Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայության առանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։
Սալվատորե Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և պատրաստվածությամբ։
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր էջում հավելյալ մանրամասներ է հրապարակել Դավիթ Տոնոյանի այցի վերաբերյալ: Մասնավորապես, Հովհաննիսյանի կատարած գրառումների համաձայն, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը այցելել է Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ նրան ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Իսկ այսօր առավոտյան Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելել է ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը, այցելել է ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը, իսկ վերջում հանդիպում ունեցել ողջ անձնակազմի հետ։
«Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը իր և երկրի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին բարձր որակի ծառայության համար», – գրել էր Արծրուն Հովհաննիսյանը: