Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են վարկանիշային ընտրակարգով, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ուժի համար առանձին քվեաթերթիկ է լինելու:
Քվեարկության կարգն ու ձեւը միշտ շփոթմունքի պատճառ է հանդիսացել եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիները եւ հատկապես մեծահասակները դժվարությամբ էին կողմնորոշվում, թե ինչպես պետք է քվեարկել:
Նախ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին եւ կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Ընտրողը պետք է մոտենա մասնագետին, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, որից հետո մասնագետը ստուգելու է այն եւ անցկացնի տեխնիկական սարքավորման միջոցով: Եթե ամեն ինչ նորմալ է, ապա էկրանին հայտնվելու է տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ կանաչ նշան: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան:
Երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ապա ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դա ներմուծելու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաեւ ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:
Մասնագետը պետք է տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնի ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Քվեարկության կտրոնը ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար, այսինքն` այս դեպքում 11 ծրար, եւ ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց: Եվ դրանից հետո ընտրողն անցնում է քվեարկության խցիկ քվեարկելու:
Ընտրողն ուժերից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Ապա երկրորդ էջում միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփիմեջ: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին եւ նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:
Հավելենք, որ քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները ազգանունների այբբենական հերթականությամբ:
Հետաքրքիր գործընթաց է ներկայացնում մանդատների բաշխումը, որը կախված է ընտրությունների արդյունքներից: Նախ մանդատները բաշխվում են այն ուժերի միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:
Մինչեւ 101 մանդատ մնացած մանդատները տրվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Ինչպես հայտնի է, խորհրդարանի 3/5-րդը պետք է լինի ընդդիմություն, եւ այժմ շատ է քննարկվում, որ «Իմ քայլը» դաշինքի` բացարձակ առավելություն ունենալու պարագայում ընդդիմության թվաքանակը փոքր է լինելու: Սակայն իրականում այդպես չէ եւ հստակ ամրագրված է 3/5-րդի փաստը, իսկ դա նշանակում է, որ եթե օրինակ «Իմ քայլը» դաշինքը ստանա 70 տոկոս, եւ շեմն էլ երեք ուժ չհաղթահարի, ապա լրացուցիչ մանդատներ են բաշխվելու, եւ պատգամավորների թիվն էլ այնքան է ավելանալու, մինչեւ ընդհանուր թվի 3/5-րդը լինի ընդդիմություն: Ստացվում է` միգուցե խորհրդարանում չորս ուժ ներկայացված չլինի, սակայն չի բացառվում, որ անգամ երեքի դեպքում պատգամավորների թիվն ավելին լինի:
Նաիրա Հովհաննիսյան