրենց իշխանավարման տարիներին:

Օրինակ` նույն Նազարբաեւն ու Լուկաշենկոն, ում Վահրամ Բաղդասարյանը բարեկամ երկրներ է համարում, նույն ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում այնքան էլ բարեկամորեն չեն վերաբերվել Հայաստանին ու անձամբ Սերժ Սարգսյանին: 2014 թվականի մայիսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն, օրինակ, հրապարակային ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը «միջազգայնորեն ճանաչված սահմաններով», այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։

Իսկ Սերժ Սարգսյանն ուղղակի լուռ նստած էր եւ ձայն չէր հանում: Կամ արդեն նույն թվականի դեկտեմբերին Լուկաշենկոն էր ծաղրում Սերժ Սարգսյանին: Երբ բոլորը ծավալուն ելույթներով ամփոփել են աշխատանքները, Սերժ Սարգսյանը, սկսելով իր խոսքը եւ ակնարկելով Բելառուսի նախագահին, հայտարարել էր. «Այսպիսի վառ ելույթից հետո…», Ալեքսանդր Լուկաշենկոն էլ արձագանքել է. «Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ»: Ի պատասխան` Սարգսյանը միայն ժպտացել էր:

Այսպիսի ճգնաժամ ՀԱՊԿ-ում եղել էր նաեւ մինչեւ 2017 թվականի ապրիլը, երբ նույն Լուկաշենկոն եւ Նազարբաեւը խոչընդոտում եւ չէին ներկայանում նիստերին, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը չնշանակվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, եւ, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից եւ ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Ի դեպ, երեկ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ականներին հիշեցրել է այդ ժամանակները. «Մենք ՀԱՊԿ-ում պրակտիկայի փոփոխության խնդիր ենք տեսնում: Մենք ասում ենք, որ տարօրինակ է, որ ՀԱՊԿ խոսակցությունը… դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին, որն ամեն օր սպառնում է, որ նրա մայրաքաղաքը գրավելու է:

Հետեւաբար, դուք զենքը վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն: Այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը: Ու մենք ոչինչ չասե՞նք: Չի լինելու նման բան: Էդ նախկին կոալիցիոն գործընկերները իրենք էս իրավիճակում ի՞նչ են արել: Ոչ մի բան չեն արել, բերանները ջուր առած` նստել են, որովհետեւ իրենք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի շահերով, այլ էս ինչ տեղն այսքան բիզնես ունենք, էնտեղ այսքան բիզնես ունենք: Նոր իրավիճակն այն է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ բիզնես չունի եւ հետաքրքրված չէ` Հայաստանի շահերից բխող հայտարարությունը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, Աստանայում կամ Բիշքեկում կամ որեւէ տեղ ունեցած իր բիզնեսի վրա»,- ասել է նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի եւ ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին` Փաշինյանը նշեց, որ ինքը սպասում է Բելառուսի ղեկավարի մեկնաբանություններին: «Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որեւէ արձագանք դեռ չեմ ստացել, եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա։ Այսինքն` ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որեւէ հարց եւ շարունակելու է պաշտպանել դրանք։

Այս ամենի համատեքստում դեկտեմբերի 6-ին հետաքրքիր եւ, ինչու ոչ, նաեւ թեժ նիստ է սպասվում, որի ժամանակ հետաքրքիր կլինի լսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների տեսակետները եւ հատկապես` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը: Երեկ Փաշինյանը նշեց, թե Վլադիմիր Պուտինը կառուցողական մոտեցում ունի այդ հարցի վերաբերյալ: Սակայն նույն քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ արտաքին քաղաքականության եւ այսպիսի լուրջ հարցերի պարագայում ուժերը չպետք է զբաղվեն քաղաքական դիվիդենտներ շահելով, սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ի քարոզչության հիմնական թեման լինելու է հենց Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ու դրա շուրջ ձախողումները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս