«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, 2018թ.-ի նոյեմբերի 5-ին հրապարակեց բաց նամակ՝ Վարդենիսի տարածաշրջանի բնակիչների անունից: Հաշվի առնելով, որ նամակում ներկայացված են ակնհայտ կեղծ տեղեկություններ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հարկ է համարում անդրադառնալ դրանց և, ընդդեմ կեղծիքի՝ ներկայացնել իրականությունը:
Առաջին հերթին ցանկանում ենք հայտարարել, որ Սոթքի հանքավայրի տնօրեն Արայիկ Միդոյանի հասցեին հնչեցրած տեղեկատվությունը ամբողջովին կեղծ է և զրպարտանք:
Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արայիկ Միդոյանը Սոթքի հանքավայրում աշխատելու 20 տարիների փորձ ունի: Նա աշխատանքը սկսել է շարքային մարկշեյդերից մինչև գլխավոր մարկշեյդեր, ապա՝ գլխավոր ճարտարագետից մինչև գլխավոր տնօրեն: Շնորհիվ իր մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ Արայիկ Միդոյանը վայելում է ողջ անձնակազմի սերն ու հարգանքը: Նա գործունյա է, իր վրա է վերցնում ձեռնարկատիրության վարման ողջ պատասխանատվությունը, ջերմ, մարդկային հարաբերություններ ունի իր ողջ աշխատակիցների հետ:
Բաց նամակում մասնավորապես ասված է. «Ընկերությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Վարդենիս քաղաքին, այս ժամանակահատվածի ընթացքում միայն վերանորոգել է Վարդենիս քաղաքի կուլտուրայի տան մի մասը: Ինչպես նաև գրեթե ոչնչով չի օգնում Վարդենիս քաղաքի նորընտիր քաղաքապետին»:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ը զբաղեցնում է 4 -րդ տեղը և տարեկան, ընդհանուր առմամբ վճարում է 15.5 մլրդ. դրամ հարկ: Ընկերությունը պարտաճանաչ կերպով կատարում է համայնքի՝ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած իր բոլոր պարտականությունները: Այլ պարտավորություններ, քան սահմանված է օրենքով կամ պայմանագրով, ընկերությունը չունի և եթե իրականացնում է որևէ նախագիծ, ապա դա արվում է լրացուցիչ կերպով և հանդիսանում է ընկերության կողմից բարի կամքի դրսևորում: Իր աշխատանքային գործունեության վերջին 10 տարիների ընթացքում, ընկերությունը միայն բարեգործական նպատակներով, Վարդենիսի տարածաշրջանում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ավելի քան 1.5 միլիոն դոլլարի չափով:

Այսպիսով, ընկերությունը կատարում է ինչպես օրենքով, այնպես էլ իր կողմից մշակված, սոցիալական ծրագրերով նախատեսված բոլոր պարտականությունները: Արդարացի չէ, որ ՀՀ օրենքից դուրս, արհեստական այլ պարտավորություն է դրվում ընկերության վրա և դրա չկատարման համար, լրատվամիջոցներով փորձ է արվում հեղինակազրկել ընկերության անունը:
Ի լրումն այս ամենի նշենք, որ ընկերությունը ամեն տարի լուրջ միջոցներ է ուղղում առողջապահական ծրագրերին՝ դրանցում ընդգրկելով ինչպես իր աշխատակիցներին, այնպես էլ Վարդենիսի տարածաշրջանի բնակիչներին: Ամեն տարի, մայրաքաղաքից հրավիրված բարձրակարգ և լավագույն բուժհաստատությունները ներկայացնող բժիշկ-մասնագետների կողմից, Սոթքի հանքավայրի բոլոր աշխատակիցներն անցնում են առողջապահական հետազոտություն:

Գեղամասար խոշորացված համայնքի խնդրանքին ընդառաջ, ընկերությունն այս տարի կազմակերպեց առողջապահական մեկամսյա անվճար բուժհետազոտություն՝ բոլոր ցանկացողների համար: Այդ մեկ ամսվա ընթացքում, Մեփլ Լիֆս հայ-կանադական կլինիկայի բարձրորակ մասնագետները բժշկական գերժամանակակից սարքավորումներով հետազոտեցին բնակչությանը: Ձեռնակությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, ինչպես նաև ամենամյա հովանավորչական գործունեություն է ծավալել, հաշմանդամություն ունեցող երեխաների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, Մեծ Հայրենականին և արցախյան ազատամարտին մասնակցած վետերանների շրջանում: Մեր ծրագրերի գերակշող մասը լուսաբանել են համապետական սփռման և տեղական լրատվամիջոցները, այդ թվում, բազմիցս նաև՝ «Ժողովուրդ» օրաթերթը և «Արմլուր» կայքը:

Բաց նամակում ասվում է. «Ընկերությունը աշխատակիցներին նախատեսված բարձր լեռնային գոտու համար հավելավճարները չի վճարում, բացի դրանից 12-14 ժամ աշխատող բանվորներին վճարում է 90-110 հազար ՀՀ դրամ աշխատավարձ»:

Տեղեկացնում ենք, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն բոլոր աշխատակիցները, ովքեր գործունեություն են ծավալում Սոթքի ոսկու հանքավայրի բարձր լեռնային գոտիներում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են համապատասխան հավելավճարները: Փաստում ենք նաև, որ Սոթքի ոսկու հանքի ինժեներա-տեխնիկական և բանվորական անձնակազմի փաստացի, մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 321.583 ՀՀ դրամ, ինչը յուրաքանչյուր ամիս, առանց ուշացումների վճարվում է աշխատակիցներին:

Բաց նամակում նշված է. «Երկար տարիներ ընկերությունը հանքաքարի տեղափոխումն իրականացնում էր կապալառու ընկերության միջոցով, որտեղ աշխատանքով ապահովված էին շուրջ 60-70 վարդենիսցիներ՝ սեփական ավտոմեքենաներով: 2018թ. հունվարից հաշվի չառնելով այդ 60-70 վարդենիսցիների ընտանիքների կենսաապահովման խնդիրները, ընկերությունը դադարեցրեց կապալառուի հետ աշխատանքները, որից հետո որևէ մեկը չհետաքրքրվեց այդ մարդկանց ճակատագրով»:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ օրենսդրության, տնտեսվարողը ազատ է գործընկերոջ ընտրության հարցում և որևէ կաշկանդվածություն չունի ընտրելու, թե ո՞ւմ հետ է նպատակահարմար գտնում աշխատել կամ չաշխատել:
Այո՛, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը դադարեցրել է կապալառու ընկերության հետ համագործակցությունը, քանի որ ընկերության արտադրատեխնիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ էր այլ տեխնիկա: Ընկերությունը ձեռք է բերել հանքի համար հարմարեցված բեռնատար մեքենաներ և դրանք վարելու նպատակով աշխատանքի է ընդունել թվով 40 վարորդների, որոնց ամսական փաստացի միջին աշխատավարձը կազմում է 400.000 ՀՀ դրամ:

Բաց նամակի մնացած մասին պարզապես անդրադարձ չենք կատարում՝ համարելով, որ այն արժանի չէ նույնիսկ ամենապարզ մեկնաբանության:

Նամակն իրենից ներկայացնում է ապատեղեկատվություն, միտված է խեղաթյուրել իրականությունը, ինչպես նաև հետապնդում է որոշակի կապալառու ընկերությունների և անհատների շահադիտական նպատակները:
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ պատշաճ կատարում է ինչպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած բոլոր պարտականությունները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության հանդեպ ունեցած իր բոլոր պարտավորությունները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը զգուշացնում է բոլոր նրանց, այդ թվում՝ զեղծարարությամբ զբաղվողներին, ովքեր եթե ևս մեկ անգամ ընկերության հասցեին , նրա աշխատակիցների անձին և արժանապատվությանը վերաբերող, ապատեղակատվություն հանդիսացող հրապարակումներ կատարեն և տարածեն, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:




Լրահոս