Թանգարանի շենքը` վատթար վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերի սկզբին քանդվեց Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցին հարակից տարածքում գտնվող Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե պատշգամբը: Դրա քանդվելու պատճառների մասին դիլիջանցիների շրջանում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որոնցից մեկն այն է, որ գեղեցիկ այդ պատշգամբը քանդվել է բեռնատար մեծ ավտոմեքենայի հարվածի հետեւանքով: Դեպքից մոտ երկուսուկես ամիս է անցել, շենքի վիճակը վատթար է: Դիլիջան քաղաքից դեպի Վանաձոր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին հառնող այդ թանգարանի փայտե մուտք-տախտակամածը կիսաքանդ է, դրա տակ խոր փոս է: Որպեսզի անցորդները պատահաբար այդ փոսը չընկնեն, փողոցի երկանքով երկար ժապավեն են կապել: Դիլիջանցիները ցավ են ապրում, որ քաղաքի հին դիմագիծը կազմող շենքերից մեկը քանդվում է: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ շենքը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում:

Թանգարանի շենքը դիլիջանցիների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այն եղել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի սեփական տունը, որը խորհրդային տարիներին Շարամբեյանը նվիրել է քաղաքին, դարձրել թանգարան: Հ. Շարամբեյանի անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը: Համացանցում դիլիջանցիները քննարկում են թանգարանի շենքի ճակատագրի հարցը, հայտնում, որ Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է իր միջոցներով վերանորոգել շենքը: Համացանցի օգտատերերը նշել են, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարար դառնալուց հետո առնվազն երկու անգամ Դիլիջան է այցելել, սակայն թանգարանի քանդվող շենքով չի հետաքրքրվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս