«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական իրավիճակի եւ սպասվող զարգացումների մասին զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Պարո՛ն Քոքոբելյան, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ լրացումների տապալված նախագիծը երկուշաբթի օրը նորից քվեարկության է դրվելու: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:
-Անկեղծ ասած` այդքան էլ լավատես չեմ: Լավ կլինի նրանք, ովքեր պնդում են, որ սա նոր ընտրական օրենսգիրք է, հասկանան, որ այդպես չէ, որ այստեղից ընդամենը հանվում են այն կետերը, որոնք խիստ վտանգավոր են Հայաստանի քաղաքական դաշտի փոշիացման եւ ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխել ռեսուրսների եւ այլ լծակների դաշտ: Ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն էր տալիս ապաքաղաքական, խիստ օլիգարխիկ շրջանակներին, որոշակի լծակներ օգտագործելով, շատ ձայներ կորզել եւ դրա հաշվին հայտնվել ԱԺ-ում: Այսօր Հայաստանում չկա ավելի ապաքաղաքական մարմին, քան ԱԺ-ն է: Այնտեղ իհարկե կան քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ, բայց ԱԺ-ում մարդիկ կան, որ 20 տարվա ԱԺ պատգամավորներ են, բայց պապանձված են, որովհետեւ որեւէ դիրքորոշում նրանք չեն ունեցել: Աժ-ում կան մարդիկ, ովքեր ունակ չեն քաղաքական տեքստ արտասանելու: Պետք է հասկանալ, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը ոչ թե քաղաքական կապրիզի հարց է, այլ այդ համակարգի ներմուծումն է, որ Հայաստանի Հանրապետությանը բերեց նման վիճակի: Եթե այդ համակարգը պահպանվեց, դա մեծագույն վտանգ է Հայաստանի համար: Կան մարդիկ, ովքեր այսօր աքլորանում են, որովհետեւ քվեարկել են ոչ ի վնաս ժողովրդի եւ համարում են դա հերոսություն: Պատկերացրեք` որտեղ ենք հասել: Չգիտեմ` ընտրությունների ժամանակ որ օրենսգիրքը կլինի, բայց մենք պատրաստ ենք պայքարել եւ յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր ճիշտ տեղը:
-Հանրապետական կուսակցությունը կարծես ամեն ինչ անում է, որ ընտրությունների չգնանք նոր ընտրական օրենսգրքով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու իշխող կուսակցությունը պայքարում են հակառակի համար: Ըստ Ձեզ` ո՞վ կհաղթի:
-Ես այդ խնդիրը էդպես չէի դնի: Պայքարելը միայն ձեւաթուղթ վերցնելը չէ: Ի՞նչ է նշանակում` կուսակցությունը վերցնում է ձեւաթուղթ, որի նպատակը ԸՕ փոփոխություններ իրականացնելն է, բայց հենց խմբակցության ղեկավարը չի մասնակցում տվյալ քվեարկությանը: Նույնը կասեի «ԵԼՔ»-ի իմ գործընկերների մասին: Այդ փոքրաթիվ քանակով քվեարկությունը չէ միայն: Եւ, ինչու չէ, նաեւ կասեմ վարչապետի այսօրվա պաշտոնակատարին այն առումով, որ պետք է հետամուտ լինել, որ ձայները ապահովվեն: ՀՀԿ-ում էլ կան քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ, եւ իրենք պետք է գիտակցեն, որ իրենք էլ են հայտնվել այս վիճակում այն պատճառով, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր խիստ անձնական շահերով են առաջնորդվում: Չեմ կարող չնշել, որ ապաքաղաքական մարդը, երբ քաղաքական տեքստ է արտահայտում, առնվազն պետք է ծանոթ լինի դրա բովանդակությանը: Քվեարկողներից շատերը նույնիսկ չգիտեն` ինչ է քաղաքական համակարգը: Ես ականատես եմ եղել նրան, որ ԱԺ պատգամավորների մի մասը նույնիսկ չէր իմանում` ինչ օրենքի համար է քվեարկել: Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ քաղաքացին այսպիսի իրավագիտակցություն ունի, որ հասկանում է՝ չի կարելի վաղվա ապագան մանրադրամի վերածել:
-Պատրաստվո՞ւմ եք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով. դաշինք կկազմե՞ք որեւէ ուժի հետ:
-Այո, պատրաստվում ենք: Հենց հիմա զբաղվում ենք այդ գործընթացով: Կարծում ենք` շատ լուրջ մասնակցություն պետք է ունենանք` հաշվի առնելով գաղափարական այն դաշտը, որը զբաղեցնում է «Ազատ դեմոկրատները»: Քաղաքական դաշտը պետք է լինի քաղաքական գաղափարների մրցակցային դաշտ: Վստահ եմ` կունենանք այն հաջողությունը, որի անհրաժեշտությունն ունենք, իսկ արհեստական կոալիցիաներին մենք միշտ դեմ ենք եղել, բայց պետք է լինեն կոալիցիաներ մեր քաղաքացիների հետ: Այն խնդիրները, որոնք այսօր են կուտակված, չես լուծի հին մեթոդներով. դա ճշմարտություն է: Մենք բոլորս պետք է շահագրգիռ լինենք, որ լինեն խիստ քաղաքական ընտրություններ: Փոքրիկ բդեշխիկը չի կարող դեմ չլինել ռեյտինգայինի վերացմանը, իսկ Հայաստանին պետք չեն բդեշխներ: ՀՀԿ-ն պետք է վերանայի իր մոտեցումները, եւ ինքը իր ներսում ազատվի այդ ապաքաղաքական մարդկանցից եւ էլեմենտներից:
-Ո՞ւմ աջակցությամբ եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:
-Այսինքն` ո՞ւմ աջակցությամբ: Շատ հետաքրքիր հարց է:
-Շատ է խոսվել այն մասին, որ դուք անմիջական աջակցություն եք ստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:
-Առաջին անգամ եմ լսում, որ մենք ԱՄՆ դեսպանատան կողմից աջակցություն ենք ունեցել: Եվ կարծում եմ, ովքեր դրսից կամ ներսից որեւէ աջակցություն են ունեցել, դա քրեորեն պատժելի արարք է, եւ մենք դրա կարիքը չունենք: Բայց նաեւ կարիք չունենք մեր հարաբերությունները փչացնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, մեր հարեւանների հետ: Մասնակցելու ենք մեր քաղաքացիների աջակցությամբ: Մեր կռիվը հենց դա է. ՀՀ քաղաքական դաշտը պետք է ձեւավորվի մեր քաղաքացիների աջակցությամբ եւ մեր քաղաքական գործիչների ողջամտության հաշվին: Մենք խնդիր չունենք Ռուսաստանից կամ Վաշինգտոնից աջակցություն բերելու, մենք խնդիր չունենք Հայաստանից դուրս գտնվող որեւէ ուժի ապավինելու: Հայ ժողովուրդը պետք է ապավինի իր հավաքականության վրա:
-Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին: Ձեզ գոհացնո՞ւմ է այդ քաղաքականությունը:
-Միարժեքորեն կասեմ, որ հիացած չեմ: Հաշվի առնենք նաեւ, որ կա անցումային իրավիճակ, եւ կարծում եմ, որ ինքն էլ ժամանակ կունենա մտորելու, վերանայելու այն նշանակումները, որոնք հասարակության իրավացիորեն դժգոհությունն է առաջացրել: Կոռումպացված մարդկանցով ոչ կոռումպացված հասարակարգ չես ստեղծի: Այո, պետք է հաշվի առնել մարդկանց էֆեկտիվությունը, բայց պետք է հասկանալ, որ կան մարդիկ, ովքեր էֆեկտիվ հանցագործներ են: Պետք է թույլ չտրվի` աղավաղվի այն ապագայի հույսը, որն ունի ՀՀ արժանապատիվ քաղաքացին:
-Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է: Իսկ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով դրան, ասաց, որ կոռուպցիան հայտարարություններով չեն վերացնում: Ըստ Ձեզ` իրոք վերացե՞լ է կոռուպցիան:
-Փաշինյանը նկատի չուներ, որ ամբողջությամբ վերացել է: Պետք է անկեղծորեն ասել, որ դրա վերացման համար քիչ բան չի արել այսօրվա վարչապետի պաշտոնակատարը: Չեմ կիսում այն կարծիքը, որ կոռուպցիան կամ օլիգարխիան ամբողջովին վերացել է, քանի որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, այլ օրինակ հովանավորչությունն է: Հայաստանում տեղի է ունեցել մտածողության փոփոխություն: Օրինակ, ցանկացած վարորդ ավտոտեսուչին հանդիպելուց չի մտածում կաշառք տալու մասին: Այ դա փոփոխություն եմ համարում: Բայց մինչեւ հիմա չկա տնտեսական այն հաշվարկը, թե որքան պետք է ծախսվի կոռուպցիան վերացնելու համար. սա բացարձակ անհեթեթություն եմ համարում: Պետք է այնպիսի լծակներ ստեղծվեն, որ մարդիկ ուղղակի հնարավորություն չունենան զբաղվել կոռուպցիայով:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՊԱՅՔԱՐԵ՞Լ, ԹԵ՞ ԱԶԱՏ ԹՈՂՆԵԼ ԼԳԲՏ-ՆԵՐԻՆ
Նոյեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվելիք ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումի շուրջ թեժ քննարկումները չեն դադարում, եւ անգամ հարցը հասավ խորհրդարանի քննարկմանը:
Նախ նշենք, որ Երեւանում միջոցառման կազմակերպիչ կազմակերպությունը «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունն է, որը մի շարք այլ կազմակերպությունների ու անհատների հետ դիմել էին նոր իշխանություններին, որպեսզի ԼԳԲՏ անձանց առավել շատ ազատություններ տրվեն: Մյուս կողմից էլ` նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ընդունել, որ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում կան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, եւ պետք է հասկանալ` ինչպես վարվել նրանց հետ:
Եվ ահա այս օրերին տարբեր նախաձեռնություններ, հայտարարություններ են հնչեցնում ֆորումի չեղարկման պահանջով` ընդգծելով, թե այն կարող է զայրույթի եւ բռնության պատճառ դառնալ: Մասնավորապես, նման կոչեր ակտիվորեն հնչեցնում է «Կամք» անվամբ նախաձեռնությունը, սակայն արդյունքում այդպես էլ չեն պատասխանում հեռախոսազանգերի: Եվ կարծես թե այս իրավիճակում երկու քարի արանքում է հայտնվել հենց կառավարությունը. մի կողմից մենք ունենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց չընդունող եւ ֆորումը տապալելու կոչեր հնչեցնող հասարակություն, եւ մյուս կողմից էլ` ՀՀ-ԵՄ համաձայնագիր, որը ստորագրելով, ըստ էության, մերժում ենք նման մարդկանց հանդեպ բռնությունը` համաձայնելով նրանց նկատմամբ գտնվել տոլերանդ: Սակայն մեխանիզմներ չկան, թե ինչպես պետք է զսպել բռնության կոչեր հնչեցնող մարդկանց, որպեսզի ֆորումի օրը չկրկնվեն Վրաստանում տեղի ունեցած դեպքերը, երբ այն վերածվել էր ծեծկռտուքի: Կամ, ի վերջո, ո՞րն է ճիշտը. թո՞ւյլ տալ նման ֆորումի անցկացումը, թե՞ ոչ, եւ ի՞նչ քայլեր ձեռնարկել: Այս հարցում միանշանակ կարծիքները կրկին տարբեր են լինելու:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ՆՈՒՅՆ ՕՐԸ
ԱԺ Հանրապետական խմբակցությունը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած նախագծերի ընդունման համար: Հերթը հիմա հասել է Համաներում հայտարարելու մասին նախագծին: Բանն այն է, որ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լենա Նազարյանի առաջարկությամբ այդ նախագիծը պետք է ընդգրկվեր հոկտեմբերի 29-ին գումարվող ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում նաեւ Ընտրական օրենսգիրքն է: Սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրակարգից հանել է այն եւ զգուշացրել Նիկոլ Փաշինյանին: Իհարկե որպես հիմնավորում ներկայացվել է իրավական կողմը, որ ԱԺ նախագահին պետք է դիմել նիստից հինգ օր առաջ, այնինչ երկուշաբթի դեռեւս չի լրանում նախատեսված հինգերորդ օրը։ Եվ Փաշինյանի կառավարությունը ստիպված հոկտեմբերի 31-ի համար է արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի քննարկվի Համաներում հայտարարելու մասին հարցը: Սակայն ուշագրավն այն է, որ այդ օրը պետք է տեղի ունենա նաեւ վարչապետի ընտրության հարցի քվեարկություն, եւ նախագծի քննարկումը եւս այդ օրն է նախատեսված: Իհարկե նիստի ընթացքն ու տեւողությունը կախված է այն հանգամանքից, թե վարչապետի թեկնածու կլինի, թե ոչ: Եթե եղավ թեկնածու, չի բացառվում, որ այն կրկին մի քանի ժամ տեւի: Դատելով վերջին շրջանում ՀՀԿ-ականների պահվածքից եւ նախագծեր տապալելուն միտված քաղաքականությունից, չի բացառվում, որ նման ճակատագրի արժանանա նաեւ այս նախագիծը: Փաստորեն, ՀՀԿ պատճառով բանտերում շարունակելու են մնալ նաեւ այն կալանավորները, որոնց ՀՀԿ-ն օգտագործում էր իր համար ձայներ ստանալու նպատակով:
ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄԸ
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018 թվականի տարեկան ծրագրի համաձայն պետք է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հաշվեքննություն իրականացներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատը որոշում է կայացրել կասեցնել այդ հաշվեքննությունը: Ի դեպ, հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը այս որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով: Այն է՝ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով: Մեզ հայտնի դարձավ, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ստուգումները կիրականացվեն 2019 թվականին: Թե ինչ դատական գործընթացի մասին է խոսքը, որի արդյունքում առգրավվել են փաստաթղթերը, պարզ չէ: