ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն իսկ որեւէ կասկած չի հարուցում, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ մինչ այդ քաղաքական ուժերը փորձում են վերադասավորումներ կատարել, նոր մարդկանց ներգրավել կամ պարզապես մաքրել իրենց շարքերը եւ նորովի ներկայանալ սպասվող ընտրություններին: Իսկ ակնկալիքն էլ մեկն է` գոնե որեւէ չափով ներկայացվածություն ունենալ խորհրդարանում:

Իսկ ինչպիսին է իրավիճակը խորհրդարանական ուժերի պարագայում: Հանրապետական կուսակցությունում որոշել են, որ ցուցակներում պետք է լինեն միայն քաղաքական դեմքեր, ոչ թե գործարարներ, ինչպես եղել է նախկինում: Ընդ որում, եթե Ընտրական օրենսգիրքը ընդունվի, ապա հենց այդ քաղաքական դեմքերն էլ կլինեն համամասնական ցուցակում, իսկ եթե ԱԺ-ում տապալեն ԸՕ նախագծի ընդունումը եւ նոր ընտրություններն անցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն` վարկանիշային համակարգը պահպանելով, ապա քաղաքական դեմքերը, ովքեր մշտապես իրենց վրա են վերցնում քննադատությունների սլաքը եւ պատասխանատու են քաղաքական հայտարարությունների, մեկնաբանությունների համար, կրկին կլինեն համամասնական ցուցակում, եւ վարկանիշային ընտրակարգով կառաջադրվեն ուրիշ անձինք: Ընդ որում, վերջիններս պետք է առանց ընտրակաշառքի եւ առանց վարչական ռեսուրսի իրականացնեն իրեն քարոզարշավն ու ապացուցեն, որ անկախ թավշյա հեղափոխությունից` կուսակցությունը դեռ ապրում է: Եվ այս օրերին ՀՀԿ-ականները հենց զբաղված են ակտիվ քննարկումներով հասկանալու համար, թե որպես վարկանիշային թեկնածու ում կարող են առաջադրել, ում` ոչ:
ԲՀԿ-ականները եւս ակտիվ քննարկումների մեջ են: Ինչպես օրեր առաջ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության ցուցակը մեծ փոփոխությունների է ենթարկվելու, եւ այն մարդիկ, ում մենք մշտապես սովոր ենք տեսնել ընտրացուցակներում կամ խորհրդարանում, այլեւս չեն լինի: Ըսդ այդմ, ԲՀԿ-ում կլինեն նոր դեմքեր, երիտասարդներ, եւ այդ նպատակով էլ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը պարբերաբար ակտիվ հանդիպումների մեջ է եւ փորձում է նոր մարդկանց ներգրավել: ԲՀԿ ցուցակում չի լինելու Նաիրա Զոհրաբյանը, ով առաջիկայում եվրոպական երկրներից մեկում դեսպան է նշանակվելու: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այդ հանգամանքը վատ է անդրադառնալու կուսակցության համար, քանի որ վստահաբար նա այն քիչ քաղաքական գործիչներից է, ով քաղաքական կերպար է եւ մշտապես քաղաքական դիրքորոշումներ է հայտնում: Վստահաբար նրա բացակայությունը խմբակցության վրա երեւալու է:
ՀՅԴ-ն այս ընթացքում ավելի շատ ոչ թե զբաղված է ընտրական ցուցակ կազմելով, այլ դեռ քննարկում են` առհասարակ մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Սակայն ակնհայտ է, որ մասնակցելու պարագայում իրենք կադրային առումով խնդիրների չեն հանդիպի եւ կլինեն այն նույն մարդիկ, ովքեր միշտ են եղել: Մեկ բան ակնհայտ է` նրանք առանձին են ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ ամեն դեպքում ունեն թեեւ քիչ, սակայն հավատարիմ ընտրողներ:
«Լույս» դաշինքում եւս կադրային հարցեր չեն քննարկվում, քանի որ, ամեն դեպքում, այս դաշինքում առկա են նոր, երիտասարդ եւ պատրաստված կադրեր: Նրանք վարկաբեկված կադրեր չունեն եւ կարիք չունեն նոր մարդկանց ներգրավելով` մաքրել ուժի անունը: Եվ ահա ընտրական ցուցակի առումով ամենաակտիվ գործընթացներում գտնվում է «Քաղաքացիական պայմանագիրը», որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որն այս անգամ ավելի խայտաբղետ է լինելու, քան ավագանու ընտրությունների ժամանակ: Սակայն այս անգամ ՔՊ-ն առաջնորդվելու է ոչ թե «ով մեզ հետ քայլել է», կամ «ով ՔՊ է» սկզբունքով, այլ պրոֆեսիոնալիզմով կամ քաղաքական հասունությամբ: Եվ վերջապես հնարավորություն կլինի ազատվել քայլերթին մասնակցած միջակությունից ու իսկապես լավ կադրեր կհայտնվեն խորհրդարանում:
Եվ այժմ կուսակցության պատասխանատուները պարբերաբար հանդիպումներ են ունենում տարբեր անձանց հետ, առաջարկներ անում, քննարկում, ապա արդյունքը ներկայացնում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Եվ այս ընթացքում ամեն մեկը փորձում է իր ծանոթին առաջ մղել եւ փորձել պատգամավոր դարձնել, եւ ակնհայտ է, որ այս պարագայում եւս գործելու է ծանոթ-բարեկամ-խնամի ֆակտորը, որը, սակայն, այս կուսակցության ներկայացուցիչները նախկինում բացառում էին:
Եվ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի մոտ եւս զարգացումներ են առկա, դրան զուգահեռ էլ նոր կուսակցություններ են ստեղծվում, ովքեր արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում: Այս առումով թերեւս ամենաակտիվը «Սասնա Ծռեր» կուսակցությունն է, եւ այս դեպքում նրանց անդամների ով լինելը եւս հայտնի է, սակայն կրկին փորձում են նոր մարդկանց ներգրավել: Դրան զուգահեռ վերջերս քաղաքական դաշտում ստեղծվում են նոր կուսակցություններ, ընդ որում` այնպիսի մարդկանց կողմից, ովքեր նախկինում այս կամ այն կուսակցության անդամ են եղել: Օրինակ` ՕԵԿ-ից հեռացած Էդգար Առաքելյանը վերջերս իր ընկերների հետ միասին ստեղծել է «Այլընտրանք» կուսակցությունը: Օրեր առաջ էլ տեղի ունեցավ «Հայկական երազանք» կուսակցության հիմնադիր համագումարը, որը նախատեսում է մասնակցել առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության կորիզը նախկինում լուծարված «Հայազն» կուսակցության անդամներն են: Նոր կուսակցություն էր նախաձեռնում ստեղծել նաեւ ՕԵԿ-ից հեռացած Հովհաննես Մարգարյանը:
Այս բոլոր ուժերն էլ փորձելու են ձայներ հավաքել եւ ընդգրկվել խորհրդարանի կազմում. իհարկե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում դա ավելի հեշտ կլինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա եւս այս պաշտոնին երկար չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչների ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնը իրենը չի համարում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված:

 

 

ԿՀԵՇՏԱՑՎԻ
Նախկինում, ինչպես հայտնի է, այն անձինք, ովքեր ցանկություն ունեին նշանակվել քննիչ, սովորում էին Արդարադատության ակադեմիայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագիծ է մշակել, ըստ որի` այլեւս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն` գրավոր եւ բանավոր քննություն հանձնելով: Թե ինչու են որոշել այս նախագիծը բերել եւ հեշտացնել քննիչների ընդունելության կարգը, դժվար է ասել: Ըստ ՔԿ-ի`քննիչների թվի պակասումը ազդում է կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածության, հետեւաբար նաեւ քրեական գործերի քննության արդյունավետության վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 1-ին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նկատվել է քրեական գործերի քանակի աննախադեպ աճ:

 

 

ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով նախաքննական մարմինների ղեկավարների կողմից աղմկահարույց քրեական գործերով հնչած գնահատականներին, ասաց, թե այդ առումով լրջագույն խնդիրներ ունենք: Ավելին` ըստ փաստաբանի` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը անկախացել է, սակայն կան բացառություններ. «Հետաքրքրություն չներկայացնող, հնչեղություն չունեցող գործերով դատարանները իսկապես որոշում կայացնելիս անկախ են, իսկ ահա հնչեղություն ստացած գործերով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելիս»,- ասաց նա: Ի դեպ, ըստ փաստաբանի` այժմ նախաքննական մարմինը եւս մեկ խնդրի առաջ է կանգնել, մասնավորապես հայտնի գործերով գնահատականներ են հնչեցրել, հնչեղություն ապահովել, սակայն քննության ընթացքում հակառակն է պարզվել, պետք է կարճեն գործը, սակայն չգիտեն` ինչպես վարվեն. «Այսինքն` իրենց կատարած նախորդ հայտարարությունների համար կաշկանդված են»:

 

 

ԴՐԱԿԱՆ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունները անցել են խիստ դրական մթնոլորտում: «Ես նշեցի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ կարեւորություն ունեցող հարց են, դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինչպես նաեւ հնարավոր այլ եղանակներով, եւ այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, այլ նաեւ Միացյալ Նահանգների շահերից»,- ասել է Բոլթոնը: Նշենք, որ նա Հայաստան է ժամանել նախօրեին Բաքվից:

 

 

ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆՎԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որ երկուշաբթի` հոկտեմբերի 29-ին գումարվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանում է Համաներման մասին նախագիծը: Այն վարչապետի առաջարկով արտահերթի օրակարգ պետք է ընդունվեր Նաիրա Զոհրաբյանի եւ Լենա Նազարյանի կողմից Բաբլոյանին ուղարկված նամակի հիման վրա: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` նախագիծը նիստի օրակարգից հանվել է, քանի որ ԱԺ նախագահին պետք է դիմեին նիստից հինգ օր առաջ, իսկ երկուշաբթի չի լրանում նախատեսված հինգ օրը: Ա. Բաբլոյանը սա համարել է օրենքի կոպտագույն խախտում եւ վարչապետին տեղեկացրել, որ նախագիծը չի ընդգրկում օրակարգ:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարի ժպ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության մասին որոշման նախագիծը: Վերջինիս հեղինակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն առաջարկում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը: ՀՀ վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարությունը ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել: «Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է»,- ասել է նա: Նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:




Լրահոս