«Սերժի Վաչոյի» և աղմկհարույց գործեր քննող դատավորներն ազատման դիմումներ են գրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` որոշ դատավորներ մտադիր են առաջիկայում դատական համակարգից դուրս գալու դիմումներ ներկայացնել:
Այն, որ դատական համակարգում տեւական ժամանակ է՝ խժդժություններ են սկսվել, գաղտնիք չէ ոչ ոքի: Ինչպես հայտնի է, դատավորներից երկուսը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, դատի տվեցին Բարձրագույն դատական խորհրդին: Վերջիններիս այս քայլից հետո դատական համակարգում ԲԴԽ-ի որոշումների դեմ դատական հայցերը մեծ թափ առան եւ այս օրերին, ինչպես դատավորի թեկնածուները, այնպես էլ գործող դատավորները հայցեր են ներկայացնում դատարան ընդդեմ ԲԴԽ-ի:

Ազատման դիմումներ

Սակայն իրավիճակին զուգահեռ դատական համակարգում այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ ու խոսակցություններ են տարածվել, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, որին դատական համակարգում համարում են լավ իրավաբան, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որին եւս համարում են պատրաստված իրավաբան, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը դատական համակարգից ազատման մասին դիմումներ են գրելու: Ասել է թե` վերջիններս այլեւս չեն ցանկանում դատավոր աշխատել: Դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` դատավորները մասնավոր զրույցներում հայտարարել են, թե չեն ցանկանում այլեւս դատավոր աշխատել, քանի որ առավել նպատակային են համարում փաստաբանական գործունեությունը. դա բավականին շահութաբեր աշխատանք է, իսկ իրենք արդեն բավականին երկար տարիների փորձ ունեն եւ որպես փաստաբան առավել մեծ աշխատանք կարող են անել:

Սակայն դատական համակարգում հակված են կարծելու, որ դատավորները համակարգից գնում են, քանի որ չեն կարող աշխատել նոր իշխանությունների հետ նոր պայմաններում: Դատավորներից շատերը այն կարծիքն են, որ Վազգեն Ռշտունու` համակարգից դուրս գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնել եւ նրան ազատ արձակել` հիմք ընդունելով նրա անձեռնմխելիությունը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը, քննելով գործը, այն կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության: Ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը, մանավանդ, որ նրա անունը շրջանառվում էր թավշյա հեղափոխությունից հետո ի պաշտպանություն նախորդ իշխանությունների, նոր կառավարության դեմ սաբոտաժ անող իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների բուրգի կազմում:

Իսկ ինչո՞ւ պետք է դատական համակարգից ազատման դիմում գրի Մխիթար Պապոյանը: Ըստ տարածված խոսակցությունների` այս տարվա հուլիսի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, սակայն նոյեմբրի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազության կողմից ներկայացված բողոքը` գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, եւ Ղազարյանը կալանավորվեց: Ուստի դատական համակարգում կարծում են, որ նրա որոշումը կապված է այս հանգամանքի հետ:

Այսպիսով, դատական համակարգում անհասկանալի է մնում, թե ինչու է դատական համակարգից ցանկանում դուրս գալ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին` ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տարածված խոսակցությունների իսկությունը փորձեց պարզել հենց դատավորներից:
Ինչպես հայտնի է, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում եւ մասնակցում է լեզվի դասընթացներին, եւ նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել Վազգեն Ռշտունու տեսակետը իր անվան շուրջ դատական համակարգում տարածված լուրերի վերաբերյալ:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները,որ ինքն աշխատանքից ազատման դիմում է գրելու, պատասխանեց՝ «Ոչ»:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ավելի ուշ վերջինիս գործավարուհին զանհագարեց եւ փորձեց հասկանալ խնդիրը: Վերջինիս ներկայացրեցինք մեզ հասած տեղեկությունը, որի արդյունքում Մխիթար Պապոյանի գործավարուհի Սոնան հայտնեց, որ Մխիթար Պապոյանն ունի նման մտադրություն, սակայն վերջնական որոշում չի կայացրել:

Քնար Մանուկյան




Լրահոս