Բագրատաշենում որակյալ ջուր կա, սակայն անորակ ջուր են խմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. «Հայջրմուղկոյուղ»-ին եւ ԻՖԱԴ-ը Բագրատաշենում խմելու ջրի ցանց են կառուցել: Ստեփանավանի սարերից ձգվող խմելու ջրատարն արդեն երրորդ տարին է` Բագրատաշեն է մտնում, սակայն բնակիչները զրկված են Ստեփանավանի որակյալ ջրից, շարունակվում են խմել Դեբեդ գետի ափին գտնվող անորակ ջրից:

2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հայտնեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը բնակիչների տներում ջրաչափերի բացակայությունն է: Բագրատաշենի բնակիչները բնակավայրի հիմնելու ժամանակից`1936թ.-ից մինչ օրս խորքային հորից մղված անորակ ջուրն են խմում: Գյուղի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից 3 մ հեռավորությամբ: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25 մ հեռու: Դեբեդի մեջ մեծ է Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած ծանր մետաղների` պղինձի, կապարի, արճիճի եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները մարդու օրգանիզմում կուտակվելու հատկություն ունեն: Բագրատաշենին մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Գյուղի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատարակարում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին: Նա ասաց, որ խորքային հորից մատակարարված ջուրը լաբորատոր հետազոտության են ենթարկել, ջուրը վնասակար նյութեր չի պարունակում, սակայն որակյալ չէ: Խորքային հորի ջուրը բնակչությանը տրվում է 5 օրը մեկ: Մակյանը հայտնեց, որ Բագրատաշենում եւ խմելու ջրի սուր խնդիր ունեցող հարեւան Դեբեդավան գյուղում մեկնարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիրը, որով Բագրատաշենում ջրաչափեր կտեղադրվեն, Բագրատաշենը կօգտվի Ստեփանավանի ջրից, Դեբեդավանում էլ խմելու ջրի ներքին ցանց կկառուցվի: Արդեն կայացել է շինարարության մրցույթը, որի արդյունքում կորոշվի ծրագիրն իրականացնող կազմակերպությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս