«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ պարզելու, թե ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երգչուհու կյանքում:
-Ռուզաննա՛, այս պահին Ձեր կարիերայի ո՞ր փուլում եք գտնվում: Ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա աշխատանքային փուլի մեջ եմ, երգում եմ, դասավանդում եմ, 2 օրից էլ պատրաստվում եմ մեկնել համերգի: Ընկերներիս հետ գնում ենք Տյումեն, այնտեղի հայկական համայնքը միջոցառում է կազմակերպել, որը նվիրվում է «Էրեբունի Երեւանի 2800» ամյակին:
-Տարին գրեթե ամփոփվում է, ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2018 թվականը: Ունե՞ք կիսատ թողած գործեր, որ պլանավորել եք կատարել հաջորդ տարի:
-Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է տարվա կտրվածքով հասցնել ավարտել, ամեն ինչ կատարել: Բայց լինում են անկանխատեսելի իրավիճակներ, երբ նախատեսված պլանները կիսատ են մնում: Կան երգեր, որոնք մտադիր էի ձայնագրել, բայց չեմ հասցնում զբաղվածության պատճառով:
-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում, ինչու չէ, նաեւ ձեր ոլորտում: Ի՞նչ էական փոփոխություններ եք զգացել:
-Անկեղծ ասած` ինչպես մինչ հիմա եմ աշխատել, շարունակում եմ նույն ձեւ աշխատել: Առանձնապես որեւէ փոփոխություն չեմ նկատել: Ինչպես աշխատել եմ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»-ում եւ ուսումնարանում, նույն ձեւ շարունակում եմ աշխատել: Ինչպես կոնսերվատորիայի աշխատավարձը ստացել եմ նախկինում, հիմա էլ նույն աշխատավարձն եմ ստանում: Ոչինչ չի փոխվել, չեմ ուզում ասել, թե ինչքան եմ ստանում:
-Ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում: Ինչո՞ւ չեք բարձրաձայնում աշխատավարձի չափը, բա՞րձր է, թե՞ ցածր:
-Այնքան ցածր է, որ բարձրաձայնելու պարագայում մարդիկ իրենց անհարմար են զգում, որ կարող են «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»-ի դասախոսներն այդքան չնչին աշխատավարձ ստանալ: Որպեսզի թիվը չբարձրաձայնեմ, քանի որ շատ ծիծաղելի է, միայն կասեմ, որ մեր երկրի նվազագույն աշխատավարձից էլ բավականին քիչ է կազմում:
–Հույս ունե՞ք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում տիրող այս քաղաքական իրավիճակում աշխատավարձի բարձրացում կլինի:
-Կարծում եմ` այն կառույցները, որ զբաղվում են նման հարցերով, կվերանայեն այս հարցը: Կոնսերվատորիայի դասախոսը դասավանդելով ստանում է այդքան չնչին աշխատավարձ, մարդիկ նույնիսկ զարմանքով հարցնում են` մե՞կ ժամի դիմաց եք այդքան ստանում, ու ես պատասխանում եմ` ոչ, ամբողջ ամսվա համար: Ուղղակի ցավալի է: Ուզում եմ ուղղակի նման իրավիճակները վերանայվեն, որովհետւ այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի նվիրյալներ են, որոնք սիրում են ու սիրով կատարում են իրենց աշխատանքը, իրենք գնահատվեն ըստ արժանվույն: Այն դեպքում, երբ կոնսերվատորիայի ուսանողների վարձավճարի չափը բավականին բարձր է: Եվ ուղղակի չես կարողանում հասկանալ, թե այդ վարձավճարներն ուր են գնում եւ ինչ հաշվարկով են վճարվում դասախոսները: Շատ լավ կլիներ, որ այս ամենին անդրադարձ լիներ համապատասխան կառույցների կողմից: Ակնկալում եմ, որ այս ոլորտում կլինեն փոփոխություններ: Յուրաքանչյուր մարդ ուզում է գնահատված լինել:
-Նշեք երեք կետ, որ կցանկանայիք` Հայաստանում փոխվի:
-Ես կարծում եմ` առաջին հերթին բոլորին վերաբերող հարցերը սրանք են. մարդկանց վարձատրությունը լինի ըստ արժանվույն, իրենց կատարած աշխատանքի դիմաց: Ուզում եմ` աշխատատեղերն ավելի շատ լինեն, որպեսզի գործազուրկների թիվը քիչ լինի: Հիմա ՀՀ-ում կարծես գործազուրկների թիվն ավելի շատ է, քան աշխատողների: Ուզում եմ` բարելավվի երկրի վիճակը, որպեսզի արտագաղթը նվազի, եւ ավելանա ներգաղթը: Երկրի ֆինանսական, տնտեսական եւ կենցաղային վիճակից ելնելով` մարդիկ դարձել են ավելի հոգսաշատ, տխուր, ինչու չէ, նաեւ նախանձ: Եթե այս ամենը բարելավվի, վստահ եմ, որ մարդիկ ավելի ուրախ եւ ժպիտով կլինեն:
–ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:
-Եթե մեխանիզմն այնպիսին լինի, որն իրականում ինչ-որ չափով խելքին մոտ գաղափար է, ապա, բնականաբար, ամեն մարդ կցանկանա օրինական աշխատել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ ես երկու տեղ աշխատում եմ, եւ երկու աշխատատեղից էլ իմ հարկերը օրինական ձեւով վճարում եմ: Այս առումով պարտաճանաչ եմ: Կրկնում եմ, եթե այնպիսի մեխանզմ, որն իրականում հասկանալի կլինի երկու կողմերին էլ` ե՛ւ հարկողին, ե՛ւ հարկվողին, չեմ կարծում, որ դեմ լինողներ գտնվեն: Բայց դե հենց այնպես չես կարող օդից վերցնել ու ասել` «դուք հարկային դաշտ եք մտում»: Չմոռանանք դեղերը դեղատոմսով գնելու դեպքը: Հանկարծ որոշեցին, որ վաղվանից բոլոր դեղերը պետք է լինեն դեղատոմսով: Չէ՞ որ նման պրակտիկա կիրառում են բավականին երկար տարիների փորձի շնորհիվ: Մեզ մոտ այդ տարբերակը չաշխատեց, որովհետեւ մշակված չէր:
–Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Ես ուզում եմ, որ մեր երկրում մարդիկ լավ ապրեն: Եթե խորհրդարանական ընտրությունները պետք է մեր երկիրը հասցնեն նրան, որ քաղաքացիները լավ ապրեն` աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում լինի, ապա թող այդպես լինի: Նման բարեփոխումներին բոլորս էլ կողմ ենք:
Զրուցեց Նատալյա Պողոսյանը